ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ
առաջին Գլուխ երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ չորրորդ
Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդ Գլուխ իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ տասնմեկերորդ
Գլուխ տասներեքերորդ Գլուխ
տասնչորսերորդ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԸՆԹՐԻՔ Ես, հիշելով ու գրելով, եկել ու հասել
եմ ընդհուպ յոթանասունչորս թվականի դեկտեմբերի մեկի իրիկուն, երբ միանգամայն ինքնավստահ
ցցվեցի փոխգնդապետ Կարավանի դիմաց ու լկտիաբար հայտարարեցի, թե նկարիչ եմ, եւ, չնայած
էն տարիներին իմ հիմիկվա ամբիցիաները գոյություն չունեին էլ, բայց ես ցինիկաբար ինքս
ինձ նկարիչ ներկայացրի բազում նկարիչներ տեսած ու նրանց հետ աշխատած Կարավանին, մինչդեռ
էն ժամանակ ոչ միայն ամբիցիաներս ու մեծամտական շորշոփներս չկային, այլեւ միակ բանը,
ինչից ես ու հայրս հավասարապես վախենում էինք, հենց նկարչությունն էր: Հայրս,
մեր մայրաքաղաքի առաջին կենդանագիրը լինելով, նկարելուց ու նկարչությունից ահավոր
վախենում ու խեղճանում էր: Ինքը Երեւանի մասշտաբով լավագույն տառ ու ցուցանակ գրողն
էր ու բազմաթիվ էլ աշակերտներ էր ունեցել եւ ուներ, ու իր աշակերտներից շատերն արդեն
իսկական վարպետներ էին, եւ նրանցից ոմանք, Թերլեմեզյանն ու ինստիտուտն ավարտելով,
արդեն բավական ճանաչված նկարիչներ էին, բայց հայրս, մայրաքաղաքի առաջին կենդանագիրը
լինելով, էդպես էլ ոչ մի տեղ չսովորեց ու չավարտեց եւ նկարչությունից էլ մշտապես
սարսափում ու խեղճանում էր, որովհետեւ նկարչությունն առանձնապես էր հասկանում եւ
առանձնահատուկ սիրով էր սիրում, ու հենց դա էր պատճառը, որ, ի տարբերություն ուրիշների,
իր նկարիչ չլինելը հասկանում ու զգում էր ու հատկապես իր գույն չզգալն էր զգում,
եւ գույնն իսկապես հորս ամենաթույլ ու խոցելի տեղն էր, ու գույնից ինքը հատկապես
էր խեղճանում, եւ, չնայած ողջ Մետաքսը հորս Ժիվոպիսեց Հակոբ էր ասում, ու ողջ Շիլաչին
էլ հորս որպես Նկարիչ Հակոբ գիտեր, բայց հայրս ներքուստ իրեն հատկապես նկարիչ ու
գեղանկարիչ չէր համարում, եւ երբ իրեն Նկարիչ Հակոբ կամ Ժիվոպիսեց Հակոբ էին ասում,
իրեն թվում էր, թե ծաղրում ու ձեռ են առնում: Եվ նկարչության հանդեպ իր պատկառանքն
էր պատճառը, որ երբ յոթանասունչորս թվականի նոյեմբերի երեսունին ինձ բանակ ճամփելիս
Ֆրեդն ասաց՝ «հեչ որ չըլնի՝ իրանց կասես, որ նկարիչ ես», հայրս Ֆրեդի վրա գոռաց ու
ինձ խստորեն զգուշացրեց, որ հանկարծ էդպիսի բան չանեմ: «Կարաուլից-բանից կկանգնես
ու չես էլ զգա, թե մի տարիդ ոնց թռավ»,- ինձ իր հայրական խորհուրդը տվեց հայրս: Դեկտեմբերի
մեկին արդեն ես, Պարգեւն ու մյուսները հատկապես կարաուլ կանգնելուց էինք սարսափում,
որովհետեւ Նասոսնիում արդեն Շկարուպետայի վարորդ Սաքոն մեզ տեղեկացրել էր, որ կարաուլից
զզվելի բան չկա՝ մանավանդ գիշերները, երբ մերձկասպյան նողկալի ու ավազախառն քամիները
հունի մեջ են մտնում: Ու ես, հենց կարաուլ կանգնելու էդ ահավոր հեռանկարից սարսափահար,
բանակի իմ էդ առաջին գիշերը մնացի նկարչական իմ խցում եւ կարմիր պաստառի վրա սպիտակ
յուղաներկով ու ամենայն սիրով գրեցի՝ «ԺՈ ջՊՐՈՉրՑՉցպՑ ՊպվՖ ՍՏվրՑՌՑցՓՌՌ!», եւ երբ
նախավերջին Լ տառի վրա բելիլաս պրծավ, արդեն գիշերվա երեքն էր, եւ ես իմ խցի ներսի
դռնով մտա բեմ ու միացա տղերքին: Բեմն իմ նկարչական խցի հենց դռնից էր սկսվում,
եւ տղերքի նվագն, իհարկե, իմ խցից պարզ լսվում էր, բայց ես չորս թե հինգ ժամ էնքան
էի կլանված եղել իմ էդ առաջին լոզունգով, որ տղերքի նվագը համարյա չէի լսել, այսինքն
դեռեւս չգիտեի, որ «Պրաշչանիե սլավյանկին» մեր տղերքի բերանով ու ձեռամբ արդեն որոշակի
մարմին ու ձեւ է ստացել, եւ երբ ես բեմ մտա, իմ մեծ թմբուկն ու ծնծղաներն անկյունում
ինձ էին սպասում, ու տարերքի մեջ մտած Կիրովաբադցին, որ աջով իր շեփորն էր փչում,
իսկ ձախով դիրիժորի ժեստեր էր անում, ինձ տեսնելով՝ գոռաց. «Չեղավ, ախպեր, մենք էստեղ
կոտորվում ենք, իսկ դու քու համար հանգիստ քնել ես, հա՞»: Երբ տղերքին իմ
խուցը տարա ու ցույց տվի գրածս լոզունգը, Վալերն ասաց՝ «Արմո ջան, դու քու հացն արդեն
վերջնական գտար, մնացինք մենք», եւ Մացոն ավելացրեց. «Նախկին նկարիչը, անունը Գենա
էր, շատ ուժեղ նկարիչ էր, բայց հեչ ինքը ըսենց ուժեղ ու ըսենց սիրուն տառեր չէր գրում»:
Դուք, իհարկե, դեռեւս Մացոյին չեք ճանաչում ու նրա մասին ոչինչ չգիտեք, որովհետեւ
ես հետեւողականորեն չշարադրեցի իրադարձությունների ընթացքը եւ դա ոչ թե միտումնավոր
արեցի, այլ՝ միանգամայն ինքնաբերաբար ու բնազդաբար. միգուցե շտապեցի ժամանակից շուտ
ձեզ տեղեկացնել գրածս էդ առաջին լոզունգի մասին, ավելի ճիշտ՝ իմ էդ առաջին լոզունգի
որակի ու մակարդակի մասին: Մացոն զորամասի խոհարարն էր, ավելի ճիշտ՝ զորամասի
սպայական ճաշարանի խոհարարը, եւ երբ Շկարուպետայի վարորդ Սաքոն մեզ ուղեկցեց ճաշարան՝
ճանապարհին տեղեկացնելով, որ խոհարարը երեւանցի ու շենգավիթցի տղա է, եւ երբ մենք
ոտք դրինք Մացոյի խոհարարական տարածքը, շենգավիթցի Մացոն մեզ էնպիսի ջերմությամբ
դիմավորեց ու ամեն մեկիս էնպես գրկեց ու համբուրեց, ասես հարյուր տարվա ծանոթներ
լինեինք: Սաքոն Մացոյին նախապես արդեն ասել էր, որ գալու ենք, ու մեծ ամանով
տուշոնկան գազօջախին արդեն թշշում էր, ու շատ մեծ թավայով բարակ-բարակ կտրտած կարտոֆիլն
արդեն մյուս գազօջախին ժարիտ էր լինում, եւ թշշացող տուշոնկայի ու տապակվող կարտոֆիլի
միախառնված համատեղ բուրմունքն ուղղակի խելքահան էր անում մեզ ոչ միայն այն պատճառով,
որ արդեն ահավոր քաղցած էինք, այլեւ այն պատճառով, որ Մացոն իր գործի վարպետն էր,
ու երբ կարտոֆիլն արդեն մարմանդ կարմրում էր, Մացոն սոխը բարակ-բարակ կտրտեց ու շաղ
տվեց կարտոֆիլի վրա, հետո գազօջախի վրայից վերցրեց ու մի կողմ դրեց թշշացող ու բուրումնավետ
տուշոնկան ու հետո էլի շարունակեց սոխը բարակ-բարակ կտրտել ու նորից շաղ տալ արդեն
կարմրած կարտոֆիլի վրա, ու էդ ողջ ընթացքում մենք մեզ մի կերպ էինք զսպում, որ չհարձակվեինք
էդ, ուրեմն, թշթշացող տուշոնկայի վրա, ու Մացոն շարունակում էր սոխը բարակ-բարակ
կտրտել, ու սոխը կտրտելիս՝ Մացոյի աչքերից արցունքներն ուղղակի չռռում էին, ու մեզ
թվում էր, թե Մացոն մեր անակնկալ հայտնությունից է հուզվել ու լալիս, ու մենք զգում
էինք, որ Մացոն իր գործն առանձնահատուկ սիրով է սիրում, ու նաեւ զգում էինք, որ Մացոն
իր գործն առավել է սիրում հատկապես էն դեպքերում, երբ իր էդ գործն անում է սիրելի
մարդկանց համար: Ու մենք, որպեսզի չխաթարեինք Մացոյի մասնագիտական ու մարդասիրական
ներշնչանքն ու վրա չտայինք սպանիչ տուշոնկային, սկսեցինք լվացվել ու երբ բոլորս լվացվեցինք
պրծանք, Մացոն կես կիլոյանոցով լիքը տոմատ լցրեց արդեն իսպառ տապակված կարտոֆիլի
վրա եւ, մի կարճ ժամանակ կրակի վրա թողնելով, սեղանին երկու շարքով շարեց թիթեղյա
ափսեները, արագ-արագ կտրտեց հացը, լուսամուտից դուրս նայեց ու երեւի համոզվելով,
որ մոտակայքում ղեկավարությունից մարդ չկա, պահարանի ամենավերեւի դարակից հանեց կեսլիտրանոց
«Պշենիչնի» օղին, եւ սկսվեց մեր չնախատեսված երջանկությունը: Տոմատը, կարտոֆիլը,
տուշոնկան ու արաղն էնքան ճշգրիտ էին իրար փոխլրացնում, որ անձամբ ես չէի հիշում,
որ իմ կյանքում երբեւէ էդքան ախորժակով որեւէ բան կերած լինեմ: Մացոն Սաքոյի
պրիզիվից էր, այսինքն՝ ընդամենը վեց ամիս էր ծառայել ու դեռ տարիուկես էլ ծառայելու
ուներ, եւ ողջ զորամասում իրենցից բացի եւս երկու հայեր կային՝ նոյեմբերյանցի երկվորյակ
եղբայրներ Գրիշն ու Էդոն, որոնք Մացոյից ու Սաքոյից վեց ամիս ավել էին ծառայել, եւ
զորամասում վեց հայերիս ավելանալը եթե Սաքոյին մտածելու ու մտահոգվելու առիթ էր տվել,
ապա Մացոյին էնպես էր ոգեւորել, որ Մացոն, թեեւ բացարձակ խմող չէր, ինքն էլ հետներս
իր օղուց մի բաժակ խմեց, եւ երբ Սաքոն մեր խմելու հաշվով խորհուրդ տվեց զգուշանալ,
Մացոն Սաքոյին հանգստացնելով՝ ասաց. «Քանի ֆորմեքը հագները չի, արխային կարան խմեն»:
Քիչ անց ոտնաձայներ լսվեցին, եւ երբ ճաշարանում հայտնվեց փոխգնդապետ Կարավանը,
Մացոն արդեն հասցրել էր պահել մեր դատարկած շիշը: Երբ Կարավանը հայտնվեց,
մենք արդեն, փաստորեն, ավարտել էինք ուտելու ու խմելու գործը, որը չափազանց կարճ
էր տեւել ոչ միայն այն պատճառով, որ բոլորս էլ ահավոր քաղցած էինք, այլեւ այն պատճառով,
որ Մացոյի պատրաստած ամեն ինչը շատ համով էր, եւ, ըստ երեւույթին, փոխգնդապետ Կարավանն
էլ էր էդ կարծիքին, որովհետեւ երբ կողքի սեղանին Մացոն շարեց էդ, ուրեմն, ընդհանուր
տուշոնկայից ու կարտոֆիլից առանձնացրած Կարավանի փայը, Կարավանի աչքերն ուղղակի փայլեցին,
եւ Կարավանն աչքերը պսպղացնելով՝ Սաքոյին ու Մացոյին ապսպրեց, որ մեզ ուղեկցեն հագուստի
պահեստ, եւ, մինչ Կարավանն ախորժակով ու անշտապ կուտեր ու կվերջացներ իր բաժին տուշոնկան
ու տոմատով կարտոֆիլը, մենք արդեն հագուստի պահեստից հագած-կապած վերադարձել էինք,
եւ Կարավանը մեզ հագած-կապած տեսնելով՝ ասաց. «Զինվորական հագուստը ձեզ լավ էլ սազում
է, քաջե՛ր»: «Որ պագոններն էլ կարենք-կպցնենք, ավելի կսազի, ընկե՛ր փոխգնդապետ»,-
ասաց Մացոն: «Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր խոհարար»,- ժպտալով ասաց Կարավանն ու զինվորական
հագուստի մեջ ինձ հանկարծակի ճանաչելով ու տեղը բերելով՝ ասաց. «Ուրեմն՝ մինչեւ ամսի
հինգը լոզունգը հասցնում ենք, չէ՞, Արմո՛ւշ»: «Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ»,-
ասացի ես, եւ Կարավանն ավելացրեց. «Ուրեմն, էդ նվագելդ մեր լոզունգի գործին չի խանգարելու,
չէ՞»: «Ճիշտ այդպե՛ս»,- ասացի ես, եւ երբ Կարավանն ասաց՝ «Արմո՛ւշ, սկսում եմ քեզ
հավատալ», ես արդեն հասկացա, որ Կարավանի ասած էն առաջին Արմուշն էլ էի ես, այսինքն՝
Կարավանը ոչ միայն հիշում էր անունս, այլեւ արդեն յուրովի էր օգտագործում այն, ընդ
որում՝ միանգամայն աննախադեպ ձեւով, որովհետեւ իմ գիտակցական ու անգիտակցական կյանքում
ինձ Արմո, Արմենակ, Արմենչո, Շեկ ու նույնիսկ Կյաժ ասողներ եղել էին ու կային, ու,
չնայած ինձ երբեւէ Արմուշ ասող չէր եղել, Կարավանի Արմուշն ինձ միանգամայն հարազատ
ու սրտամոտ էր, ինչպես նաեւ՝ պարտավորեցնող, ու նաեւ դա էր պատճառը, որ երբ մենք
տղերքով վերադարձանք ակումբ, ես, նկարչական խցիս դուռն անմիջապես ներսից փակելով,
միանգամից անցա լոզունգի գործին ու տողերն ու տառերը կավիճով ու քանոնով գծելով՝
անմիջապես անցա յուղաներկին, ու կլանված լցնում ու գրում էի էդ, ուրեմն, ահագին խոշոր
տառերը, եւ երբ լոզունգի հալալ կեսն արդեն գրել-պրծել էի, նոր միայն ականջներիս ու
գիտակցությանս հասան տղերքի «Պրաշչանիե սլավյանկիի» ֆալշ ու խառնիխուռն հնչյունները,
ու ես, էդ ցաքուցրիվ ձայներն ինձանից վանելով, վերստին մոլեգին շարունակեցի գրել
իմ ու Կարավանի էդ, ուրեմն, սահմանադրական լոզունգն ընդհուպ էն պահը, երբ նախավերջին
Լ տառի վրա բելիլաս պրծավ: Իմ խցում էդ հսկա կտորը փռելն ու վրան յուղաներկով
գրելը չափազանց անհարմար էր, ու ես կարող էի բեմի երկայնքով էդ կարմիր կտորը փռել
ու տղերքի ներկայությամբ գրել սահմանադրական էդ լոզունգը, բայց ես էդ կարմիր ու երկար
կտորը ծալծլելով ու ինքս ինձ միանգամայն ավելորդ նեղություն պատճառելով՝ գրեցի էդ
խոշոր տառերը, որովհետեւ ուզում էի ոչ միայն Կարավանին անակնկալ մատուցել, այլեւ՝
տղերքին, եւ երբ Վալերն իմ գրածին նայեց ու ասաց՝ «Արմո ջան, դու քու հացն արդեն
վերջնական գտար»,- ես վերջնական ու կատարյալ երջանիկ էի: Երբ տղերքին արդեն
ցույց էի տվել գրածս լոզունգը ու երբ նորից բեմ մտա, տղերքը կլանված ու ինքնամոռաց
վերստին սկսել էին նվագել, իսկ Մացոն դահլիճի առաջին կարգի աթոռներից մեկին նստած՝
ինչ-որ բան էր կարում, եւ երբ մոտեցա իրեն, տեսա, որ Կիրովաբադցու ուսադիրներն է
կարում-կպցնում, ու ես առանց Մացոյի ասելու էդ բանը գլխի ընկա, որովհետեւ մեր մյուս
տղերքն արդեն ուսադիրներով էին, ու Կիրովաբադցին էդ պահին մայկայով էր իր դիրիժորությունն
անում, ու էդ պահի իր դիրիժորությունն ինքնամոռաց ու մոլեգին էր, որովհետեւ էդ պահին
իր շեփորն արդեն Պարգեւի ձեռին էր, ու Կիրովաբադցու երկու ձեռքերն արդեն հավասարապես
ազատ էին, ու էդ իրիկուն մեր նվագախումբը դեռեւս մեն մի շեփոր ուներ, եւ մեն մի շեփորով
ու նաեւ առանց Կիրովաբադցու՝ տղերքն արդեն, փաստորեն, դուրս էին բերում «Պրաշչանիե
սլավյանկիի» էդ, ուրեմն, միանգամայն հանդիսավոր ու միանգամայն բարդ մեղեդին, ու,
մինչ կլանված կշարունակեին իրենց նվագը, ես թռա բեմ, պատի տակից վերցրի ծնծղաները,
հարմարեցրի մեծ թմբուկի վրա ու հընթացս սկսեցի թմբկահարել ու ծնծղահարել, ու երբ
տղերքն ապշահար ինձ նայելով՝ մի պահ դադարեցրին նվագը, Կիրովաբադցին ձեռքով տղերքին
նշան արեց, որ չդադարեցնեն ու շարունակեն նվագել, ու ինքն էլ, ավելի ոգեւորվելով,
կիսամերկ շարունակեց իր դիրիժորությունը, եւ երբ մեղեդին մինչեւ վերջ հասցնելով՝
պրծանք, Կիրովաբադցին հիացած ինձ նայեց ու ճչաց. – Ճուտոն իսկակա՛ն մուզիկանտ:
– Լավ է՞ր, Վալո՛դ,- ոգեւորված հարցրի ես: – Լավը էն խոսքը չի: Մենակ
թե չասես, որ առաջին անգամ ես տարելկա ու բալշոյ բառաբան խփում,- ասաց Վալոդը: –
Առաջին անգամ եմ խփում, հո՛րս արեւ,- երդվեցի ես: – Մեկ ա՝ չեմ հավատում,-
ասաց Վալոդը.- եթե ճիշտ ես ասում, ուրեմն՝ բացարձակ սլուխ ունես: – Ինչի՞
պիտի խաբի, ա՛յ Վալոդ,- ասաց Վալերը: – Բան չունեմ ասելու, Վալեր ջան,- ասաց
Վալոդը,- եթե ճիշտ ա ասում, ուրեմն՝ բացարձակ տաղանդ ա: – Բազմակողմանի՛ տաղանդ
ա,- ճշտեց Վալերը: Ես ոչ խաբում էի ու ոչ էլ տաղանդ էի ու երաժշտականս էլ
հենց սլուխիս պատճառով էի թողել: Ես ուղղակի էդ պահին լիուլի քաղում էի Սպենդիարյանի
անվան երաժշտական դպրոցի հետ կապված իմ ու մորս երեք երկար ու ձիգ տարիների չարչարանքների
ու տառապանքների պտուղները, ու էդ մասին Կիրովաբադցուն ու տղերքին ոչինչ չասացի,
որպեսզի էդ պահի նրանց զարմանքն ու հիացմունքն առավել կատարյալ լինեին: Այդուհանդերձ,
ես աջով բառաբանին զարկելով ու ձախով ծնծղաներն իրար խփելով՝ իսկապես չէի հասկանում,
թե ինչո՞ւ է էդքան զարմացել կիրովաբադցի Վալոդը, իսկ որ ծնծղաներ ու մեծ թմբուկ կյանքումս
առաջին անգամ էի մոտիկից տեսնում, դա փաստ էր, ու եթե Վալոդն էդքան զարմացած ու հիացած
չլիներ իմ թմբուկ ու ծնծղա զարկելով, ես դժվար թե էսքան երկար-բարակ նկարագրեի էդ
փաստը: Այդուհանդերձ, Կիրովաբադցու հիացմունքն ու գովեստն էդ պահին արդեն ինձ համար
էն կարեւորությունն ու նշանակությունը չունեին, որ կարող էին ունենալ դրանից ընդամենը
երեք-չորս ժամ առաջ, որովհետեւ էդ վերջին ժամերի ընթացքում ես արդեն գրել ու համարյա
վերջացրել էի սահմանադրական իմ լոզունգն ու, ինչպես Վալերն ասաց, արդեն հացս վերջնական
գտել էի, եւ տարելկա ու բալշոյ բառաբան խփելս ինձ համար արդեն ոչ թե հաց ու փրկություն
էր, այլ ընդամենը՝ իմ կողմից տղերքին շոշափելի ու կարեւոր աջակցություն, այսինքն՝
այդուհետ բանակում իմ հիմնական գործը նկարչությունն էր լինելու, իսկ տարելկեքն ու
բալշոյ բառաբանը ձեռի հետ էի խփելու, եւ էդ հանգամանքը հավասարապես ձեռնտու էր բոլորին
ու հատկապես Շկարուպետային, որովհետեւ իմ նաեւ երաժշտական գոյությամբ, փաստորեն,
նվագախմբի մի ամբողջ հաստիք էր կրճատվում ու էդ հաստիքն ամբողջությամբ գումարվում
էր կարաուլին ու սովետական բանակի բուն գործին, իսկ իմ բուն գործն արդեն նկարչությունն
էր, ու էդ էր պատճառը, որ տարելկեքս ու բալշոյ բառաբանս մի կողմ թողնելով՝ կրկին
մտա նկարչական իմ խուցը, որպեսզի եւս մեկ անգամ հիանամ գրածս լոզունգով, եւ հիանալուց
հետո Մացոյին ձեն տվի, ու Մացոյի հետ գրածս դեռեւս թաց լոզունգը զգուշորեն տարանք
ու երկայնքով փռեցինք բեմի հետնապատի տակ, ու էդ ժամանակ տղերքը վերստին սկսել էին
ինքնամոռաց փչել իրենց գործիքները, եւ Կիրովաբադցին արդեն հագել էր Մացոյի կարած
ուսադիրներով իր համազգեստը, որովհետեւ դահլիճում բավական ցուրտ էր, ու Մացոն տեսնելով,
որ արդեն ցրտից սրթսրթում ենք, ասաց. «Տղերք ջան, ես գնամ տենամ՝ կարա՞մ ձեր շինելները
ստանամ»: Ակումբում իսկապես ցուրտ էր, եւ երբ Մացոն գնաց, Կիրովաբադցին ինձ
ասաց. «Արմո ջան, մի հատ էլ տարելկեքով ու բալշոյ բառաբանով չփորձե՞նք»: Հիմա,
երբ եւս մեկ անգամ գրեցի «տարելկեք» ու «բալշոյ բառաբան», ակամա հիշեցի Հրանտ Մաթեւոսյանին.
լուսահոգին մշտապես ասում ու կրկնում էր, որ հայերենով չափազանց դժվար է վեպ ու մանավանդ
կենցաղային վեպ գրելը, ու հիմա, «տարելկեք» ու «բալշոյ բառաբան» գրելով, ես գիտակցում
ու հասկանում եմ, որ ճշմարիտ ու հայեցի որեւէ վիպասան իրեն թույլ չէր տա իր վեպի
շրջանակներում օգտագործել էս երկու ու երեք ռուսերեն բառերը, բայց, այդուհանդերձ,
որեւէ նորմալ մարդ ու նորմալ գրող իրեն նաեւ թույլ չի տա «տարելկեքի» ու «բալշոյ
բառաբանի» փոխարեն գրել «ծնծղաներ» ու «մեծ թմբուկ» էն պարզ պատճառներով, որ նախ՝
«ծնծղա» բառն ինքն իրենով որոշակի միջնադարյան կոլորիտ ու մթնոլորտ է բերում ու հաղորդում
եւ, բացի այդ, «ծնծղան» ինքն իրենով նաեւ որոշակի տոնական մթնոլորտ է ստեղծում, ընդ
որում՝ խոսքը ոչ թե սովորական տոնի մասին է, այլ՝ միանգամայն հոգեւոր տոնի, եւ դուք
էլ եք հասկանում, որ սովետական բանակն ու Սումգայիթ նզովյալ քաղաքը որեւէ կապ չէին
կարող ունենալ ոչ միայն հոգեւոր, այլեւ ամենասովորական որեւէ տոնի հետ, այսինքն՝
«ծնծղա» բառի օգտագործումն իմ կողմից արդեն իսկ բացառվում է, իսկ ինչ վերաբերում
է «բալշոյ բառաբանի» փոխարեն «մեծ թմբուկ» գրելուն, ապա էս տարբերակը վերստին բացառվում
է էն պարզ ու միանգամայն հասկանալի պատճառով, որ «թմբուկն» իր «ուկ» վերջածանցով
արդեն իսկ իր մեջ «փոքր» իմաստն է պարունակում, այսինքն՝ «մեծ թմբուկ» ասելն ու մանավանդ
գրելն էլ անհեթեթ կլինի, ու հենց էս պահին նաեւ հիշեցի երկու հազար մեկ թվականի հայ
ժամանակակից գրականության մեր լոսանջելեսյան քննարկումը, որի ընթացքում սփյուռքահայ
մեր բանաստեղծուհիներից Վեհանուշ Թեքեյանն անձամբ ինձ ու երկու ուրիշ հայաստանցի
գրողների հրապարակավ մեղադրեց օտար ու հատկապես ռուսերեն բառեր օգտագործելու մեջ,
եւ երբ ես միանգամայն բարեկիրթ տոնով իրեն բացատրեցի, որ երբեմն ուղղակի ստիպված
ես լինում էդ օտար ու հատկապես ռուսերեն բառերին ու արտահայտություններին դիմել,
որովհետեւ հայերեն համարժեքները ոչ թե չես գտնում, այլ՝ պարզապես չկան, Վեհանուշը
լեփլեցուն դահլիճի առաջ չցանկացավ ինձ հետ վեճի բռնվել եւ առերես ինձ հետ համաձայնվելով՝
ասաց. «Օ՛քեյ»: Մինչ մենք բալշոյ բառաբանով ու տարելկեքով եւս մեկ անգամ կփորձեինք
«Պրաշչանիե սլավյանկին», Մացոն վերադարձավ՝ իր հետ բերելով մեր նոփ-նոր շինելներն
ու կեսլիտրանոց բանկայով բելիլա, եւ երբ ես հիացմունքս ու հատկապես զարմանքս հայտնեցի,
Մացոն ասաց. «Արմո ջան, իմ համար էս չաստում անհնարին բան չկա»: Մացոն, շինելներն
ու բելիլան թողնելով, նորից ակումբից դուրս գնաց, ու ես, բնականաբար, տարելկեքն ու
բալշոյ բառաբանը թողնելով՝ անմիջապես անցա լոզունգիս վերջին երկու տառերին ու բացականչական
նշանին, ու արդեն ծնկաչոք՝ բեմի երկայնքով փռած կտորի վրա էի գրում, ու, թեպետ արդեն
ողջ լոզունգն ու տառերն ինձ ամբողջապես տեսանելի էին, բայց էդպես ծնկաչոք ու չոքեչոք
գրելով՝ ես էդ երկու տառերի ու բացականչական նշանի վրա ավելի շատ չարչարվեցի ու հոգնեցի,
քան՝ ողջ լոզունգիս վրա էի չարչարվել ու հոգնել, ու հոգնելուս պատճառը ոչ միայն չոքեչոք
գրելս էր, այլեւ որ՝ արդեն գիշերվա երեքն անց էր, ու երբ արդեն վերջին երկու տառերս
գրել եւ բացականչական նշանս էլ դրել էի ու վրձիններս էի արդեն նավթով մաքրում, Մացոն
դրսի դռնից մտավ իմ արհեստանոց ու ցածրաձայն շշնջաց, որ հետը դուրս գամ: Պարզվեց,
որ էդ ընթացքում Մացոն էլի է տուշոնկա ու կարտոֆիլ պատրաստել, ու երբ ես ու ինքը
մտանք խոհանոց եւ կարտոֆիլի ու տուշոնկայի հոտերը քթիս կպան, ես հասկացա, որ մեր
առաջին ընթրիքից ահագին ժամանակ է անցել, ու լավ սովածացել եմ, ու նաեւ հասկացա,
որ տղերքն էլ ինձանից պակաս չեն չարչարվել ու լավ սովածացած կլինեն, ու երբ ես ու
Մացոն մեր բեռուբոխչով մտանք ակումբ, տղերքը դադարեցրին նվագն, ու սկսվեց մեր երկրորդ
ընթրիքը: Մացոն իր թաքստոցից եւս մեկ շիշ «Պշենիչնի» էր հանել, ու մենք իր
բերած միակ բաժակով հերթով խմեցինք ընկերության կենացը, ու դա իմ կյանքում երեւի
միակ դեպքն էր, երբ ընկերության կենացը հենց էնպես չէր ասվում ու խմվում: Երբ
վեպիս հենց էս հատվածն էի գրում ու վերապրում էի Մացոյի էն տուշոնկայի համն ու հոտը,
հանկարծ որկրամոլությունս բռնեց ու, տանից արագ-արագ դուրս գալով, վազեցի «Փեթակ»
եւ մի քանի բանկա տավարի տուշոնկա առա ու շտապ-շտապ վերադարձա տուն, եւ երբ էդ տուշոնկան
տապակած կարտոֆիլով ու տոմատով կերանք, պարզվեց, որ մեր էն խորհրդային տուշոնկան
միանգամայն ուրիշ էր, չնայած տնեցիք մեծ ախորժակով կերան, որովհետեւ յոթանասունչորսի
դեկտեմբերի մեկի մեր էն տուշոնկայից միանգամայն անտեղյակ էին։ Մինչ կուտեինք
ու ընկերության կենացը հերթով կխմեինք, Մացոն արդեն իմ ուսադիրներն էլ էր կարել,
եւ երբ ուտելու ու խմելու գործը պրծանք, Կիրովաբադցին առաջարկեց մի քիչ քնել ու հանգստանալ,
ու բոլորս անխոս համաձայնվեցինք, որովհետեւ բոլորս էլ ֆիզիկապես ու հոգեպես ահավոր
հոգնած էինք, ու քնելը մեր կյանքի ու մեր բանակային կենսագրության միակ տրամաբանական
շարունակությունն էր, չնայած դեռ պարզ չէր, թե ոնց ու որտեղ պիտի քնեինք, ու մինչ
կմտածեինք, ես հագա Մացոյի կարած ուսադիրներով համազգեստս, ու Վալերն ասաց. «Մացիկ
ախպեր, դու որ չըլնեիր, էս պագոնները մենք դժվար թե ինքնուրույն կարենայինք կարենք»:
«Գրաժդանսկիում տարուց ավել պարտնոյի աշակերտ եմ էղել, բայց հետո թարգեցի էդ գործը»,-
ասաց Մացոն: «Մենակ պագոններն ա՞,- ասաց Պարգեւը,- Մացոն մեզ ամեն հարցում, փաստորեն,
վիռուչատ արեց»: «Իմ պարտականությունն ա,- ասաց Մացոն,- վեց ամսից ավել ա՝ հայի էրես
չեմ տեսել. որ իմացա միանգամից վեց հատ հայ են բերել, քիչ մնաց ուրախությունից սիրտս
պայթեր»։ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹Գլուխ
տասնյոթերորդԳլուխ
տասնութերորդ