Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԱՆԻ ԱՍՈՐԱԳԵՏԸ

Մայիս 07,2005 00:00

Երվանդ Տեր-Մինասյանի կյանքն ու գործը 19-րդ
դարի առաջին կեսին Հառիճի վանքի եւ նրա ուսուցչի համբավը Հայաստանի տարբեր վայրերից
իր մոտ ուսանելու էր բերում շատ աշակերտների, որն էլ Հառիճի վանական դպրոցի պաշտոնապես
հիմնադրման պատճառը դարձավ: Դպրոցի առաջին ուսուցիչ Տեր-Մինասը (Մինաս Հարությունի
Վահանյանց) հմուտ գրականագետ էր, կրոնական գիտությունների մասնագետ, որը նաեւ հավաքում
եւ ընդօրինակում էր ձեռագրեր: Տեր-Մինասի վախճանից հետո նրան փոխարինում է որդին՝
Գալուստը, որը ապագա մեծանուն գիտնականի՝ Երվանդ Տեր-Մինասյանի հայրն էր: Հենց Հառիճի
վանքում էլ, հոր խնամակալության ներքո, ուսումնառության իր առաջին քայլերն է կատարում
Երվանդ Տեր-Մինասյանը: Երվանդ Գալուստի Տեր-Մինասյանը ծնվել է 1879-ի նոյեմբերի
19-ին, Արթիկի շրջանի Հառիճ գյուղում: Ուսանել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում:
Այստեղ նա ամենօրյա շփման մեջ էր այնպիսի հռչակավոր ուսուցիչների հետ, ինչպիսիք էին
Մանուկ Աբեղյանը, Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Կարապետ Տեր-Մկրտչյանը եւ այլք:
Նրա ավարտական աշխատանքը՝ «Հաղպատի ու Սանահինի վանքերը եւ նրանց նշանակությունը
հայոց պատմության մեջ», հայկական եկեղեցիների եւ վանքերի պատմության մասին առաջին
գիտական ուսումնասիրություններից էր, որը 1901-ին տպագրվում է «Արարատ» ամսագրում:
Տեր-Մինասյանին նկատում է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, որը ջանք
չի խնայում, որպեսզի շնորհալի երիտասարդին ուղարկի արտասահման՝ եվրոպական հեղինակավոր
համալսարաններից մեկում ուսանելու: 1901-1904-ին Տեր-Մինասյանը ուսանում է Լայպցիգի
եւ Բեռլինի համալսարաններում: Ժամանակին Տեր-Մինասյանը գերմաներեն գրում եւ պաշտպանում
է իր թեզը՝ «Հայ եկեղեցու հարաբերությունները ասորական եկեղեցիների հետ մինչեւ 6-րդ
դարի վերջը» թեմայով, որը ամբողջությամբ հրատարակվում է Բեռլինի գիտությունների ակադեմիայի՝
«Հին քրիստոնեական գրականության բնագրեր եւ ուսումնասիրություններ» հայտնի ժողովածուի
մեջ՝ Հառնակի եւ Գերհարդտի խմբագրությամբ: Գերմանիայում Տեր-Մինասյանն արժանանում
է նաեւ փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանի առաջին կարգի դիպլոմի: Նրա գիտական
ուսումնասիրությունները պարբերաբար տպագրվում են թե Գերմանիայում, թե Էջմիածնի պաշտոնական
ամսագրում՝ «Արարատում»: Այս ամսագրում տպագրված «Հայոց եկեղեցու վերանորոգության
խնդիրը» հոդվածը շրջադարձային նշանակություն ունեցավ նրա համար: Եկեղեցական իշխանությունը
ամսագրի միջից պատռում-հանում է արդեն տպագրված հոդվածը եւ հրապարակավ այրում Էջմիածնի
տպարանի բակում: Երվանդ Տեր-Մինասյանն ազատվում է զբաղեցրած բոլոր պաշտոններից, հոգեւորականի
կոչումից, բայց հավատարիմ է մնում իր տեսակետներին: Երվանդ Տեր-Մինասյանը
հետազոտել էր հայ եւ ասորի ժողովուրդների փոխադարձ ազդեցությունները հնագույն ժամանակներից
մինչեւ 13-րդ դարի կեսերը, լուսաբանել Հայաստանում քրիստոնեության քարոզչության միջնադարյան
կենտրոնների, եկեղեցական ժողովների վերաբերյալ բոլոր առանցքային նշանակություն ունեցող
խնդիրները, խոսել ասորական եկեղեցիների, ասորիների դավանած բոլոր ուղղությունների
մասին: Նրա գործերում արժեքավոր տեղեկություններ են տրվում նաեւ հայոց լեզվի պատմության
եւ գրավոր մշակույթի, հայոց տառերի գյուտի, թարգմանչաց դպրոցի գործունեության, հայոց,
վրաց եւ աղվանից գրերի ստեղծման գործում Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի դերերի մասին:
Նա առաջինն էր, որ կայուն հիմքերի վրա դրեց եկեղեցու եւ կրոնի պատմության գործը.
կարճ ընդմիջումներով լույս ընծայվեցին նախ «Ընդհանուր եկեղեցական պատմություն» մեծածավալ
աշխատությունը (1908թ.), մեկ տարի անց՝ «Կրոնների պատմությունը», որը դասագիրք է
եղել ճեմարանի ուսանողների համար (ոչ միայն Հայաստանում): 1957-ին նա բազմաթիվ
ձեռագրերի համեմատության հիման վրա հրատարակում է Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց
պատերազմին» բնագիրը՝ չափազանց արժեքավոր ծանոթագրություններով հանդերձ, որոնք իրենց
գիտական արժեքը չեն կորցրել առ այսօր: Հեղինակը քաջատեղյակ էր նաեւ աղանդների պատմությանը
եւ իր մի շարք աշխատություններում լուրջ քննության է առնում մի քանի աղանդավորական
շարժումների ծագման պատճառները, որոնք կարեւոր նշանակություն ունեին թե հայոց, թե
ընդհանուր պատմության համար: Բավական հետաքրքրական են նրա դիտարկումները. համաձայն
դրանց՝ աղանդների գոյությունը սոցիալ-քաղաքական երեւույթ է, ճնշման եւ հարստահարության
հետեւանք: Այս հիմունքով էլ աղանդավորական շարժումները տարածվում են հիմնականում
Արեւելքի բոլոր ժողովուրդների մեջ: Հիշատակման արժանի է մեծ գիտնականի ներդրումը
ԳԱ պատմության ինստիտուտի հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի
ստեղծման, ինչպես նաեւ հայ բառարանագիտության զարգացման գործում: Նա մասնակցել է
մի շարք հայ-ռուսերեն, ռուս-հայերեն, գերմաներեն, ինչպես նաեւ փիլիսոփայական եւ տերմինաբանական
բառարանների ստեղծման աշխատանքներին: Երվանդ Տեր-Մինասյան գիտնականի վաստակն
ու ներդրումը գնահատվում էր նաեւ իր կենդանության օրոք. դեռեւս սրանից 25 տարի առաջ
երիտասարդ մասնագետ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հոդվածում լուծված էր համարում հայ-ասորական
եկեղեցական, դավանաբանական հարաբերությունների խնդիրը՝ համարելով Տեր-Մինասյանին
գիտության այդ բնագավառի հիմնադիրը եւ անգերազանցելի հետազոտողը: ԱՐԹՈՒՐ
ՀՈՎՍԵՓՅԱՆԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել