Այդ հնարավորությունը զուտ տեսական է, որովհետեւ անցնելու է սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի տարբերակը:
Խորհրդարանական արտահերթ նիստը երեկ վաղ առավոտյան քվորումի բացակայության պատճառով չսկսվեց: Ճիշտ է, վարպետ «կոճակ սեղմողները» ջանասիրաբար ձեռնամուխ եղան իրենց պարտականությունների կատարմանը, բայց այնքան ոգեւորվեցին, որ սեղմեցին «խելքից դուրս» թվով կոճակներ, մինչդեռ դահլիճն ակնհայտորեն կիսադատարկ էր: Այս վիճակի դեմ բողոքեց ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ կրկնակի հերթագրում պահանջեց: Դրանից հետո պարզ դարձավ, որ դահլիճում 60 պատգամավոր անգամ չկար: Մոտ մեկ ժամվա ընթացքում թվաքանակն ապահովվեց, եւ 16 պատգամավորի կենդանի ներկայությամբ խորհրդարանը դարձյալ ունկնդրեց սադոյանական մեղեդին: Հիշեցնենք, որ պարոն Սադոյանը ամբիոնի մոտ էր դեռ նախորդ օրվանից եւ, այսօր շարունակելով, մինչեւ վերջ ներկայացրեց իր սահմանադրական ստեղծագործությունը: Ընթացքում ներկա պատգամավորները նույնպես սկսեցին կամաց-կամաց դուրս գալ դահլիճից, եւ ինչ-որ պահի մնացին միայն ՄԱԿ-ը, Սադոյանը եւ նիստը նախագահող Տիգրան Թորոսյանը:
Վերջապես ժամը 15-ի սահմաններում իր սահմանադրական նախագիծը ներկայացնելու հնարավորություն ստացավ նաեւ ՄԱԿ խմբակցությունը: Գրիգոր Ղոնջեյանը յուրաքանչյուր գլուխը ներկայացրեց բավականին մանրամասն եւ (որն էական է) հասկանալի: (Նախագծերը մանրամասն ներկայացրել ենք «Առավոտի» նախորդ համարներում)։ Անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը հայտարարեց, որ եթե ՄԱԿ-ի նախագծում կոնկրետանա նաեւ մարզպետների ընտրովի լինելու հանգամանքը, ապա ինքը կդառնա ՄԱԿ-ի նախագծի «ագիտացիա անողը»:
Թեպետ այդպես էլ նիստերի դահլիճ չմտան ոչ «Ազգային միաբանություն» եւ ոչ էլ «Արդարություն» խմբակցությունները, սակայն Վիկտոր Դալլաքյանը երեկ իր կարծիքը հայտնելու առիթը բաց չթողեց: Նա լրագրողներին ասաց, որ այս Սահմանադրությունը Ռոբերտ Քոչարյանը փորձելու է դարձնել իր իրավահաջորդի եւ իր համար երաշխիքների Սահմանադրություն: Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ, կոալիցիան իր Սահմանադրության տարբերակով նախագահին շնորհել է 11 նոր լիազորություններ: Մասնավորապես, նախագահն է պետական պաշտոններում նշանակումներ անում, այսինքն՝ նա է նշանակելու հանձնաժողովների նախագահներին, նաեւ այնպիսի հանձնաժողովների, ինչպիսին ՀՌԱՀ-ն է, դատախազին նշանակում է առանց վարչապետի ներկայացման: Կարող է կասեցնել կառավարության որոշումը եւ դիմել Սահմանադրական դատարան: Մարզպետներին նշանակում է նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ, այն դեպքում, երբ այսօր կառավարությունն է նշանակում, եւ այլն: Վիկտոր Դալլաքյանն այս ամենից ենթադրում է, որ ապրելու ենք ուժեղ նախագահական երկրում: Նույնիսկ այն կետերը, որտեղ նշվում է, թե նախագահը այս կամ այն բանն անում է «վարչապետի հետ խորհրդակցելով», ըստ Վիկտոր Դալլաքյանի, ոչինչ չի նշանակում, որովհետեւ վարչապետին նշանակում եւ ազատում է նախագահը, եւ վարչապետը խորհրդակցելու փոխարեն միայն համաձայնելու է նախագահի առաջարկի հետ: Հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովը քաղաքական հայտարարություն է արել սահմանադրական փոփոխությունների տարբերակը քաղաքական համաձայնության մթնոլորտում ընդունելու մասին: Սակայն, որքան երեւաց երեկվա քննարկումներից, խորհրդարանական ոչ մի ուժ հակված չէ քննարկվող նախագծերը ի մի բերել ու ունենալ մեկ միասնական տարբերակ: Ըստ Արշակ Սադոյանի, կոալիցիան կարծես «որոշակի ծրագիր է վերցրել՝ արագացված անցկացնել իրենց նախագիծը՝ իրենց արհեստական մեծամասնությամբ, եւ չնայած ես գուշակություններ չեմ անում, բայց կարող եմ ասել՝ նկարովի Սահմանադրության հավանականությունն ավելի մեծ է»:
ՕԵԿ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի կարծիքով, քննարկվող նախագծերը սկզբունքային հարցերով բավականին նման են. «Եվ ցանկալի կլինի, որ մենք ընդհանրացված նախագծով հանդես գանք»: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին հարցրինք՝ ինքը հնարավոր համարո՞ւմ է քննարկումների արդյունքում մեկ միասնական նախագիծ ունենալը, եթե հիմքում չլինի ՄԱԿ-ի տարբերակը: Պարոն Արսենյանն ասաց, որ իրենք ներկայացրել են մի նախագիծ, որը «կոնցեպտուալ լուրջ տարբերություններ ունի կոալիցիայի նախագծից: Համատեղել տարբեր դասերի պատկանող բաները՝ անհնար է: Համատեղել հնարավոր է միայն մեկ պարագայում, եթե սկզբունքային փոփոխություններ կատարվեն կամ մեր նախագծում, կամ՝ իրենց: Մենք մեր նախագծում սկզբունքային փոփոխություն կատարելու որեւէ ցանկություն չունենք, որովհետեւ մենք, մեր կարծիքով, ներկայացրել ենք այն լավագույն տարբերակը, որը համապատասխանում է Հայաստան երկրի շահերին, պետականության, ինքնիշխանության պահպանմանը, մեր ժողովրդի նպատակներին եւ այն բոլոր պահանջներին, որ մենք ստանձնել ենք ԵԽ ընդունվելուց»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք միշտ էլ ձգտել են արդյունքում ունենալ մեկ միասնական նախագիծ. «Կարծում եմ, եթե նախագծերից որեւէ մեկը հիմք դառնա, իսկ բնական է, որ մենք մեր տարբերակն ենք պնդելու, այդ դեպքում հնարավոր կլինի բանակցել եւ ինչ-որ բաներ վերցնել նաեւ մյուս երկու տարբերակներից»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ