Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ է դեսպանատան տարածքն այդքան մեծ

Մայիս 07,2005 00:00

ԱՄՆ
դեսպան Ջոն Էվանսը, հավանաբար, հոգնել է այդ հարցից Երեւանի Ամերիկյան
պողոտա 1 հասցեում երեկ բացվեց Հայաստանում ամերիկյան դեսպանատան նորակառույց շենքը՝
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախարարների եւ այլ
պաշտոնատարների մասնակցությամբ: Նախքան տանտերերն ու հյուրերը կժամանեին,
փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին պատասխանեց լրագրողների հարցերին, որից հետեւեց հատուկ
լրագրողական «մինի էքսկուրսիայի» նոր շենքում: Նորակառույց դեսպանատունը կազմված
է հինգ շենքերից: Այն զբաղեցնում է Երեւանյան լճին հարող 90 հազար քմ տարածքը: Հիմնական
շենքը զբաղեցնում է 14 հազար քմ: Մեր «գիդը» պարզաբանեց, որ սխալ են տարածված տեղեկություններն
այն մասին, թե Հայաստանում ամերիկյան դեսպանատան այս շենքը աշխարհում ամենամեծն է:
Շենքն իր չափերով մեծ է, սակայն ամերիկյան դեսպանատներից խոշորագույնը չէ: Փոխարենը
հողատարածքն իր չափերով ամենամեծերի շարքում է: Դեսպանատան կառուցման սկզբից եւեթ
խոսվում էր այն մասին, որ մաքուր էկոլոգիական միջավայրին սովոր ամերիկացիները տեղափոխվելուց
առաջ պետք է հիմնովին մաքրեն լճի հատակի տիղմը: «Լճի համար մենք լավ հարեւաններ կլինենք,
այն չենք աղտոտի: Չնայած լիճը մեր սեփականությունը չի, այնուամենայնիվ մենք կաջակցենք
իրականացնել վերեւից լիճ հոսող ջրի մաքրման աշխատանքներին»,- խոստացավ Է. Գոդֆրին:
Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց խոսքում հիշեցնում էին, որ շենքի կառուցման
շնորհիվ Հայաստանի տնտեսությունը 18 միլիոն դոլարով հարստացել է եւ որ շենքը դեսպանատան
սեփականությունն է: ԱՄՆ սեփականություն է նաեւ Բաղրամյան պողոտայում նախկին «կոմսոմոլի
շենքը», որը ամերիկացիները վաճառելու են: Շենքի ծավալների մեծացման հետ մեկտեղ շատացել
են նաեւ դեսպանատան մատուցած ծառայությունները: Օրինակ, ամեն օր ժամը 13-17-ը յուրաքանչյուր
քաղաքացի անվճար կարող է օգտվել դեսպանատան գրադարանից: Վերջապես «մարդու տեղ են
դրել» ԱՄՆ մեկնել ցանկացողներին՝ վիզա ստացողները պատերի տակ շարվելու փոխարեն (ինչպես
դա Բաղրամյան պողոտայում էր) կնստեն սպասասրահում: Դեսպանատան այգին կզարդարեն ոչ
թե հայկական, այլ Իտալիայից բերված ծառերը: Ջոն Էվանսը, հավանաբար հոգնած հաճախ կրկնվող
հարցից, թե ինչու է դեսպանատունն այդքան մեծ, իր ելույթում ասաց, որ դա իրենց աշխատակիցների
անվտանգությունը ապահովելու, ավելի շատ մեքենաներ կայանելու եւ այլ հարմարավետությունների
համար է: Անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղյան հարցին: Այս հարցը մշտապես հնչում է բոլոր
դեսպանների բոլոր ասուլիսներին եւ պատասխանն էլ լրագրողների համար գրեթե նույն բովանդակությունն
ունի՝ «արդարացի լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ն պատրաստ է օգնել եւ Երեւանին, եւ
Բաքվին»: «Հայկական ծագումով միլիոնավոր ամերիկացիներ հարստացնում են Ամերիկան եւ
մեծ դեր խաղում Միացյալ Նահանգների մշակույթի եւ այլ ոլորտներում»,- ասաց Էվանսը:
Նաեւ ավելացրեց. «15 տարում Հայաստանը այնպիսի առաջընթաց է ունեցել, որ այսօր բավարարում
է նախագահ Բուշի նորարարական հատուկ աջակցության՝ Հազարամյակի մարտահրավերների ծրագրի
պահանջներին: Բոլոր հիմքերը կան կարծելու, որ հետագայում եւս կբավարարի այս ծրագրերին»:
Ուշագրավ էր, որ նորակառույց դեսպանատունն օրհնելու եկած հայ հոգեւորականը
իր ողջույնի խոսքն ասաց անգլերեն, հետո աղոթք արեց հայերեն: Հ.
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել