Խոսքը Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ենթակայության
տակ գտնվող «Հաղթանակ» զբոսայգու մասին է «Հաղթանակ» զբոսայգին մայրաքաղաքի,
թերեւս, ամենամեծ, մարդաշատ ու հաճելի հանգստավայրերից է: Հանգստից բացի, մարդիկ
այստեղ են գալիս իրենց խոնարհումը բերելու 2-րդ աշխարհամարտում եւ Արցախյան գոյապայքարում
զոհված ու անհայտ կորած հազարավոր հայորդիների հիշատակի առջեւ՝ այցելելով «Մայր Հայաստան»
հուշարձանի պատվանդանում տեղավորված զինվորական թանգարան: Իմ եւ ընտանիքիս անդամների
այստեղ այցելելու օրը շաբաթ երեկո էր: Մեքենան հին օրերի սովորությամբ կանգնեցրի
Ուլնեցու փողոցում ու ոտքով իջանք դեպի հուշարձան: Մինչեւ այստեղ հասնելը՝ տասնյակ
մակնիշի ու տեսակի մեքենաներ՝ սպառնալով հետիոտներիս անվտանգությանը, սլացան ուղիղ
հուշարձանին հարող տարածք: Շատերն էլ տեղավորվել էին հենց «Անհայտ զինվորի» հուշարձանի
դեմ-դիմաց: Մի այնպիսի ժխոր, աղմուկ-աղաղակ էր շրջապատում, այսպես կոչված՝ երաժշտություն,
որի համեմատ ԱԼՄ-ի երգիչները դասականներ կհամարվեին: Շուրջբոլորը՝ դատարկ պլաստիկե
շշեր, պաղպաղակի թղթեր, կերակրի մնացորդներ: Մեքենաների այդ բազմությունը տեսնելով,
ավագ որդիս վրդովվեց. «Հայրիկ, ինչպես միշտ, բոլորին կարելի է, իսկ մեզ ո՞չ: Մեքենան
բերեիր այստեղ, համ ապահով կլիներ, համ էլ չէինք հոգնի, անձրեւի դեպքում էլ չէինք
թրջվի»: Անսալով տղայիս հորդորներին, մեքենաս բերեցի «կայանատեղ»: Կնոջս հետ
հիշեցինք, որ ժամանակին այստեղ նույնիսկ երկրի առաջին դեմքերի մեքենաների մուտքն
էր արգելված: Հանկարծ արգելակների ուժեղ ճռռոց ու երեխայի լեղապատառ ճիչ լսեցինք:
Մինչ փոքրիկի ծնողները օգնության կհասնեին, ես վազելով մոտեցա, վերցրի երեխային,
իսկ «վարորդուհու» կողքին նստած հաստավիզ երիտասարդը դժկամությամբ արտաբերեց. «Էրեխեքին
անտեր-անտիրական են թողնում՝ չեք թողում խեղճ աղջկան ավտո քշել սովորի»: Ասացի՝
երիտասարդ, սա զբոսայգի է եւ ոչ թե ավտոպոլիգոն, դրա համար ուրիշ տեղեր կան: «Լսիր,
շառդ քաշի գնա, թե չէ վատ կըլնի»,- եզրափակեց զրոների առատությամբ աչքի ընկնող «Մերսեդեսի»
ջահել տերն ու քշեցին-գնացին: Ավելորդ է ասել, որ հանգստի տրամադրություններս
հիմնովին փչացավ ու բռնեցինք տունդարձի ճամփան: Երբ նստեցինք մեքենա, հապշտապ մոտեցավ
միջին տարիքի մի մարդ՝ կրծքին ինքնությունը հաստատող «բաջ»-ով ու պահանջեց կայանման
վճարը: Ի՞նչ վճար, այգին կայանատեղի՞ է դարձել հարցիս պատասխանեց, թե «Փողս տուր,
գնա ում ուզում ես բողոքիր» ու վերցրեց 200 դրամանոցը: Հիմա ես բողոքս ուղղում
եմ Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի ենթակայությանն
է զինվորական թանգարանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանին, «Հաղթանակ» զբոսայգու տնօրինությանը.
պարոնա՛յք, ո՞վ է ձեզ թույլ տվել պղծելու մեր հայրերի ու պապերի հիշատակը՝ Անհայտ
զինվորի հուշարձանը, մեծն Ռաֆայել Իսրայելյանի հոյակերտ «մոնումենտը» դարձնելով փող
աշխատելու միջոց, ո՞վ է թույլ տվել խանգարելու մեկ-երկու ժամով հանգստի եկած մարդկանց
անդորրը: Պիտի մնա՞, վերջապես, որեւէ սրբություն, թե՞ ամենազոր «կանաչը» կուրացրել
է բոլորիդ, դարձրել դրամի գերի: ՌՈՒԲԵՆ ԶԱՔԱՐՅԱՆՆորքի
I զանգվածի բնակիչ