Զորահանդես
Ստեփանակերտում Աստծո նախախնամությամբ, թե մարդկանց կամոք, չգիտեմ, բայց երկրորդ
աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը համընկավ մեր ազգային
հաղթանակի՝ Շուշիի ազատագրման օրվա հետ: Ու թերեւս հայտնի չէ, կնշվեր այսքան շուքով
ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակը, եթե չլիներ մեր համեստ տարելիցը՝ Շուշիի
ազատագրման երրորդ գարունը: Եթե չլիներ մեր բանակի հաղթական երթի սկիզբը, մեր ազգային
հպարտության սկիզբը՝ 1992-ի մայիսի 9-ը: Երեք տարի անց, 1995-ի մայիսի 9-ին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր մայրաքաղաքով, շրջկենտրոններով ու գյուղերով,
իր վիշտ ու արհավիրք ապրած, բայց ամուր, անպարտ ու համառ ժողովրդով տոնում է մեր
բոլորի հպարտության տոնը՝ Շուշիի ազատագրման տարելիցը: Կենտրոնական տրիբունա
են բարձրանում ԼՂՀ ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը, անվտանգության
խորհրդի անդամները, Հայաստանի պետնախարար Վազգեն Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ
Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը: Զորահանդեսի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության փոխնախարար
գեներալ-մայոր Սեյրան Օհանյանը զեկուցում է պաշտպանության նախարար, զորահանդեսն ընդունող
գեներալ-մայոր Սամվել Բաբայանին. «Պարոն գեներալ, ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները,
ի նշանավորումն Մեծ հայրենականում տարած հաղթանակի 50-ամյակի եւ Շուշիի ազատագրման
3-րդ տարելիցի, շարված են»: Հնչում է զինվորական քայլերգը եւ ԼՂՀ պաշտպանության նախարարը
մեքենայով անցնում է հրապարակով, ողջունում զինվորներին եւ շնորհավորում նրանց՝ նշանակալից
երկու տարեդարձերի կապակցությամբ: Մինչ գեներալ-մայոր Սամվել Բաբայանը անցնում
է շարքերով, եւ զինվորական ողջույնը երկինք է բարձրանում, խնդրում եմ իրենց տպավորությունները
կիսել Հայաստանից ժամանած հյուրերին. Արա Սահակյան, ՀՀ ԳԽ առաջին փոխնախագահ.-
Հրաշալի տոն է: Ճիշտ է, որ Ղարաբաղում մայիսի 9-ի տոնը հատուկ է նշվում, որովհետեւ
բազմիցս ասվել է, որ երկրորդ աշխարհամարտում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր նշանակալի
ներդրումն էր ունեցել՝ մեծագույն զոհողությունների գնով: Սովետական Միության հերոսների
եւ «Մարտական փառք» շքանշանի ասպետների շարքում Լեռնային Ղարաբաղի զավակները փառավոր
տեղ ունեն: Այս տոնը համընկնում է Շուշիի ազատագրման երրորդ տարելիցի հետ եւ այս
առումով Ղարաբաղի ժողովրդի համար կրկնակի տոն է, որովհետեւ 1992-ի մայիսը ԼՂՀ մայրաքաղաքի,
Ղարաբաղի կենտրոնական շրջանի ազատագրման սկիզբը դրեց, որը ավարտվեց Հայաստանի Հանրապետության
հետ նրա փաստական միացմամբ, Լաչինի միջանցքի ազատագրումով: Եթե Սովետական Միության
ժողովրդի պատմության մեջ նշվում է մայիսի 9-ը, ապա Լեռնային Ղարաբաղում այն նոր բովանդակություն
է ստանում: Մայիսի 9-ը Ղարաբաղի հաղթանակի տոնն է, շնորհավորում եմ բոլորին: Երջանկություն
եւ հաջողություն եմ մաղթում: Շահեն Կարամանուկյան, ՀՀ նախագահի աշխատակազմի
ղեկավար.- Ցնցված եմ այս ամենով, սքանչելի տոն է, հրաշալի կազմակերպված զորահանդես:
Փառք ու պատիվ Ղարաբաղի բանակին, նրա հրամանատարներին եւ զինվորներին: Սմբատ
Այվազյան, ՀՀ ԳԽ պատգամավոր.- Ցնցված եմ տեսնելով, որ ԼՂՀ բանակը կայացել է: Ղարաբաղի
բանակն այսօր, առանց կասկածի, կարելի է համեմատել լավագույն ժամանակների սովետական
բանակի հետ: Վստահ եմ, Ղարաբաղի պաշտպանությունը ամուր ձեռքերում է եւ այս զորահանդեսը
դրա փայլուն ապացույցն է: Նազիկ Ամիրյան, ԼՂՀ բանակի մայոր.- Շնորհավորում
եմ բոլոր զինվորներին, հրամանատարներին այս օրվա առթիվ: Վերջին տարիների ընթացքում
սա եզակի տոն է: 1992-ի մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրումը սկիզբն էր մեր հետագա բոլոր
հաղթանակների: Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյան.- Կրկնակի, եզակի տոն է մեզ համար:
Շուշիի հաղթանակով մենք երկրորդ եղեռնից խուսափեցինք: Հազար անգամ փառք Աստծուն,
որ մեր ժողովրդին այսպիսի հաղթանակների է արժանացրել: Վազգեն Սարգսյան, ՀՀ
պետնախարար.- Դառնության եւ ուրախության բազմաթիվ օրեր եմ հիշում՝ մեկը մյուսին հաջորդող:
Պատերազմն այդպիսի բան է: Բայց կարեւորը վերջնական արդյունքն է: Զորահանդեսը շատ
գեղեցիկ էր: Ղարաբաղցիները ինչպես որ կռվում էին, այդպես էլ տոնեցին իրենց հաղթանակը:
Վերջնական արդյունքը այն կլինի, որ թշնամին ստորագրի իր կապիտուլյացիան եւ դրանով
խաղաղություն հաստատվի: Զորահանդեսները, շքերթները շատ կարեւոր եմ համարում,
շատ ճիշտ՝ զինվորների, ազգի, բանակի ոգին բարձրացնելու համար: Բայց որպեսզի շքերթներին
հատկացված ժամանակները հետո դառնությամբ չհիշենք, պիտի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր
ժամ ուժեղացնենք բանակի մարտական պատրաստվածությունը: Կրկնում եմ՝ վերջնական հաղթանակին
հասնելու համար դեռեւս քայլեր կան, որոնք պետք է ազգովին անենք: ԱԼՎԱՐԴ
ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ«Հայք», 11 մայիսի 1995թ.