Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մուժիկները

Մայիս 07,2005 00:00

Մուժիկները
Ինչպես երեւում է, Մեծ հայրենականի 60-ամյակի տոնակատարությունների
նախաշեմին Մոսկվան վերջնականապես կորցրել է իրականության զգացողությունը եւ առանց
իրեն հաշիվ տալու մեկը մյուսի ետեւից դիվանագիտական տխմարություններ է թույլ տալիս:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, որ իր մոսկովյան ճամփորդության
երթուղին իր մեջ կներառի նաեւ կանգառներ Լատվիայում եւ Վրաստանում, Ռուսաստանի ԱԳ
նախարար Սերգեյ Լավրովը դիմեց աննախադեպ մի քայլի. նա այդ՝ իր կարծիքով խիստ քաղաքականացված
եւ Ռուսաստանի համար վիրավորական տարրեր պարունակող երթուղու կապակցությամբ բողոքի
մի նամակ հղեց ամերիկացի իր պաշտոնակից Քոնդոլիզա Ռայսին: Նամակի բովանդակությունը
թեեւ հայտնի չէ, սակայն, որոշ տեղեկություններով, դրանում առկա է շատ խիստ շեշտադրություն:
Ավելին, Պետդեպում այդ գրությունը գնահատվել է ոչ այլ կերպ, քան «ՌԴ ԱԳՆ ղեկավարի
ձեռնարկած կտրուկ դեմարշ՝ ուղղված Բուշի երթուղու դեմ»: Դրանով հանդերձ, The New
York Times-ը տեղեկացնում է, որ Սպիտակ տանը Լավրովի նամակից առանձնապես լեղաճաք
չեն եղել, իսկ ինքը՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն անմիջապես պատասխան գրություն
է ուղարկել Լավրովին, որում միայն ռուս պաշտոնատարին ուղղվող նամակին սազական հիանալի
պարզությամբ արձանագրել է. «Նախագահ Բուշը կարող է այցելել ցանկացած երկիր, ուր միայն
կկամենա»: Ռուսաստանը վրդովված է որոշ արեւելաեվրոպական երկրների եւ հատկապես
Մերձբալթյան հանրապետությունների՝ Երկրորդ համաշխարհայինին հաջորդած իրադարձությունների
պաշտոնական վերաիմաստավորումից եւ բավականաչափ նյարդայնորեն է արձագանքում ցանկացած
նման դրսեւորման: Նշենք, որ Մերձբալթյան երկրներում եւ հատկապես՝ Լատվիայում 1945թ.
ֆաշիզմի լծից ազատագրվելու հանգամանքն ամենեւին որպես տոն չի ընկալվում, քանզի, ինչպես
այնտեղ ասում են՝ մի սոսկալի բռնապետությանը փոխարինելու եկավ մեկ այլ՝ ոչ պակաս
սոսկալի բռնապետություն, ուստի եւ՝ տոնելու բան էլ չկա: Իսկ Մոսկվայում նման
«մանր-մունր» մեղադրանքների մասին լսել անգամ չեն ուզում: Եվ առհասարակ, Ռուսաստանում,
ինչպես հայտնի է, սովոր չեն գերակշռող կարծիքից դույզն-իսկ տարբերվող այլ կարծիքներ
լսելու վրա թանկարժեք ժամանակ ծախսել: Հետեւապես, Բուշի մտադրությունը՝ այցելել Ռիգա,
Մոսկվայում սվիններով են ընդունել: Փոքր-ինչ այլ է Վրաստանի պարագան: Այս դեպքում
կրեմլյան «պայծառ գլուխների» տրամաբանությունն ուղղակի զինաթափող է: Եթե Բուշը գիտի,
որ մենք Վրաստանի հետ խնդիրներ ունենք, ուրեմն ինչո՞ւ է նա իր մոսկովյան այցը ստվերում
նաեւ Թբիլիսի այցելելու մտադրությամբ, ինչո՞ւ է նա նման ցավոտ ապտակ հասցնում մեզ:
Ահա մոտավորապես այսպիսի «հանճարեղ» մտքեր են այս օրերին զբաղեցնում Բուշի երթուղուց
խիստ նեղացած ռուս պետական այրերի գլուխները: Չնայած այս ամենին, Մոսկվայում հատուկ
մոտեցում կա, ասենք, այն իրավիճակի նկատմամբ, երբ ի հեճուկս ողջ միջազգային հանրության`
Ռուսաստանը հրթիռներ է վաճառում իզգոյ երկրներին: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել