Կոալիցիան դադարեց պայքարել քաղաքականություն ներթափանցած քրեական տարրերի դեմ
Երեկ տեղի ունեցավ, այսպես կոչված, միջկուսակցական երրորդ նիստը: Հիշեցնենք, որ այս գործընթացը սկսվեց ապրիլի 20-ին, Սեւանում «Նոր ժամանակներ» կուսակցության հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած դեպքերը դատապարտող հայտարարությամբ, որից հետո կուսակցությունները որոշեցին քաղաքական ասպարեզ մուտք գործած քրեական տարրերի դեմ պայքար սկսել: Երեկ որոշվեց ձեւավորել աշխատանքային խումբ, որը համակարգելու է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Խմբում կլինեն պատգամավորներ, որպեսզի իրավասություններ ունենան որոշ հարցերին հնչեղություն տալու: Պայքարի ձեւի վերջնական ընտրությունը կանի կուսակցությունների խորհուրդը: Որոշվել է ձեւվաորել նաեւ միջկուսակցական կոնսուլտացիոն մարմին: «Արդյոք ուժ կօգտագործվի՞ քաղաքական ասպարեզում առկա քրեածին տարրերի նկատմամբ»,- հարցին ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Մենք եւ ժողովրդի, եւ քաղաքական ուժերի հնարավորությունները կօգտագործենք՝ թույլ չտալու համար, որպեսզի քրեականները կարողանան գործել: Գլխավոր դերը մեր համախմբվածությունն է խաղալու, իսկ թե ի՞նչ կանենք՝ իրադարձությունները ցույց կտան»:
Կոալիցիան այս անգամ եւս չէր եկել հանդիպման: Ներկա չէին նաեւ ՄԱԿ-ի, «Ժողպատգամավորի», ՀԺԱՄ-ի, ՀՀՇ-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ նախորդ անգամ կոալիցիան պատճառաբանել էր, թե մեկ շաբաթը բավարար ժամանակ չէ Սեւանի դեպքերի առիթով հարուցված քրեական գործից մանրամասներ պարզելու համար, ուստի խնդրել էին եւս մեկ շաբաթ ժամանակ: Իսկ այս անգամվա բացակայությունն ի՞նչ կերպ է պատճառաբանվում. «Մենք տեղյակ չենք իրենց չմասնակցելու պատճառների մասին: Գուցե այն է, որ այսօր ե՞ւս շարունակվում է սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումները»,- հեգնեց Արամ Գ. Սարգսյանը եւ հավելեց, որ հայտարարությունը ստորագրած բոլոր կուսակցություններին տեղեկացվել է հանդիպման մասին: «Այս պասիվությունն ինչ-որ չափով կապվա՞ծ է նախագահի այն հայտարարության հետ, որ թյուրիմացության մեջ են գցել կուսակցություններին»,- հարցին ի պատասխան` Արամ Գասպարիչը նկատեց. «Իմ կարծիքով՝ այո, բայց լավ կլիներ իրենց հարցներք, թե Քոչարյանի նկատողությունից հետո ինչո՞ւ սկսեցին չմասնակցել»: Հիշեցնենք, որ նախագահի այդ հայտարարությունից հետո, տարբեր հարցազրույցներում, կոալիցիայի անդամներն ասել էին, որ իրենք թյուրիմացության եւ անհարմար կացության մեջ չեն ընկել: Ավելին՝ գիտակցել են ինչ են անում:
Իսկ «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը՝ ի պատասխան «Առավոտի» դիտարկման՝ «Արդյո՞ք իր ղեկավարած կուսակցությունն ու ՀՌԱԿ-ը կշարունակեն ՀԺԱՄ-ի հետ համագործակցությունն այն բանից հետո, երբ այդ կուսակցությունը եւս միանալով դատապարտող հայտարարությանը, նախագահի դիտողությունից հետո իր ստորագրությունը հերքող այլ հայտարարություն տարածեց», ասաց, որ իրենց համագործակցությունը որոշակի հարցերի շուրջ է միայն եւ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ուղին: Իսկ ընդհանրապես, պարոն Վարդապետյանը հիացած չէ Սեյրան Ավագյանի (ՀԺԱՄ-ի) քայլից:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ