Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԻԵՆՆԱ

Մայիս 06,2005 00:00

ՎԻԵՆՆԱ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԸ Օրերս Վիեննա կատարած համերգային շրջագայությունից վերադարձավ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը: Հայտնի «Մյուզիք ֆերայն» ապակեպատ դահլիճում կայացած համերգի նախաձեռնողներից մեկը՝ Վիեննայի մշակույթի վարչության հայաստանյան ներկայացուցիչ Ռոբերտ Միրզոյանը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Դուք տեխնիկայի ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր եք: Ինչպե՞ս եւ ե՞րբ անդամագրվեցինք Վիեննայի մշակույթի վարչությանը՝ որպես վերջինիս ներկայացուցիչ Հայաստանում: – 2000թ. Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները վիեննական երաժշտության փառատոնում մեծ արձագանք ստացան: Համերգներից մեկին ներկա էր Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ դոկտոր Բեռնարդ Հենշերը: Մեր հանդիպումը դոկտորի հետ սկիզբ դրեց հետագա արդյունավետ համագործակցության: Այս տարիներին Վիեննայի քաղաքապետարանի աջակցությամբ մի շարք հայ պրոֆեսիոնալներ հնարավորություն են ստացել իրենց արվեստը ցուցադրել այդ երկրում: Օրինակ, 2002թ. Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողներից կազմված դուդուկահարների խումբը, հաջորդ տարիներին Գյումրիի արվեստների ակադեմիայից մեկ նկարիչ եւ մեկ դաշնակահարուհի հնարավորություն ստացան մեկ ամիս մասնակցել վարպետության դասընթացների: Կազմակերպվել են ժամանակակից գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Փորձի փոխանակման նպատակով Գյումրիի արվեստների ակադեմիայի երաժշտական եւ գեղարվեստի բաժինների ղեկավարները այցելել են Վիեննա: 2002թ. սեպտեմբերին Երեւան ժամանեց Վիեննայի մշակույթի հանձնախումբը: Այցը կազմակերպվեց կառավարական մակարդակով՝ Վիեննայում ՀՀ դեսպանատան միջնորդությամբ: Հայաստան հանձնախմբի ժամանումը պատրաստող ավստրիական կողմի ներկայացուցչի պարտականությունները վստահված էին ինձ: Ահա այսքանը ձեր հարցին իբրեւ համառոտ պատասխան: – Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ, ավելի ստույգ՝ անկախություն ձեռք բերելուց հետո, արտերկիր հյուրախաղերի են մեկնում հայ կասկածելի «արտիստներ»՝ նույնքան կասկածելի ծրագրով: Վերադարձից հետո էլ «արտիստները» ասում են, իբր հայ համայնքը ինչ պահանջում է՝ իրենք այն են հրամցնում: Վերացել է այդ ոլորտում այնքան կարեւոր հսկողությունը: Հետաքրքիր է, Վիեննա՞ ովքեր են մեկնում: – Այո, ցավոտ հարց է եւ պետք է բարձրաձայնեմ, որ Հայաստանից դուրս արդեն տարիներ շարունակ կազմակերպվում են համերգներ նման «հայ արտիստների» մասնակցությամբ: Համերգներ, որոնք իրենց մակարդակով անչափ ցածր են եւ սխալ պատկերացում են ստեղծում արտասահմանցիների մոտ հայ արվեստի մասին: Խոսեմ կոնկրետ Վիեննայի մշակույթի վարչության կատարած աշխատանքների մասին: Իհարկե, մեր համագործակցությունը չի կարող չբերել լայնամասշտաբ շփումների տեղի հայկական համայնքի հետ: Ոչ մի նման բան չկա, թե իբր դրսի հայերը, բացի «հայկական երգերից», ուրիշ բան չեն ուզում լսել: Խնդրեմ, նրանց խնդրանքով Վիեննայում կազմակերպվեց Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը: Ավելորդ եմ համարում նշել, բայց ձեր հարցադրումից ելնելով պետք է շեշտեմ, որ ծրագրում հնչեցին Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի եւ Շուբերտի ստեղծագործություններից: Իսկ համերգին ներկա էին ոչ միայն տեղի հայեր, այլ ավստրիացիներ եւ Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դեսպաններ եւ այլք: Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված այս համերգի սկզբում Ավստրիայում ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպան Ջիվան Թաբիբյանը հայերեն եւ անգլերեն ներկայացրեց եղեռնին վերաբերող մանրամասներ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել