Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՔ

Մայիս 06,2005 00:00

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՔ ԵՎ ԲԱՐԵԿԱՄ ԿԴԱՌՆԱՔ Խորհուրդ են տալիս ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Վրաստանի խորհրդարանը, ուր տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի «2005 Partnership Action Plan on Defence Institutions Building», ներքին հարդարանքի տեսակետից զիջում է մեր օրենսդիրների նստավայրին: Մեր երկու երկրների խորհրդարանները տարբերվում են նաեւ իրենց «պատմական հիշողության» դրսեւորումներով՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ազգային ողբերգության եւ 2003թ. «վարդերի հեղափոխության» առումներով: Վրաստանի խորհրդարանի ֆասադին պետական դրոշի հետ մեկտեղ ծածանվում է Եվրամիության դրոշը՝ այս երկրի ձգտումների խորհրդանիշը: Կոնֆերանսի բացմանը ելույթ ունենալով, խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ ԱԳ փոխնախարար Կախա Սիխուրալիդձեն կարեւորեցին ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը, անհատական գործակցության ծրագիրը, այդ կառույցին անդամակցելու ձգտումը, եւս մեկ անգամ անդրադարձան ռուսական ռազմակայանների Վրաստանից դուրս բերման հարցին: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ելույթների առանցքը Ստամբուլի գագաթաժողովի ազդարարած «նոր մոտեցման» մանրամասնումն էր, դեպի Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա՝ Հյուսիս Ատլանտյան Դաշինքի անխուսափելի ընդլայնման քաղաքականությամբ: Հայաստանից կոնֆերանսին մասնակցեցին 9 հոգի, իսկ զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, Ադրբեջանից միայն երկու հոգի էին եկել, այն էլ ՀԿ-ներից: Երկուսից մեկին՝ քաղաքագետ Արիֆ Յունուսովին (ի դեպ, վերջերս լույս է տեսել նրա «Իսլամը Ադրբեջանում» գիրքը, որի մի գլուխը նվիրված է Ադրբեջանում «վաղ քրիստոնեությանը»), հայ հասարակությունը քաջածանոթ է: Ինչպես Արիֆն է խոստովանում, նա Հայաստանում ավելի հաճախ է լինում, քան Բաքվում: Ադրբեջանի որեւէ պաշտոնյա կոնֆերանսին չէր մասնակցել, ինչի առնչությամբ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը ափսոսանք հայտնեց: Նա ասաց, որ Արեւմտյան Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան կարծես գտել են կայունության համար կատարյալ բանաձեւ՝ «կայունություն համագործակցության միջոցով», որը կարող է նաեւ նպաստել հակամարտությունների կարգավորմանը: Այն երկրները, որոնք ձգտում են համագործակցության, ի դեմս ՆԱՏՕ-ի կգտնեն բարեկամի եւ գործընկերոջ: «Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան արտահայտել են դեպի Եվրոպա իրենց ձգտումները, եւ ես հավատում են, որ բոլոր այս չորս երկրների ապագան եվրոպական կառույցների մեջ է: Բայց մենք պետք է աշխատենք հանուն դրա եւ պետք է շատ աշխատենք»,- ասել էր Սիմոնսը: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սայմոն Լանի եւ Եվրամիության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Վիլեմ վան Եեկելենը խոսեցին անվտանգության ոլորտի ժողովրդավարության վերահսկողության, ուժային կառույցների գործունեությունը ավելի թափանցիկ եւ վերահսկելի դարձնելու, կոռուպցիան նվազեցնելու մեխանիզմների եւ այլնի մասին: Պարոն վան Եեկելենը, որը երբեք Հայաստանում չի եղել, հետաքրքրվեց մեզնից, թե ճի՞շտ է, որ հայերն ու ադրբեջանցիները առեւտրի բնագավառում խաղաղ համագործակցում են: Ես նրան խորհուրդ տվեցի այցելել Սադախլոյի շուկա՝ դրանում համոզվելու համար: Ի դեպ, բրիտանացի վերլուծաբան Թոմ դե Վաալը իր հայտնի «Սեւ այգի» գրքում Սադախլոն հենց այդպես էլ անվանում է՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանաձեւ: Տիկին Բուրջանաձեի անունից ի պատիվ ՆԱՏՕ-ի կոնֆերանսի մասնակիցների, ընդունելություն կազմակերպվեց՝ դարձյալ Վրաստանի խորհրդարանի շենքում: Այստեղ էլ հանդիպեցինք Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Խոսրոեւին, որը հայերիս պատմեց ապրիլի 24-ին հայ համայնքի կազմակերպած միջոցառումների, հայկական եկեղեցիների եւ այլնի մասին: Վրաստանում տպագրվող մի շարք թերթեր անդրադարձել էին հայերի ցեղասպանությանը: Մասնավորապես, «Georian Times»-ը ապրիլի 25-ի համարում տպագրել էր ընդարձակ մի նյութ՝ «90th Anniversary of the Armenain Genocide: » վերտառությամբ, տեղադրելով կոտորածը պատկերող ահազդու մի լուսանկար: Նույն ընդունելության ժամանակ մեր զրույցը Վրաստանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրթան Թեզգյորի հետ՝ բնականաբար չէր կարող շրջանցել ցեղասպանության թեման: Դեսպանը բավականին տեղեկացված էր Երեւանում ցեղասպանությանը նվիրված գիտաժողովից եւ ասաց, որ Թուրքիայում անհամբեր սպասում են Հայաստանի նախագահի պատասխանին, իր երկրի «բարի կամքի նախաձեռնությունների»՝ վարչապետ Թայիպ Ռեջեպ Էրդողանի Հայաստանի նախագահին ուղղված նամակը նկատի ուներ (այն ժամանակ Ռ. Քոչարյանի պատասխանը դեռ չէր ստացվել): Թուրք դիվանագետի մայրը, պարզվում է, հայկական երգեր գիտի, իսկ ընդհանրապես, դեսպանի կարծիքով, քննարկվելիք հարց է, թե ինչպես հարյուրամյակ իրար կողքի ապրող հայերն ու թուրքերը թշնամի դարձան: Որպես նույն «բարի կամքի դրսեւորում» ընկալեցի նաեւ թուրք դիվանագետի հրավերը՝ ավելի հանգամանալից խոսելու հաջորդ անգամ: Վրաստանում Ադրբեջանի նորանշանակ դեսպանը կարծես եւս բարյացակամ էր: Նա համաձայնեց, որ Հայաստանի ներկայացուցիչների Ադրբեջան մուտք գործելու արգելքը միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերի շրջանակում չի կարող նպաստել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը: Բայց եւ չժխտեց նաեւ, որ դա է այսօր Բաքվի պետական քաղաքականությունը: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել