Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մրցույթը

Մայիս 06,2005 00:00

Մրցույթը գներն է բարձրացնում Շիրակի մարզում ուղեւորների «անվտանգ ու կուլտուրական» սպասարկման համար անցկացված մրցույթից առաջինը տուժեց հենց ուղեւորը: Սպասարկման վատ որակը չփոխվեց, թեկուզեւ աննշան չափով, այլ մի քանի երթուղիներում, մասնավորապես Գյումրի-Արթիկում, Արթիկ-հարակից բոլոր գյուղերում, նույնիսկ Գյումրիից 5-6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախուրիկում կտրուկ թանկացան տրանսպորտի գները, օրինակ՝ Արթիկը 200 դրամից դարձավ 300: Սակայն «բարեփոխումը» ոչ մեկի նյարդերի վրա այդքան չազդեց, որքան ախուրիկցիների, մասնավորապես՝ ամենօրյա երթի մեջ գտնվող մոտ 50-55 ուսանողների եւ, բնականաբար, նրանց ծնողների: Ուսանողների դժգոհելով, իրենք արդեն հոգնել են վարորդների «քմահաճություններից ու անպատիվ խոսքերից». արդեն մի ամիս է՝ ստիպված են կամ ոտքով երթեւեկել, կամ էլ «կռիվ-դավի» անել: Նրանց ներկայացնելով, մինչ մրցույթը ավտոբուսն ուսանողների համար 50 դրամ էր (մյուսների համար՝ 100), միկրոավտոբուսն էլ 100, այժմ «կենացները թանկացել են», ավտոբուսը դարձել է 130, միկրոավտոբուսն էլ՝ 150: «Ի՞նչն է փոխվել, հեչ չգիտես. ոչ Ախուրիկն է Գյումրիից հեռացել, ոչ բենզինն ու գազն են թանկացել, ոչ էլ ավտոբուսների չափսերն են մեծացել. ձեւի համար մի ազատ նստելատեղ չկա, էլ չենք ասում, որ դռները հազիվ են փակվում»,- դժգոհում են ախուրիկցիները: Նրանց ասելով, «միակ քյարը» սարսափահար լինելն է. կամուրջը համարյա թե փլուզվում է, ճանապարհների դարուփոսերն էլ «հա մեծանում ու մեծանում են»: Ուսանողների պատմելով, մրցույթը շահելուց անմիջապես հետո վարորդները, հենց ուսանող էին տեսնում, դռները «ձիգ-ձիգ» փակում էին, շատերն էլ դռան առաջ կանգնելով չէին թողնում բարձրանալու: Իսկ բողոքի ակցիայից հետո, ըստ ուսանողների, վարորդներին հրամայված քաղաքականությունը փոքր-ինչ փոխվել է. նրանք կամ լրիվ գումարն են գանձում, կամ էլ զեղչից օգտվելու մտադրություն ունեցողներից «կոպեկ» չեն վերցնում՝ փոխարենը, իհարկե, «մի լավ անպատվելով»: «Վերջը մենք էլ նամուս ունենք, թե մի բան պիտի անեն՝ թող արագացնեն»,- զայրանում են ուսանողները: Նրանց ասելով, իրենք հաճույքով կդիմեին դատարան, եթե ձեռքի տակ համապատասխան փաստաթուղթ լիներ: Մարզպետարանի ու երթուղին սպասարկող ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը կողմերից ոչ մեկը չի տրամադրում, միայն մեծ կռիվներից հետո են «բարեհաճել» փակցնել կազմակերպության անունը, գնացուցակն ու վարորդի լուսանկարը, անուն-ազգանունը: Գյուղացիների ասելով, մարզպետարանում խոստացել են հարցը վերանայել, իհարկե, ուսանողների մասով: Մինչդեռ բոլորին էլ անհայտ է մնում Շիրակի մարզում գին թանկացնելու տրամաբանությունը: «Թող կիլոմետրով հաշվեն, նոր դաշտ մտնեն»,- առաջարկում են ախուրիկցիները՝ հիշեցնելով, որ Գյումրիից Ախուրիկ «մի ոտքի» ճամփա է՝ ընդամենը 10 րոպեանոց: Մինչդեռ մարզպետարանում տեղանքի հեռավորությանն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում: Մարզպետարանում զարմանալիորեն իրենց ֆունկցիան չեն համարում նաեւ գների կարգավորումը, գծի տերերի հետ այս հարցում բանակցելը: Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության պետ Մարզպետունի Մարգարյանի մեկնաբանմամբ, նախկինի պես այժմ հանձնաժողովը լիազորություն չունի միջամտելու ու գների թանկացումը կանխելու: Հետաքրքիր է, թե ի՞նչ լիազորություն ունի մարզպետարանը. չէ՞ որ նույն պաշտոնյայի ասելով, ուղեւորների անվտանգությունն ապահովելը եւս իրենց լիազորությունների մեջ չի մտնում, թեեւ մրցույթը հենց «անվտանգ» երթեւեկության համար է անցկացվում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՀ. Գ. Ախուրիկցիները «Առավոտին» տեղեկացրին, որ կատարվածի հետ իրենք ոչ մի գնով չեն հաշտվելու ու նոր բողոքի ակցիա են կազմակերպելու: Չի բացառվում, որ նմանատիպ ակցիաներ սկսվեն նաեւ մյուս համայնքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել