Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՄՈՎԻ

Մայիս 06,2005 00:00

ԱԲՐԱՄՈՎԻ ԾՈՌԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է Պարզվում է, Բուզանդի 25 հասցեն՝ շուրջ 1400 քմ ընդհանուր տարածքով, մինչեւ 1933թ. եղել է Երեւանի մեծահարուստներից մեկի՝Գաբրիել Աբրամովի սեփականությունը: Այդ մասին արխիվներում պահպանվել են բոլոր փաստաթղթերը, նաեւ սեփականության մասին կալվածաթերթը: Իսկ թե երբ եւ ինչպես է տարածքը մասնատվել եւ դարձել տասից ավելի ընտանիքի սեփականություն, Աբրամովի ընտանիքին թողնելով 76 քմ տարածք՝ այդ մասին արխիվներում որեւէ փաստաթուղթ չկա: Հենց այս հանգամանքն է դրդել Աբրամովի ծոռ Արթուր Սիլդիրյանին պահանջ ներկայացնել Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակին (ԾԻԳ)՝ իր նկատմամբ դրսեւորել առանձնահատուկ մոտեցում: 1893թ. Գաբրիել Աբրամովը գնել է տարածքը (այն ժամանակ՝ Բեբութովի փողոցում) եւ շուրջ 460 քմ-ի վրա կառուցել երկհարկանի տուն: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, առաջին դասի վաճառականը կորցրել է բամբակի եւ լիմոնադի ծաղկուն բիզնեսը: 1933-ից սկսած, Աբրամովի բակի օժանդակ կառույցներում՝ հացատուն, գոմ, ցախանոց եւ այլն, սկսել են վարձով բնակվել ընտանիքներ: Երեւանի արխիվից ստացած տեղեկանքներում նշված են վարձակալների տվյալները՝ շուրջ 13 ընտանիք: Դրանից հետո փաստաթղթերը լռում են: Արթուր Սիլդիրյանը տատի՝ Աբրամովի աղջկա պատմածը հիշելով, ասաց, որ անօթեւան այդ ընտանիքները աստիճանաբար կառուցապատել են իրենց շուրջը եւ բակը լցրել շինություններով: Իսկ ժամանակի ընթացքում նաեւ ձեւակերպել են որպես իրենց ունեցվածք: Արթուրին ժառանգություն է մնացել նախապապի կառուցած տան առաջին եւ երկրորդ հարկերում տեղակայված 76 քմ տարածքով 3 սենյականոց բնակարան, որը կադաստրում նշված է կիսանկուղային եւ առաջին հարկ: «Անհեթեթություն է մտածել, որ ես ուզում եմ վերադարձնել մեծ պապիս ողջ ունեցվածքը, բայց հենց նրա տարածքում բնակվողների մի մասը կարողացել է շինության տակի հողը սեփականացնել, իսկ ինձ մերժում են: Այնինչ, հարեւան բակերում օրինակներ կան, որ մարդիկ կարողացել են իրենց ապուպապի ժամանակին ունեցած հողը ամբողջությամբ սեփականացնել»,- «Առավոտին» ասաց Արթուր Սիլդիրյանը: Աբրամովի կառուցած երկհարկանի տունն այսօր էլ կա, պահպանվել է արտաքին պատը եւ նույնիսկ ցուցանակ կա փակցված՝ «պահպանվում է պետության կողմից»: Ա. Սիլդիրյանը փորձել է խոսել պատկան մարմինների հետ իր պապի կառուցած պատը իր անունով օտարելու համար: ԾԻԳ-ում ասել են՝ նման բան մինչ օրս չենք լսել: Բայց մեր ձեռքի տակ կա փաստաթուղթ, ըստ որի, պատմական միջավայրի պահպանության Երեւանի մարզային ծառայությունը երկու տարի առաջ համաձայնություն է տվել Արամի փողոցի թիվ 80 տան պատի օտարման վերաբերյալ, այն տրամադրելով տան սեփականատեր Կառլեն Մարգարյանին եւ պարտավորեցնելով պահպանել որպես հուշարձան: Այսինքն՝ նախադեպը կա եւ հավանաբար միակը չէ: Իսկ Աբրամովի տան պատը վնասվել է տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով: Այսօր հարուստ պապի աղքատ ժառանգորդին ԾԻԳ-ը նախատեսել է վճարել ընդամենը 76 քմ-ի համար: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել