Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եվրոպան

Մայիս 06,2005 00:00

Եվրոպան Անկարային ճիշտ չի՞ ընկալում Երեկ ՀՀ ԱԳՆ մամլո սրահում կայացած ասուլիսի ժամանակ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյքի Թալվիթիեն նշեց, որ Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, անկասկած, որոշ անդրադարձ կունենան հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այդուամենայնիվ, Թալվիթիեն արձանագրեց. «Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է քայլեր ձեռնարկի իր կողմից»: Իսկ թե ինչ պետք է հասկանալ ԵՄ դեսպանի ակնարկած՝ ՀՀ-ի ձեռնարկելիք քայլերի տակ, պարզորոշ ենթադրվում է, ասենք, այցով Թուրքիայում գտնվող ԳԴՀ կանցլեր Շրյոդերի վերջին հայտարարություններից: Վերջինս Անկարայում ասել է. «Ես լիովին պաշտպանում եմ ՀՀ նախագահին Թուրքիայի վարչապետի կողմից արված առաջարկը՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նպատակով համատեղ հանձնախումբ ստեղծելու, արխիվները բացելու եւ հարցը պատմաբաններին թողնելու վերաբերյալ»: Ասել է թե՝ ՀՀ-ն պետք է համաձայնի Էրդողանի «կառուցողական» առաջարկին: Նկատենք, որ եվրոպական երկրների այսօրինակ մոտեցումը հայկական կողմին աննպաստ վիճակի մեջ է դնում: Ենթադրելի է, որ Երեւանը ընդառաջ չի գնա համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին, ինչը Արեւմուտքում, Անկարայի թեկուզեւ ցուցադրական կոնստրուկտիվիզմի ֆոնին, ճիշտ չի ընկալվի: Ի պատասխան Հայաստանի՝ ԵՄ ընդունվելու հեռանկարին վերաբերող «Առավոտի» հարցին, Թալվիթիեն նշեց. «Երբ երկու տարի առաջ նոր էի ստանձնել պաշտոնս, այդ մասին մտածել անգամ չէի կարող: Սակայն ԵՄ «Նոր հարեւաններ» ծրագիրը չի բացառում Հարավային Կովկասի երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը»: Եվրոպացի դեսպանն ափսոսանք հայտնեց այն առնչությամբ, որ «վարդերի հեղափոխությունից» հետո ԵՄ-ն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Վրաստանի վրա՝ ձգտելով աջակցություն ցուցաբերել այդ երկրի ենթակառուցվածքների զարգացմանը: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծեց, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը շատ կարեւոր են ԵՄ-ի համար: Իր հերթին, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ մոտ ժամանակներս Վարշավայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նախարարը մանրամասնեց, որ իր բանակցությունները միջնորդների հետ կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից 1-2 օր առաջ, որը կայանալու է Լեհաստանի մայրաքաղաքում՝ ԵԽ անդամ երկրների ղեկավարների՝ մայիսի 16-17-ը կայանալիք գագաթաժողովի շրջանակներում: Ինչ վերաբերում է Էրդողանի առաջարկին ԳԴՀ կանցլեր Շրյոդերի տված գնահատականին, ապա, ըստ Վ. Օսկանյանի, Շրյոդերը մինչ հանձնաժողովի ստեղծման հնարավորությանն իր դրական վերաբերմունքն արտահայտելը հրապարակայնորեն հայտարարել է հայերի ցեղասպանության համար պատասխանատվության իր բաժինը ճանաչելու՝ Բունդեսթագի պատրաստակամության մասին: Ասել է թե՝ Եվրոպայում ճիշտ չեն ընկալում Անկարայի դրսեւորած «բարի կամքի» իրական նպատակները: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել