Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցեղասպանության

Մայիս 06,2005 00:00

Ցեղասպանության հարցը՝ ԵՄ-ի գործի՞ք Փորձագետներն այդպիսի մտավախություն ունեն «Այսօրվա հայկական հարցը եվրոպական քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ արդյո՞ք ծուղակ չէ, արդյո՞ք սա մեզ չի մղում վերածելու Հայոց ցեղասպանության ճանաչումը մի պարզ գործիքի, որով ԵՄ-ն փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հանուն իր քաղաքական նպատակների, երրորդական դիրքերում պահելով մեր նպատակները»,- այս հռետորական հարցերն իր ելույթում երեկ հնչեցրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Հայկ Դեմոյանը: Առիթը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված «Թուրքիա. նոր դեմք՝ նոր դե՞ր, թե՞ նոր իմիջ՝ հին դեր» թեմայով սեմինարն էր: Որպեսզի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար չդառնա ծուղակ, պարոն Դեմոյանն առաջարկում է հայ ինքնությունը վերականգնել այն տարածքներում, որտեղ այն դադարեց գոյություն ունենալ 1915-23 թթ.: Հայցվորի դերում պետք է հանդես գա Հայ առաքելական եկեղեցին՝ հայ մշակութային ժառանգությունը եւ հայկական եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ վերադարձնելու համար: ՀՀ-ի դերակատարությունն, ըստ բանախոսի, պետք է լինի այդ քայլերի համակարգումը եւ միջազգային ատյաններին փաստաթղթերի ներկայացումը: «ՀՀ-ն չի կարող ներկայացնել տարածքային պահանջներ եւ սահմանների վերաձեւում, մենք պետք է ցիվիլ կերպով ավելացնենք ճնշումը Թուրքիայի վրա ոչ թե Սեւրի, այլ Լոզանի պայմանագրի հիման վրա»,- ասում է Հ. Դեմոյանը: Այս առումով նրա համար անհասկանալի է ներկայիս պաշտոնական դիրքորոշումը. եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը՝ հաջորդ նախագահների խնդիրը կլինի, թե ինչ կարելի է ձեռնարկել դրանից հետո: «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը հետեւյալ դիտարկումն արեց. «Ձեւեր թափելու կարիք չկա: Մենք միջազգային ասպարեզում արդեն խաղացող ենք դարձել: Լավ, թե վատ` այլ խնդիր է: Եկեք միանգամից, տղամարդավարի այդ հարցը դնենք՝ մենք պահանջատեր ենք, թե՝ ոչ: Բայց եթե հարցը դնում ենք այն հիմքի վրա, որ Թուրքիայից նյութական պահանջներ ունենք, ես ասում եմ՝ ցեղասպանությունը մեր ժողովրդի շահերի համար ի՞նչ է բերելու: Եթե բերելու է՝ գնում ենք բոլորս միասին, բայց դուք ինձ պետք է ցույց տաք, թե ինչ է բերելու: Ես ոչ մեկից պակաս հայրենասեր չեմ, բայց մեր այսօրվա շահերից ելնելով՝ կարծում եմ, որ շատ զգույշ պետք է լինենք: Մենք հիմա այդ հարցը տվել ենք ուրիշ երկրների օգտագործման: Թուրքիայի առջեւ խոչընդոտներ հարուցելու համար Եվրոպան կարիք ունի առիթների եւ պատճառաբանությունների: Մեկը մյուսի ետեւից կոմունիկացիաներ ենք կորցնում: Հայաստանը տարեկան 240 մլն դոլար կարող էր ստանալ, եթե թուրքմենական-իրանական գազը տարանցիկ անցներ Հայաստանով: Կոմունիկացիաների կորուստը նշանակում է, որ երկրում քաղաքական միտք չկա»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել