Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարիմ կոչմանը

Մայիս 06,2005 00:00

90-ականների
սկզբին տարբեր պատճառներով Հայաստանից հեռանալով, արվեստագետներից շատերն իրենց տեղը
գտան արեւմտյան մշակույթում։ Ոմանք ստիպված եղան փոխել իրենց զբաղմունքը։
Երաժշտի կոչմանը հավատարիմ մնացածների թվում է դաշնակահար Լեւոն Հովսեփյանը։ Օրերս
Կամերային երաժշտության տանը հաջողությամբ կայացավ նրա մենահամերգը։ Լեւոն Հովսեփյանը
ծնվել է Երեւանում, 1989՟ին ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի պրոֆ. Վիլլի Սարգսյանի
դասարանը։ 1991-ին, պրոֆ. Վիկտոր Ռոզենբաումի հրավերը ստանալով, Լեւոնը տեղափոխվում
է Բոստոն՝ Long Scool of Music։ Այնտեղ նա կատարելագործվում է մինչեւ 1994թ. եւ ավարտում
ուսումը՝ արտիստի դիպլոմ եւ մագիստրոսի աստիճան ստանալով։ 1993թ. նա հաղթող է դառնում
Առլինգտոնի դաշնակահարների մրցույթում։ Անցած տարիների ընթացքում Լ. Հովսեփյանը
ծավալել էր լայն համերգային գործունեություն՝ իբրեւ դաշնակահար, երգեհոնահար եւ դիրիժոր։
ԱՄՆ-ի քաղաքներում բազմաթիվ ելույթներ ունենալով, նա ապրում է Բոստոնում, որտեղ զբաղվում
է նաեւ ակտիվ մանկավարժական գործունեությամբ՝ երաժշտացանկում պարտադիր ընդգրկելով
հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Մյուս կողմից, Երեւանում Լեւոնի շնորհիվ
ներկայացվեց նաեւ ամերիկյան երաժշտությունը, դաշնակահարը առաջին անգամ Երեւանում
փայլուն կատարեց Դոնալդ Ֆոքսի իմպրովիզացիոն «Տոկկատան Բախի թեմայով»։ Լ.
Հովսեփյանը գերադասում է «չճնշել» կոմ պոզիտորական տեքստը՝ հարկադրաբար արմատավորելով
սեփական ըմբռնումը։ Նա համարում է, որ կատարողի գլխավոր սրբությունը տեքստի հոգատար
հնչունացումն է։ Այսպիսի եղանակով կատարվեցին Բեթհովենի սոլ մաժոր ռոնդոն եւ դո մինոր
32 վարիացիաները, նվազագույն մեկնաբանական միջամտություն, արտաերաժշտական դրամատիզմի
բացակայություն։ Շոպենի երկու վալսերի (N 9 եւ N12) եւ N 3 բալլադի կատարումները
բացահայտեցին Հովսեփյանի օժտվածության ռոմանտիկ բնույթը։ Նրա դաշնամուրի ձայնը թեթեւ
է եւ թափանցիկ, սակայն միաժամանակ կառչուն է եւ առաձիգ։ Բեթհովենի, ինչպես նաեւ Շոպենի
ստեղծագործությունները ստանում են կամերային քնարական բովանդակություն։ Չայկովսկու
ստեղծագործությունները կատարելիս դաշնակահարը ասես պահպանել էր վառ հնչերանգային
գույները այլ ստեղծագործությունների համար եւ կենտրոնացել թախծոտ («Մտորում») կամ
նազելի («Չարաճճի աղջիկը») կերպարների վրա։ Համերգի գագաթնակետը՝ Լիստի «Օբերմանի
հովիտը» («Դեգերումների տարիները») շարքից, դարձավ երեւակայությունը հափշտակող պոեմ։
Լիստի հռչակավոր պիեսը Լեւոն Հովսեփյանի մեկնաբանությամբ ձեռք բերեց ոչ միայն բնորոշ
միստիցիզմ, այլեւ պսիխոլոգիզմ, բայց այդ ամենը ինտելիգենտության եւ ճաշակի սահմաններում։
Քնարական խոստովանության գծերը իրենց շարունակությունը գտան Կոմիտաս՟Սարաջյանի
«Կռունկ» եւ Սայաթ՟Նովա՟Սարաջյանի «Քամանչա» պիեսների կատարման ժամանակ, ինչպես նաեւ
Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից ծավալուն «Ադաջիոն» (Վ. Սարգսյանի փոխադրմամբ)։
Հովսեփյանը բացահայտվեց որպես ազգային բնությունը նրբորեն ընկալող երաժիշտ։ Եվ «Կռունկի»
մռայլ ողբերգականությունը, եւ «Քամանչայի» ճնշող տրտմությունը, եւ «Ադաջիոյի» պայծառ
թախիծը արտացոլում էին հայոց պատմության՝ այս օրերին այնքան սուր զգացվող դրամատիզմը։
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԱրվեստագիտության դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել