Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթը գներն է բարձրացնում

Մայիս 06,2005 00:00

Շիրակի մարզում ուղեւորների «անվտանգ ու
կուլտուրական» սպասարկման համար անցկացված մրցույթից առաջինը տուժեց հենց ուղեւորը:
Սպասարկման վատ որակը չփոխվեց, թեկուզեւ աննշան չափով, այլ մի քանի երթուղիներում,
մասնավորապես Գյումրի-Արթիկում, Արթիկ-հարակից բոլոր գյուղերում, նույնիսկ Գյումրիից
5-6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախուրիկում կտրուկ թանկացան տրանսպորտի գները,
օրինակ՝ Արթիկը 200 դրամից դարձավ 300: Սակայն «բարեփոխումը» ոչ մեկի նյարդերի վրա
այդքան չազդեց, որքան ախուրիկցիների, մասնավորապես՝ ամենօրյա երթի մեջ գտնվող մոտ
50-55 ուսանողների եւ, բնականաբար, նրանց ծնողների: Ուսանողների դժգոհելով, իրենք
արդեն հոգնել են վարորդների «քմահաճություններից ու անպատիվ խոսքերից». արդեն մի
ամիս է՝ ստիպված են կամ ոտքով երթեւեկել, կամ էլ «կռիվ-դավի» անել: Նրանց ներկայացնելով,
մինչ մրցույթը ավտոբուսն ուսանողների համար 50 դրամ էր (մյուսների համար՝ 100), միկրոավտոբուսն
էլ 100, այժմ «կենացները թանկացել են», ավտոբուսը դարձել է 130, միկրոավտոբուսն էլ՝
150: «Ի՞նչն է փոխվել, հեչ չգիտես. ոչ Ախուրիկն է Գյումրիից հեռացել, ոչ բենզինն
ու գազն են թանկացել, ոչ էլ ավտոբուսների չափսերն են մեծացել. ձեւի համար մի ազատ
նստելատեղ չկա, էլ չենք ասում, որ դռները հազիվ են փակվում»,- դժգոհում են ախուրիկցիները:
Նրանց ասելով, «միակ քյարը» սարսափահար լինելն է. կամուրջը համարյա թե փլուզվում
է, ճանապարհների դարուփոսերն էլ «հա մեծանում ու մեծանում են»: Ուսանողների պատմելով,
մրցույթը շահելուց անմիջապես հետո վարորդները, հենց ուսանող էին տեսնում, դռները
«ձիգ-ձիգ» փակում էին, շատերն էլ դռան առաջ կանգնելով չէին թողնում բարձրանալու:
Իսկ բողոքի ակցիայից հետո, ըստ ուսանողների, վարորդներին հրամայված քաղաքականությունը
փոքր-ինչ փոխվել է. նրանք կամ լրիվ գումարն են գանձում, կամ էլ զեղչից օգտվելու մտադրություն
ունեցողներից «կոպեկ» չեն վերցնում՝ փոխարենը, իհարկե, «մի լավ անպատվելով»: «Վերջը
մենք էլ նամուս ունենք, թե մի բան պիտի անեն՝ թող արագացնեն»,- զայրանում են ուսանողները:
Նրանց ասելով, իրենք հաճույքով կդիմեին դատարան, եթե ձեռքի տակ համապատասխան փաստաթուղթ
լիներ: Մարզպետարանի ու երթուղին սպասարկող ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը կողմերից
ոչ մեկը չի տրամադրում, միայն մեծ կռիվներից հետո են «բարեհաճել» փակցնել կազմակերպության
անունը, գնացուցակն ու վարորդի լուսանկարը, անուն-ազգանունը: Գյուղացիների
ասելով, մարզպետարանում խոստացել են հարցը վերանայել, իհարկե, ուսանողների մասով:
Մինչդեռ բոլորին էլ անհայտ է մնում Շիրակի մարզում գին թանկացնելու տրամաբանությունը:
«Թող կիլոմետրով հաշվեն, նոր դաշտ մտնեն»,- առաջարկում են ախուրիկցիները՝ հիշեցնելով,
որ Գյումրիից Ախուրիկ «մի ոտքի» ճամփա է՝ ընդամենը 10 րոպեանոց: Մինչդեռ մարզպետարանում
տեղանքի հեռավորությանն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում: Մարզպետարանում
զարմանալիորեն իրենց ֆունկցիան չեն համարում նաեւ գների կարգավորումը, գծի տերերի
հետ այս հարցում բանակցելը: Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության
պետ Մարզպետունի Մարգարյանի մեկնաբանմամբ, նախկինի պես այժմ հանձնաժողովը լիազորություն
չունի միջամտելու ու գների թանկացումը կանխելու: Հետաքրքիր է, թե ի՞նչ լիազորություն
ունի մարզպետարանը. չէ՞ որ նույն պաշտոնյայի ասելով, ուղեւորների անվտանգությունն
ապահովելը եւս իրենց լիազորությունների մեջ չի մտնում, թեեւ մրցույթը հենց «անվտանգ»
երթեւեկության համար է անցկացվում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՀ.
Գ. Ախուրիկցիները «Առավոտին» տեղեկացրին, որ կատարվածի հետ իրենք ոչ մի գնով չեն
հաշտվելու ու նոր բողոքի ակցիա են կազմակերպելու: Չի բացառվում, որ նմանատիպ ակցիաներ
սկսվեն նաեւ մյուս համայնքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել