Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության հարցը՝ ԵՄ-ի գործի՞ք

Մայիս 06,2005 00:00

Փորձագետներն
այդպիսի մտավախություն ունեն «Այսօրվա հայկական հարցը եվրոպական քաղաքական
գործիչների հռետորաբանության մեջ արդյո՞ք ծուղակ չէ, արդյո՞ք սա մեզ չի մղում վերածելու
Հայոց ցեղասպանության ճանաչումը մի պարզ գործիքի, որով ԵՄ-ն փորձում է ճնշում գործադրել
Թուրքիայի վրա՝ հանուն իր քաղաքական նպատակների, երրորդական դիրքերում պահելով մեր
նպատակները»,- այս հռետորական հարցերն իր ելույթում երեկ հնչեցրեց ԵՊՀ պատմության
ֆակուլտետի դասախոս Հայկ Դեմոյանը: Առիթը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնում կազմակերպված «Թուրքիա. նոր դեմք՝ նոր դե՞ր, թե՞ նոր իմիջ՝ հին
դեր» թեմայով սեմինարն էր: Որպեսզի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի
համար չդառնա ծուղակ, պարոն Դեմոյանն առաջարկում է հայ ինքնությունը վերականգնել
այն տարածքներում, որտեղ այն դադարեց գոյություն ունենալ 1915-23 թթ.: Հայցվորի դերում
պետք է հանդես գա Հայ առաքելական եկեղեցին՝ հայ մշակութային ժառանգությունը եւ հայկական
եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ վերադարձնելու համար: ՀՀ-ի
դերակատարությունն, ըստ բանախոսի, պետք է լինի այդ քայլերի համակարգումը եւ միջազգային
ատյաններին փաստաթղթերի ներկայացումը: «ՀՀ-ն չի կարող ներկայացնել տարածքային պահանջներ
եւ սահմանների վերաձեւում, մենք պետք է ցիվիլ կերպով ավելացնենք ճնշումը Թուրքիայի
վրա ոչ թե Սեւրի, այլ Լոզանի պայմանագրի հիման վրա»,- ասում է Հ. Դեմոյանը: Այս առումով
նրա համար անհասկանալի է ներկայիս պաշտոնական դիրքորոշումը. եթե Թուրքիան ճանաչի
ցեղասպանությունը՝ հաջորդ նախագահների խնդիրը կլինի, թե ինչ կարելի է ձեռնարկել դրանից
հետո: «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը հետեւյալ դիտարկումն արեց.
«Ձեւեր թափելու կարիք չկա: Մենք միջազգային ասպարեզում արդեն խաղացող ենք դարձել:
Լավ, թե վատ` այլ խնդիր է: Եկեք միանգամից, տղամարդավարի այդ հարցը դնենք՝ մենք պահանջատեր
ենք, թե՝ ոչ: Բայց եթե հարցը դնում ենք այն հիմքի վրա, որ Թուրքիայից նյութական պահանջներ
ունենք, ես ասում եմ՝ ցեղասպանությունը մեր ժողովրդի շահերի համար ի՞նչ է բերելու:
Եթե բերելու է՝ գնում ենք բոլորս միասին, բայց դուք ինձ պետք է ցույց տաք, թե ինչ
է բերելու: Ես ոչ մեկից պակաս հայրենասեր չեմ, բայց մեր այսօրվա շահերից ելնելով՝
կարծում եմ, որ շատ զգույշ պետք է լինենք: Մենք հիմա այդ հարցը տվել ենք ուրիշ երկրների
օգտագործման: Թուրքիայի առջեւ խոչընդոտներ հարուցելու համար Եվրոպան կարիք ունի առիթների
եւ պատճառաբանությունների: Մեկը մյուսի ետեւից կոմունիկացիաներ ենք կորցնում: Հայաստանը
տարեկան 240 մլն դոլար կարող էր ստանալ, եթե թուրքմենական-իրանական գազը տարանցիկ
անցներ Հայաստանով: Կոմունիկացիաների կորուստը նշանակում է, որ երկրում քաղաքական
միտք չկա»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել