Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՍԿԻԶԲ

Մայիս 06,2005 00:00

ԵՊՀ
տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողության հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ
հնչած հարցերը «Ազգային միաբանության» երիտասարդական թեւի ղեկավար Վիլեն Արեւշատյանը
երեկ անվանեց «նախօրոք պատրաստված եւ մշակված»: Երեկ էլ երիտասարդների հարցերին պատասխանեց
Արտաշես Գեղամյանը: Մինչ հարցերի պատասխանելը՝ «Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահը ներածական խոսքում մի քանի տվյալներ ներկայացրեց. «1996-ին
Հայաստանում բնակչության բնական աճը կազմել է 23 հազար մարդուց քիչ ավելին, 2002-ին՝
7600, անցած տարի՝ 11 հազար… Խորհենք՝ բա 15 տարի հետո ո՞վ է բանակ գնալու, պաշտպանելու
մեր սահմանները»: Մեջբերեց նաեւ մեկ այլ տվյալ, թե 2005-ի հունվարից հետո վերջին
ամիսներին արվել է 109 ինքնասպանության փորձ. «Միայն ապրիլի 15 օրերի ընթացքում 45
ինքնասպանության փորձ է եղել, 29-ը մահացել են: Իսկ ո՞վ է լավ կյանքից հրաժարվում»:
Արտաշես Գեղամյանը «բարոյական այլասերվածություն» որակեց այն երեւույթը, որ «60 մլն
դրամ են տալիս, մի ամիս «բազեներ» են ճամբարներում խաղացնում, մինչդեռ այդ գումարի
1/4-ը բավական էր, որ 100-ավոր ուսանողներ ուսման վարձը չտալու համար դուրս չմնային»:
Պետք է նշենք, որ նման հայտարարությունները լեփ-լեցուն դահլիճը ողջունում էր բուռն
ծափահարություններով: Հարցերից մեկին պատասխանելով՝ «Ազգային միաբանության»
ղեկավարն անդրադարձավ այն տեղեկատվությանը, թե գլխավոր դատախազությունը գործ է հարուցելու
23 դատավորների նկատմամբ. «Շա՛տ լավ է անելու: Իսկ ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազը մինչ
օրս քրեական գործ չի հարուցել այն օլիգարխների նկատմամբ, ովքեր 2003-ին շուրջ 110
հազար տոննա ցորեն մասնավոր ճանապարհով ներմուծեցին Հայաստան… Այսինքն՝ էլի մանր-մունր
գործերով մի 2-3 հոգու խռիկ կտան, այն էլ ոչ թե արդարություն հաստատելու համար: Երեւում
է՝ դատավոր տեղավորելու մարդիկ կան, ում պարտքի տակից պիտի դուրս գան»: Իսկ ավելի
ուշ էլ արձագանքելով այն հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն ընթացք չեն տալիս կոռուպցիայի
փաստերի վերաբերյալ իր բացահայտումներին՝ ասաց. «Իշխանություններն իրենք իրենց ո՞նց
բռնեն»: Սակայն նաեւ նշեց, թե իշխանությունն այն աստիճանի է սպառել իր ռեսուրսները,
որ «արդեն գզվռտոցը մտել է իրենց շրջանը եւ իրենք էլ հասկանում ու գիտակցում են,
թե ժամանակն է խույս տալ այն նավից, որի ղեկին են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը»:
Գրավոր հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե արդյոք «Ազգային միաբանությունը»
հավատո՞ւմ է կոալիցիայի անդամ կուսակցությունների հայտարարություններին՝ թե տեղական
ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները պետք է անցնեն ազատ, արդար եւ
թափանցիկ: «Մեկը լինի՝ իրենց հարցնի, թե իրենք իրենց ստորագրածին հավատո՞ւմ են,-
հեգնեց պրն Գեղամյանը:- Ինչպե՞ս կարող եմ ես հավատալ այն կուսակցությունների հայտարարություններին,
որոնք բռնությամբ տապալեցին ԱԺ բնականոն ընտրությունների ողջ գործընթացը, որոնք ընտրապայքարի
ժամանակ պարկերով ալյուր էին կաշառք տալիս, դիզելային վառելիքով ու գումարով կաշառում,
հիմա էլ՝ առանց անհարմար զգալու, կանգնել՝ հանդես են գալիս արդարամտության կոչերով:
Կարծում են՝ մի ամբողջ ազգ հիշողության կորստով է տառապում, այն է՝ մոռացել է այն
խայտառակությունների մասին, որոնց ականատեսը եղան ԱԺ 44 ընտրատարածքում»: Ակնհայտորեն
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին հասցեագրված այս ուղերձը նա եզրափակեց գնահատականով,
թե այս ամենը «պարզապես ճամարտակություններ են՝ ուղղված միջազգային հանրությանը մոլորության
մեջ գցելուն»: Համալսարանի մի ուսանող մեկնաբանություն էր խնդրել Հայաստան-Թուրքիա
վերջին զարգացումների, փոխադարձ նամակագրության շուրջ: Ի պատասխան՝ Արտաշես Գեղամյանը
նկատեց, թե Հայաստանն ու Թուրքիան չեն փոխելու իրենց աշխարհագրական դիրքերը. «Այսինքն՝
դատապարտված են կողք կողքի ապրելու: Բնականաբար, սա արդեն հրամայական է դարձնում
հարաբերությունների բնականոն հաստատման գերխնդիրը»: Երիտասարդներից մեկը հարց
էր ուղղել, թե արդյոք ընդդիմությունը կարո՞ղ է Հայաստանում առանց դրսի օգնության
հաստատել ժողովրդավարություն. «Իսկ եթե ոչ՝ ապա ո՞ւմ օգնությունն է ակնկալում «Ազգային
միաբանությունը»: Ի պատասխան՝ պրն Գեղամյանն ասաց, թե օգնում են այն մարդուն, որն
ապացուցում է, թե անում է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ, «սակայն դիմացի բիրտ
ուժը, ճնշում գործադրելով, չի թողնում երկիրն ապրի բնականոն զարգացում: Ուստի՝ առաջնային
խնդիրը մե՛րն է: Առաջնայինն այն է, որ դառնանք կազմակերպված այնպիսի ուժ, որի դրոշին
գրելով «Ազգային միաբանություն՝ ժողովրդավարության հաստատում»՝ հասկանալի դառնանք
ցանկացած զարգացած երկրի համար եւ, բնականաբար, նախ եւ առաջ՝ ԱՄՆ-ի: Երկիր, որ այսօր
ինքը վերցրել է աշխարհում ժողովրդավարության դրոշը»: Թերեւս ԱՄՆ-ի դերակատարության
շուրջ վերոհիշյալ բարձր գնահատականը պայմանավորված էր այս հանդիպմանը ամերիկյան NDI-ի
հայաստանյան մասնաճյուղի տնօրենի ներկայությամբ, որին Արտաշես Գեղամյանը ողջունեց
անգլերեն: Ի դեպ, հետո լրագրողներին հայտնեց, թե անգլերեն սովորել է 6 տարեկանից:
Իսկ Չեթ Ռոջերսի ներկայությունն այսպես բացատրեց. «Քանի որ թե՛ դեսպանատները, թե՛
NDI-ը զուրկ են ճշմարիտ տեղեկություն ստանալու հնարավորությունից «Ազգային միաբանության»
կազմակերպած ցանկացած միջոցառման վերաբերյալ՝ մենք քանիցս դրանց վերաբերյալ տեսաերիզներն
ուղարկել ենք նրանց: Հավանաբար՝ նրանց մոտ հետաքրքրություն էր առաջացել, եւ երբ դիմեցին
առաջիկա միջոցառմանը մասնակցելու հարցադրմամբ՝ սիրով պատասխանեցինք, թե ոչ միայն
կարող եք գալ, այլեւ ցանկության դեպքում՝ նաեւ կարող եք ելույթ ունենալ: Կարծում
եմ, խորհրդավոր է սկիզբը: Եվ ներքին համոզմունք ունեմ, որ առաջիկայում նրանք անպայման
կմասնակցեն մեր գործընկեր կուսակցությունների նմանատիպ միջոցառումներին էլ»: Հավելենք
մեր ներքին համոզմունքը, որ սա անպայման առիթ կդառնա իշխանամետների համար՝ «շանթ
ու որոտ» արձակելու NDI-ի ուղղությամբ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ.
Գ. Ի դեպ, Արտաշես Գեղամյանը նաեւ ակնարկ արեց, թե «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը»
շուտով հրավիրելու են համատեղ հանրահավաք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել