Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկալ

Մայիս 05,2005 00:00

Ռադիկալ ուժերը պետք է համախմբվեն Կարծում է Գառնիկ Մարգարյանը «Այս բոլորը խաբեություն է եւ առնետավազքի շտրիխներն են»,- նման թերահավատությամբ է վերաբերվում «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը քաղաքական ասպարեզում ընդդեմ քրեական տարրերի՝ 34 կուսակցությունների միավորմանը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են նոր առաջարկ անել. «Մի շարք ուժեր, որոնք կայուն են մնացել, չեն շեղվել ընտրված ճանապարհից, կարծում եմ՝ դա ընդդիմության ռադիկալ թեւն է, նրանք պետք է նոր փաստաթուղթ պատրաստեն: Առաջին ընդունված փաստաթուղթը, որին ես դեմ էի, հարթում էր եզրերը՝ կոալիցիային մասնակից դարձնելու համար: Պետք է լինի ավելի հստակ հայտարարություն, ավելի ճշգրիտ գնահատականներով՝ որ «Նոր ժամանակներ» կուսակցությունը եւ նրա ղեկավարը սադրիչ չեն, այլ իշխանություններն են իրականացնում սադրանքներ: Ռադիկալ ուժերը պետք է համախմբվեն հանուն երկրի փրկության»: Ըստ պարոն Մարգարյանի, իրավիճակի գնահատումների եւ լացուկոծի ժամանակն անցել է, ժողովուրդը շատ ավելի լավ է պատկերացնում իր սոցիալական եւ բարոյական անմխիթար վիճակը: Ուրեմն՝ «Սրանք պետք է գնան եւ գնալուց հետո էլ պետք է պատասխան տան: Ոչ միայն բարոյական, այլ նաեւ իրավական»: Վերադառնալով «Նոր ժամանակներին» եւ նրա շուրջ զարգացող իրադարձություններին՝ պարոն Մարգարյանը փաստում է, որ պատմությունը կրկնվում է. «1994 թվականի ամռան իրադարձությունները, դեկտեմբերին արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քննիչի դերում հանդես գալը, կանխավ գնահատականներ եւ որոշումներ… Մեր աչքի առջեւ են 2004-ի ապրիլի 5-ը, 12-ը, Աշոտ Մանուչարյանի դեպքը: Իշխանությունը երկարաձգվելու վերջին ճիգերն է անում, բայց իրենց շարքերի առնետավազքը սկսված է: Ռեժիմը վատնել է ռեսուրսները եւ ոչ մի ուժային կառույց, կամակատարների ոչ մի խումբ չի հայտնվի, որը ժողովրդի գլխին մահակ կօգտագործի»: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը մերժել է նաեւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության դիմումը՝ մայիսի 6-ին Գարեգին Նժդեհի հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Պատճառաբանվում է, որ Կիեւյան կամրջի վերանորոգման պատճառով երթեւեկությունը ծանրաբեռնված է, բացի այդ՝ սկսվել են բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքներ, որոնք կշարունակվեն մինչեւ մայիսի վերջը: Տեղեկացնենք նաեւ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի կունենա Մտավորականների 9-րդ ֆորումը: Դրա ընթացքում ի մի կբերվեն մինչ այդ տեղի ունեցած հանդիպումներն ու դրանց արդյունքները: Հիշեցնենք, որ ի տարբերություն հանդիպումների նախորդ շարքի, այս անգամ Մտավորականների ֆորումը շփումներ է ունեցել բացառապես ընդդիմադիր ճակատի կուսակցությունների հետ: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել