Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Սահակյանն ուզում է կախել ու վառել

Մայիս 04,2005 00:00

Վահրամ Սահակյանն ուզում է կախել ու վառել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրվող Վահրամ Սահակյանի «Վրաերթ» հեղինակային հաղորդումը եթեր գնաց մի քանի անգամ, հետո որոշ պատճառաբանություններով փակվեց: Հաղորդման հեղինակը «Առավոտին» ներկայացրեց նախապատմությունը. «Հին ու անհետաքրքիր պատմություն է: Ես չեմ կարծում՝ կա մեկը, որ կարող է փակել իմ հաղորդումը: Վահրամ Սահակյանը կուզի կբացի, կուզի կփակի այն: Ես փակեցի հաղորդումս, որովհետեւ ուղղակի հոգնել էի: «Կենտրոնի» նախկին ղեկավար Պետրոս Ղազարյանն ասում էր. «Արի մի երկու հատ չանենք, թող մարդիկ հանգստանան: Կասենք, որ Վահրամը հիվանդ ա»: Ես ել չհամաձայնեցի: Նրանք հավանաբար վախեցան գավառական, գաղջ խավի զանգերից՝ հեռուստատեսություն, որոնք բողոքում էին, թե իմ ճաշակն եմ թելադրում հաղորդման օգնությամբ: Պետրոս Ղազարյանի ասելով, իրենք վախենում էին ռեյտինգ ու հովանավորներ կորցնելուց»: Վ. Սահակյանի համոզմամբ՝ ներկայիս բոլոր հեռուստատեսությունների ղեկավարները «հայրենիքի դավաճաններ են, որոնք երկու կոպեկի համար սերունդ են փչացնում»: Նրանք անարգել գովազդում են լոտոներ, հնչեցնում են ռաբիս երաժշտություն. «Զարմանում եմ, ո՞նց կարող է մի հատ 068211ի համար ամբողջ շենքը պարել, ինչպես ներկայացվում է լոտոյի գովազդում, ինչու, 06-ը պարելու համա՞ր է ստեղծված»: Հեռուստաեթերը աղավաղողների համար թատերագիրն առաջարկում է պատժամիջոցի իր տարբերակը՝ «բոլորին կախել Բաղրամյան փողոցի ծառերից»: «Ես եւ ընկերներս զզվում ենք հայկական բոլոր հեռուստատեսություններից՝ լինի դա «Կենտրոն», թե «Ծայրամաս»: Նրանք դիտավորյալ հիվանդացնում են մեր հասարակությունը: Անընդհատ ցույց են տալիս տգեղ արտաքինով, անատամ, հիվանդ մարդկանց: Ռեպորտաժներում կարծիք են հարցնում անմակարդակ մարդկանցից: Դեմ չեմ, որ ցույց տան նրանց, բայց միայն նրա՞նց: Նորմալներն էլ թող կարծիք արտահայտեն, որ համեմատության տեղ լինի»,- ասում է Վ. Սահակյանը: Նա գտնում է, որ կան «սխալ ստեղծված մարդիկ», որոնք լսում են թուրքական երաժշտություն՝ հայերի կատարմամբ ու ցուցադրում «անընդհատ զռացող երեխաների»: «Օրինակ, որպեսզի հասարակությունն առողջանա, նաեւ Տիգրան Կարապետյանի նմաններին պետք է վառել: Իսկ ռաբիս լսող մուտանտները, հորոսկոպ կարդացողները աշխարհում ապրելու իրավունք ընդհանրապես չունեն»,- բողոքում է թատերագիրը: Իր մտահոգությունները Վ. Սահակյանը նամակով հայտնել է նաեւ մշակույթի նախարարին, բայց պատասխան առայժմ չի ստացել: «Հետո հասկացա, որ իրենց դեմ պայքարի միջոց եմ առաջարկել, էլ ո՞ւր եմ նամակ գրում: Քանի որ հենց այդ նախարարությունում էլ կան մարդիկ, որ թուրքական ու ռաբիս երաժշտություն են լսում»,- կարծում է Վ. Սահակյանը: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031