«ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆՔ՝ ԵՐԲ ԿԳԱ ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐԸ» Ասում է հրապարակագիր Ռուբեն Անգալադյանը – Պրն Անգալադյան, ցեղասպանության 90-ամյակի հիշատակի միջոցառումներն անցան: Ի՞նչ է պետք այսօր: – Նախ, պետք է ելնենք ոչ թե ցավի զգացումից, այլ նրանից, թե վաղը, մյուս օրը մեր պետությունը ինչպես ենք տանելու համաշխարհային հանրություն: Ի՞նչ գին ենք ստանալու եւ ի՞նչ գին ենք ունենալու իբրեւ ազգ: Մենք պետք է նախեւառաջ օգտագործենք ամեն մի ամբիոն: Որքան կարեւոր են փաստերը, նույնքան կարեւոր են դրանք ճիշտ մեկնաբանելը: Հայ ժողովուրդը ողբերգական կենսագրություն ունեցող ժողովուրդ է, ապրել է տարբեր կայսրությունների մեջ: Սակայն ինքն իր ներսում ունեցել է ազատության տենչը, որը կարողացավ իրականացնել մեծ գին վճարելով, քանի որ Աբդուլ Համիդից առաջ եւ հետո ցեղասպանությունը շարունակվում էր, իր բացասական հետեւանքներով: Ստալինյան ռեպրեսիաները ոչնչով չէին զիջում 40-ականների աքսորին: Այդ սթրեսներից մեկն էլ Համաշխարհային պատերազմն էր: Սակայն երեւի հարցնեք, թե ի՞նչն էր պատճառը, որ հայ ժողովուրդը մասնատվեց երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իսկ հետպատերազմյան շրջանում տարվեցինք նաեւ հակասովետիզմով: Մենք սոցիալիզմ կառուցելու համար չէինք ստեղծել Սովետական Հայաստանը: Ստեղծել էինք մի համակարգ, որը պետք է համակարգեր մեր ազատությունը: Մենք սպասում էինք այդ պահին եւ ուզում էինք ապրել որպես ազգ՝ համաշխարհային ազգերի կողքին: – Դուք հաճախ եք ասում. անկախությունը կա, կամքը կա, սակայն դեռ չկա այն ուժը, որը կտա Հայաստանին ճշմարիտ համակարգ: Նո՞ւյնն եք պնդում այսօր: – Երեւի պատկերավոր նկատեմ ասվածը. ջուրը բացել են, կեղտոտ ջուրն է գալիս: Մենք պետք է սպասենք, թե երբ կգա մաքուր ջուրը: Յուրաքանչյուր հայի համար (նշանակություն չունի՝ Հայաստանում է գտնվում, թե նրանից դուրս) Եղեռնը իր անձնական կենսագրության մի մասն է: Ու կենսագրության մաս է նաեւ այն հայերի համար, որոնք իրենց հայությունից հրաժարվել են (հայությունից հրաժարվել են այն հայերը, որոնք հոգնած են եւ չեն ցանկանում հենց այդ իրականությունը): Բայց ինձ համար զարմանալի է, թե ինչո՞ւ Հայաստան-պետությունը վարելով իր արտաքին քաղաքականությունը, չի բարձրացնում կարեւորագույն հարցը. Օսմանյան կայսրությունը բոլորին հանձնեց իրենց էթնիկական տարածքները եւ վաղուց դրանք գտնվում են տվյալ անկախ պետությունների սահմաններում (Սիրիա, Բուլղարիա, Եգիպտոս, Ռումինիա, Իրաք, Հունաստան): Իսկ մե՞նք: – Մենք մեր պահանջները ճի՞շտ ենք դնում: – Մեր այսօրվա արտաքին քաղաքականությունը մշակվում է՝ ելնելով մի հանգամանքից. Ղարաբաղի: Ով ընդունում է ցեղասպանությունը, փաստորեն ընդունում է Ղարաբաղի խնդիրը: Չէ՞ որ մեր ցեղասպանությունը տեւել է մինչեւ հրադադարը՝ 100 տարի, մինչեւ 1994-ը: Սակայն կան հարցեր, որոնք պետք է ճշտել. ի՞նչ էր ցեղասպանությունը (բացի նրանից, որ 1.5 մլն մարդ է զոհվել): Ի՞նչ ենք կորցրել (բացի նրանից, որ գերակշիռ մեծամասնությունը բացատրում է. «պապի ոսկիները») եւ վերջինը՝ ինչի համար է կյանքը տրվել: Երբ դուրս եկանք մեր բնօրրանից, կորցրինք մեր արժանապատվությունը: Ու դեռ գնում ենք: Ո՞ւր, ի՞նչ ձեւով: Չգիտենք: – Ինչպիսի՞ պայմաններում կընդունվի ցեղասպանությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում հատուցումը: – Ցեղասպանությունը կընդունեն բլոկ-պետությունները: Մենք դեռ կփորձենք հասկանալ աշխարհաքաղաքական խնդիրները, որովհետեւ լավ չենք պատկերացնում, թե ո՞ւր ենք գնում: Հայաստանը մեծ հակասությունների մեջ է սփյուռքի հետ, քանի որ նրա խնդիրները շատ են: Ժողովուրդը հանրապետությունից դուրս եկավ, այն դեպքում, երբ պետք է առնվազն 3-4 մլն հայեր եկած լինեին 3-րդ հանրապետություն: Արգենտինահայը, ֆրանսահայը, ամերիկահայը… տարբեր է, ներսում ավելի նեղացած. պոլսահայ, իրանահայ, Հայաստանի հայ: Կազատվե՞նք այս մոտեցումից, որպեսզի բոլորս մտածենք միասին: Ինչ վերաբերում է այսօրվա հատուցման խնդրին, որոշ ժամանակ անց կպարզվի, որ շատուշատ բաներ չես ասել: Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ժամանակ ոմանք ասում էին. եկեղեցին կարող է պահանջել մշակութային կոթողները: Ներողություն: Իսկ գե՞տը: Սարը: Հողը: Աշխարհը: Պետք է լինի բարոյական, նյութական, տարածքային, մշակութային եւ ֆինանսական հատուցում, որը երաշխավորված կլինի միջազգային իրավական փաստաթղթերով: Վերջին հաշվով պետք է հասկանանք, թե ի՞նչն էր պատճառը, որ երիտասարդ ազգը կայսրությունը պաշտպանելու համար դիմում է մի ողջ ազգի ոչնչացման: Ինչը կարող է կրկնվել, քանի որ մինչեւ այսօր տվյալ ազգ-պետությունը որեւէ կերպ խնդիրը չի ուզում ոչ հասկանալ, ոչ էլ լուծում տալ: Որովհետեւ խնդիրն իր ներսում է: Գտնվելով Օսմանյան կայսրության մեջ, չտեսանք, որ պետությունը քայքայվում է եւ կարող էինք օգտվել դրանից: Կամ լինելով Անդրկովկասի ամենակրթված, խելացի հատվածը, Սեյմում անգամ նախարարական աթոռ էլ չունեինք: Ինչո՞ւ: Բարեբախտաբար, այսօրվա միջազգային կոնյունկտուրան մեր օգտին է: Տեսեք, Եվրախորհրդի հայ ներկայացուցիչներին, որոնք եվրոպական մտածողություն չունեն: Շանթն էլ գնաց Լենինի հետ բանակցելու, բայց ոչ մի ռուսի չգիտեր, ծանոթ չէր նրա հոգեբանությանը: Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ