Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ

Մայիս 04,2005 00:00

ՄԻՆՉԵՎ 2007-Ը ԺԱՄԱՆԱԿ ԴԵՌ ԿԱ Ըստ փորձագետների՝ եթե մինչեւ առաջիկա ԱԺ եւ նախագահական ընտրությունները չլուծվի «Ա1+»֊ին եթեր տրամադրելու հարցը, դա կարող է ծանր անդրադառնալ մեր երկրի վրա։ «Եթե մեր իշխանություններն այդքան կարեւորում են մտավորականների խոսքը, որ մի քանի՝ այդպես էլ անհայտ մնացած մտավորականների խնդրանքով, առանց որեւէ մրցույթի հաճախականություն տրամադրեցին «Կուլտուրա» ռուսական ալիքին, ապա նրանք պիտի հարգեն նաեւ այն վեց հազար մարդկանց ձայնը, ովքեր իրենց ստորագրությունն են դրել «Ա1+»֊ի բացման եւ ազատ հաճախականությունների ցանկը հրապարակելու եւ դրանց համար մրցույթ հայտարարելու պահանջի ներքո։ Առավել եւս, որ այդ 6000 մարդկանց հիմնական մասը մտավորականներ են, բավականին հայտնի եւ հարգված անձինք»,- երեկ, ամփոփելով «Ա1+»֊ի բացման համար անցկացված ստորագրահավաքը, որը սկսվել էր ապրիլի 2-ին՝ հեռուստաընկերության եթերազրկման երրորդ տարելիցի օրը, ասաց «Հանուն խոսքի ազատության» նախաձեռնության ներկայացուցիչ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Ինչպես նա, այնպես էլ այդ նախաձեռնության այլ անդամներ, որ տարբեր հասարակական կազմակերպություններ են ներկայացնում, վստահեցրին, որ իրենց պայքարը չի սահմանափակվելու միայն ստորագրահավաքով կամ դրան նախորդած ակցիաներով։ «Անկախ նրանից, թե որքան երկար կձգվի եւ քանի հոգի կմնա վերջում, միեւնույն է՝ մենք պայքարելու ենք այնքան, մինչեւ հասնենք «Ա1+»֊ի բացմանը»,- խոստացան ներկաները։ Ստեփան Դանիելյանը, որ նույնպես անդամակցում է «Հանուն խոսքի ազատության» նախաձեռնությանը, համոզմունք հայտնեց, որ «Ա1+»-ը պարզապես փակված հեռուստաընկերություն չէ. «Այն նաեւ խորհրդանիշ է՝ ազատ խոսքի սահմանափակման խորհրդանիշը։ Եվ քանի դեռ «Ա1+»֊ը փակ է, նշանակում է ՀՀ-ում ազատ խոսքի մասին խոսելն ավելորդ է»։ Թերեւս տեղին է նշելը, որ լրագրողների հետ «Հանուն խոսքի ազատության» նախաձեռնության երեկվա հանդիպմանը ներկա չէր եւ ոչ մի հեռուստաընկերություն։ Այնպես որ, երեկ, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տարբեր առիթներով եւ տարբեր վայրերում հնչած այն միտքը, թե ՀՀ-ում չկա եւ ոչ մի ազատ էլեկտրոնային լրատվամիջոց, այնքան էլ զուրկ չէ հիմքերից, որքան էլ այդ լրատվամիջոցները տարբեր հայտարարություններ ստորագրեն, թե ՀՀ-ում վտանգված չէ խոսքի ազատությունը։ Նախաձեռնության մեկ այլ ներկայացուցիչ՝ Նատալյա Մարտիրոսյանը, գտնում էր, որ «Ա1+»-ի բացման հարցը լրատվամիջոցների խնդիրը չէ միայն, այլեւ՝ հասարակության, որն իրավունք ունի ազատ խոսքի, բազմակարծության եւ ազատ տեղեկատվության, ինչի դեֆիցիտն «Ա1+»-ի փակումից հետո խիստ զգալի է։ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, այդ դեֆիցիտը եւ հատկապես «Ա1+»-ի պահանջը զգացվում են երկրի համար խիստ կարեւոր պահերին։ «Մեզ առայժմ ներվել են մեր նախորդ խայտառակ ընտրությունները, որոնց արդյունքում ՀՀ-ն այնքան էլ չի տուժվել։ Բայց հիմա այլ իրավիճակ է։ Եվ եթե հաջորդ ընտրություններն էլ նման ձեւով անցկացվեն, իսկ դա անխուսափելի է, եթե չկան ազատ եւ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող հեռուստաընկերություններ, ապա այս անգամ ՀՀ-ն կհայտնվի մի այնպիսի «դարակում», որ որեւէ առաջընթացի համար այլեւս մտածել անգամ կարելի չի լինի։ Դա է պատճառը, որ մենք պետք է անպայման հասնենք փոփոխությունների, հատկապես «Ա1+»-ի վերադարձին։ Իբրեւ թե ժողովրդավարական ընտրությունների որեւէ բեմականացում այս անգամ չի անցնի եւ մեր երկիրը կխայտառակվի»,֊ հայտարարեց պրն Նավասարդյանը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել