Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ

Մայիս 04,2005 00:00

«Դեմ առ դեմ» Մինչ Հայաստանի պատմա-բանասիրական, երիտասարդական եւ ազգայնական շրջանակներում զայրանում են Թուրքիայի անհանդուրժող կեցվածքի վրա եւ տարակուսում, թե ինչպես վերջինս չի ընդունում Հայոց ցեղասպանության հետ կապված ակնհայտ ճշմարտությունները, Անկարան մի առանձին եռանդով ձեռնամուխ է եղել իր արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդելու գործին: Ըստ «Ռեգնում» գործակալության, Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը հաստատել է կառավարության այն որոշումը, որի համաձայն ԱՄՆ-ին իրավունք է տրվում օգտագործել Թուրքիայի հարավում գտնվող առանցքային ռազմաբազաները որպես հենակետեր՝ Իրաքում եւ Աֆղանստանում իրականացվող գործողությունների սպասարկման համար: Այսպիսով, ԱՄՆ զինուժը Հարավային Ադանայի Ինջիրլիք օդային բազայից դեպի Իրաք եւ Աֆղանստան մարտական թռիչքների իրականացման եւ նյութերի փոխադրման հնարավորություն է ստանում: Հարկ է նշել, որ այս փաստաթուղթն արդեն իսկ իրավազոր է եւ ենթակա չէ վավերացման՝ թուրքական խորհրդարանի կողմից: Վերջին օրերին Թուրքիան աշխուժացրել է հարաբերությունները նաեւ Իսրայելի հետ: Իսրայելի նախագահ Մոշե Կացավի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը խոսել է երկկողմ հարաբերությունների կարեւորության մասին, բնականաբար, այդ բանն անելով որոշ հակաիրանական ընդգծումների ֆոնին: «Իրանական միջուկային ծրագիրը սպառնում է ողջ աշխարհին եւ Իսրայելը միակ երկիրը չէ, որ բախվում է Թեհրանի միջուկային հավակնությունների սպառնալիքներին»,- ասել է Էրդողանը: Վերջինս անցած կիրակի բանակցություններ է վարել Իսրայելի ղեկավարության հետ եւ առաջարկել Անկարայի միջնորդությունը իսրայելա-պաղեստինյան երկխոսության հաստատման գործում: Էրդողանն ասել է, թե Անկարան ձգտում է «խաղաղության երաշխավոր» լինել մերձավորարեւելյան տարածաշրջանում: Երեկ Թուրքիայի վարչապետը Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում պետք է հանդիպեր նաեւ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ: Չնայած վերջին օրերի իր զբաղվածությանը, Էրդողանը չի մոռացել նաեւ հայկական թեման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, թուրքական «Զաման» թերթը կիրակի օրը հաղորդել է, թե մայիսին կայանալիք միջազգային հավաքներից մեկում Թուրքիայի վարչապետը մտադիր է առաջարկել «դեմ առ դեմ» հանդիպում Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Թերթն արձանագրում է, թե Հայոց ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկից հետո սա կլինի Էրդողանի երկրորդ նախաձեռնությունը: Նշենք, որ Էրդողանը եւ Քոչարյանը մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի 60-ամյակի հանդիսություններին, ինչպես նաեւ մայիսի 15-16-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք ԵԽ գագաթաժողովին: Ենթադրելի է, որ Էրդողանի այս վերջին առաջարկը եւս «արժանի հակահարված» կստանա պաշտոնական Երեւանի կողմից: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031