Բայց ըստ նրա՝ ուրիշ ֆռռացնողներ կան
Ըստ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի, ինքը ոչ մեկին չի ֆռռացնում, սակայն ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր պատրաստ են ֆռռացնել եւ մարդկանց ապակողմնորոշել, իսկ դա լավ բան չէ: Իսկ «ֆռռացնելու» մասին պարոն Թորոսյանը ստիպված խոսեց, քանի որ «Առավոտը» հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ ընդդիմադիր Շավարշ Քոչարյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի իշխանական ուժերը փորձում են խաբել, ֆռռացնել ԵԽԽՎ-ին, Վենետիկի փորձագետներին, քանի որ շարունակ նրանց խոստանում են, որ սահմանադրական փոփոխությունները կկատարվեն վերջիններիս կողմից արված առաջարկությունների ոգով, սակայն այդպես էլ խոսքի տերը չեն լինում: Պարոն Թորոսյանը պատասխանելով մեր հարցին՝ նկատեց, որ չի կարծում, թե Շավարշ Քոչարյանը այդքան վատ կարծիքի է Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի Խորհրդի մասին. «Ավելին, չեմ կարծում, թե նա մտածում է, որ իրենց կարելի է (հնարավո՞ր է – Մ. Ե.) ֆռռացնել: Սա, կարծում եմ, ուղղակի քարոզչական հնարք է, որովհետեւ ե՛ւ Վենետիկի հանձնաժողովում, ե՛ւ ԵԽ-ում հիանալի տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հետ կապված»:
ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ շատ քիչ ժամանակ անց ակնհայտ կդառնա, թե Սահմանադրության ինչ նախագիծ է դրվելու հանրաքվեի. «Հուսով եմ, որ կոալիցիայի կողմից ներկայացվելիք նախագիծը զգալիորեն փոփոխված կլինի նախորդի համեմատ՝ հօգուտ արված առաջարկությունները հաշվի առնելու: Ընդ որում, ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի, այլեւ մեր հանձնաժողովի նիստերի ժամանակ, որովհետեւ այդ նիստերում եղել են բազմաթիվ օգտակար առաջարկություններ, որոնք Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների մեջ չկային: Սահմանադրության նախագիծը վերջնական տեսքի է գալու հունիսի սկզբին, քննարկումների արդյունքում: Կարծում եմ, խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին ներկայացվող տեղեկությունների մեջ պարզապես շահարկվում էր այն հանգամանքը, որ նախագծերը սկզբնական տեսքով անթերի չեն եղել: Իհարկե, անթերի չպետք է լինեին, եթե հենց սկզբից անթերի լինեին՝ էլ ինչո՞ւ պետք է ուղարկվեին փորձաքննության: Հենց այդ ժամանակ էլ կդրվեր հանրաքվեի: Եթե ֆռռացնելու հարց կա, ապա, կարծում եմ, ֆռռացնելը հենց այն է, ինչ ասվում էր, որովհետեւ բազմաթիվ պատգամավորներ ասում էին, որ իրենց տեղեկություն է տրվել, թե իբր արհամարհելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները՝ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հանրաքվեի դնել Սահմանադրության նախագիծը»: Տիգրան Թորոսյանն ասաց, որ մինչ այժմ գործընթացը տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածությունների շրջանակում. «Եվ ասել, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ֆռռացնում է՝ չի համապատասխանում իրականությանը: Ավելին ասեմ, այո, Հայաստանում կան մարդիկ, տարբեր անձինք, տարբեր կողմերում՝ եւ ընդդիմության մեջ, եւ իշխանության, որոնք մտածում են, որ արժե ԵԽ փորձագետներին ինչ-որ տեղեկություն ներկայացնել՝ գնդակը հեռու նետելու նպատակով: Բայց կյանքը բազմիցս հաստատել է, որ սա ուղղակի մոլորություն է: Չի կարելի այս ճանապարհով հարց լուծել»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ