Նոր կառուցվող ճանապարհը պատճառ կդառնա, որ սկսեն ոչնչացնել մինչ օրս անմատչելի Մթնաձորի անտառը:
Օրերս հայտարարվեց, որ սկսվել է Կապան-Ծավ-Մեղրի ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը, որը Հայաստանի համար մեծ ռազմավարական նշանակություն ունի: Ճանապարհի մի հատված՝ 17 կմ երկարությամբ, անցնելու է Շիկահողի պետական արգելոցի տարածքով, նույնն է թե՝ Մթնաձորի անտառով: Բակունցի հիշատակած այս տարածքը մնացել է կուսական վիճակում, որովհետեւ դժվարհասանելի է, ճանապարհ չկա եւ անտառագողերի ձեռքը մինչ այժմ այդտեղ չի հասել: «Ճանապարհի կառուցումը կխաթարի բնական հավասարակշռությունը՝ հանգեցնելով կենսաբազմազանության արժեքավոր տեսակների կորստին, քանի որ արգելոցում լանջերը 35 աստիճանից ավելի թեքություն ունեն եւ հողային-շինարարական աշխատանքները կհանգեցնեն սողանքների, կենդանական աշխարհի ներկայացուցիչները կհեռանան տարածքից: Ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ է կտրել 14000 հասուն եւ 90000 մատղաշ ծառ»,- «Առավոտին» ուղարկած հաղորդագրության մեջ նշում է Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը եւ առաջարկում ճանապարհը կառուցողներին առավել անվտանգ, կարճ, հետեւաբար եւ քիչ ծախսատար ուղի՝ Կապան-Շիշկերտ-Մազրա-Շվանիձոր: Այս դեպքում ճանապարհն անցնում է հիմնական հարավային լանջերով, արեւկող է, ձմռան ամիսներին ձյան շերտը երկար չի մնում եւ ճանապարհն անցանելի է:
Ընդհանրապես, արգելոցներում տնտեսական գործունեություն չի թույլատրվում: Առանց այդ էլ հանրապետության արգելոցները շատ վատ են պահպանվում: Բացառություն չէ նաեւ Շիկահողինը՝ մինչեւ 1998թ. այն ներառված էր Կապանի անտառտնտեսության կազմում որպես անտառային տարածք: Արգելոցի սահմաններից դուրս է մնացել հատուկ պահպանության ենթակա Ծավի հանրահայտ սոսիների պուրակը: Արգելոցի տարածքում տեղակայված է 5 բնակավայր՝ իր բոլոր ծանր հետեւանքներով՝ խոտհունձ, անտառահատումներ, որսագողություն, բանջարաբուծություն, վայրի բույսերի հավաք: Իսկ այստեղ կան Կարմիր գրքում ընդգրկված շուրջ 70 բուսատեսակներ, բազմաթիվ թռչուններ ու կենդանիներ եւ նախատեսվող բանուկ ճանապարհը դրանց լիովին ոչնչացման վտանգ է ստեղծելու:
Շուրջ մեկ տարի առաջ փոխեցին Դիլիջանի պետարգելոցի կարգավիճակը՝ դարձնելով ազգային պարկ, որպեսզի հնարավորություն ստեղծվի տարածքում տնտեսական գործունեություն ծավալել: Չի բացառվում, որ նորակառույց ճանապարհի պատճառով ախորժաբեր դառնա նաեւ Շիկահողի արգելոցը եւ ճանապարհի երկայնքով մոթելների, խորտկարանների ու բենզալցակայանների հայտնվելն արդարացնելու համար այս արգելոցի կարգավիճակը փոխելու խնդիր նույնպես դրվի:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ