Գյումրիի «Շիրակ» հանրային հեռուստատեսության
աշխատակիցները դժգոհում են Հայաստանի հանրային ռադիոհեռուստատեսության խորհրդի
«բարեփոխումներից»: Իսկ խորհրդի նիստով, ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից
ազատվեց «Շիրակ» հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետիք Մելիք-Սարգսյանը:
Սակայն պատճառը, ինչպես վերջինիս, այնպես էլ կոլեկտիվի անդամների համար անհայտ է
մնացել: Կոլեկտիվի անդամների ներկայացնելով, մի քանի օր առաջ հանրային հեռուստատեսության
խորհրդից զանգ են տվել իրենց տնօրենին, թե «դիմում գրի ու քո կամքով հեռացի», սակայն
տնօրենը տեղից չի շարժվել, որի արդյունքում էլ խորհուրդը «սյուրպրիզ» է մատուցել՝
«Հայլուրով» միանգամից հայտնելով նրա աշխատանքից ազատվելու մասին: «Շիրակցիների»
ասելով, մինչ խորհրդի նիստը՝ իրենք բացատրություն են պահանջել «վերեւներից», որտեղից
եւ կադրային այս փոփոխությունը պատճառաբանվել է կառույցում նոր բարեփոխումներ կատարելու
հեռանկարով: Կոլեկտիվի անդամների այն հարցին, թե բարեփոխումները հնարավոր չե՞ն ներկա
տնօրենի օրոք, հանրային հեռուստատեսության խորհրդից, ըստ կոլեկտիվի անդամների, պատասխանել
են, թե դա Ալեքսան Հարությունյանի «որոշումն է, որը քննարկման ենթակա չէ»: Մինչդեռ
«Շիրակ» հանրային հեռուստատեսության մոտ 40 հոգանոց աշխատակազմը համոզված է, որ «բարեփոխումների»
շարքը կշարունակվի, նոր տնօրենը, բնականաբար, իր հետ նոր աշխատողներ կբերի, առավել
եւս, երբ տնօրենի պաշտոնի համար դեռ մրցույթը չկայացած, հայտնի է, որ նա իրենց մրցակից
հեռուստաընկերության՝ «Ցայգի» «շեֆն» է: «Շիրակցիները» հավաստիացնում են,
որ «Ցայգ» ՍՊԸ հիմնադիր խորհրդի նախագահ Արթուր Ղանդիլյանը ամենուր «պարծենում» է,
թե մրցույթը «կրել» է, ավելին՝ «Շիրակի» աշխատողների հետ առանձին-առանձին հանդիպումներ
է կազմակերպում ու բացատրական աշխատանքներ տանում: Որոշ աշխատակիցների ասելով, իրենք
այդ ժամանակ Ղանդիլյանի սեղանին տեսել են «Շիրակ» ստուդիայի հաստիքացուցակը, աշխատավարձի
ցուցակն ու այլ փաստաթղթեր: Նրանց անգամ շշուկներ են հասել, թե «Ցայգի» տնօրենը հասցրել
է ստեղծել սեփական հաստիքացուցակը, որոշելով, թե ում է թողնելու, ում՝ կրճատելու:
«Ցայգի» տնօրենը բարեփոխում անող է՝ թող իր ստուդիան կարգի բերի, որ մարդկանց զահլեքը
շնորհավորանքներով ու մահախոսականներով չտանի: Կամ էլ չի մտածո՞ւմ, որ հնդիկներն
ի վիճակի չեն էնքան քանակությամբ ֆիլմ արտադրել, որ եւ՛ «Շիրակին», եւ՛ «Ցայգին»
բավարարի»,- իրենց գործընկերների աշխատանքն այսպես գնահատեցին «Շիրակ» հանրային հեռուստատեսության
զայրացած աշխատակիցները: Ըստ նրանց, իրենց տնօրեն Ավետիք Մելիք-Սարգսյանը գոնե դատ
շահելու մեծ փորձ ունի. վերջինս անգամ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությանը
դատի տվեց ու մի տարվա աշխատավարձը՝ (2000-2001թթ.) 17 միլիոն դրամը շահեց: Կոլեկտիվը
նաեւ մտահոգված է, որ տնօրենի փոփոխության դեպքում իրենց այս գումարը չի հասնի, ավելին՝
իրենց կառույցը կփակվի: Նրանց գնահատմամբ, սա Մելիք-Սարգսյանի «անձնական ձեռքբերումն
է», ով «նյարդերը քայքայեց»՝ 30 դատական նիստի մասնակցելով: Իսկ այն մեղադրանքներին
ի պատասխան, թե «շիրակցիները» չեն զարգացրել հեռուստատեսությունը՝ աշխատակազմը արդարանում
է նորմալ եթերաժամ չունենալով, պետության կողմից մի տարվա աշխատավարձը չփոխանցելով,
«Ցայգի»՝ իրենց հատկացված 6-րդ մետրային կապուղում ապօրինաբար ու համառորեն մնալու
եւ գովազդի համար թեժ ժամանակը օգտագործելու համար: Այս ամենի մասին փորձեցինք
պարզաբանումներ ստանալ նաեւ «Ցայգ» ՍՊԸ հիմնադիր խորհրդի նախագահ Արթուր Ղանդիլյանից,
որը միայն պատասխանեց. «Շնորհակալություն «շիրակցիներին», որ ինձ դրդում են մրցույթին
մասնակցել, ես անպայման իմ թեկնածությունը կառաջադրեմ»: Մինչդեռ «շիրակցիները» ամենեւին
էլ մտադրված չեն Արթուր Ղանդիլյանին որպես նոր տնօրեն տեսնելու, իսկ դատ շահելու
վարպետ Մելիք-Սարգսյանն էլ չի պատրաստվում իր պաշտոնը որեւէ մեկին հեշտ ու հանգիստ
զիջել. նա դարձյալ դիմելու է դատարանի օգնությանը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Ստեղծագործող գործընկերների միջեւ առաջացած նման լարվածությունը,
բնականաբար, հաճելի չէ հեռուստադիտողներին, ուստիեւ կարծում ենք ճիշտ կլիներ, որ
Հանրային ռադիոհեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հրապարակայնորեն
պարզաբաներ, թե որն է եղել Ավետիք Մելիք- Սարգսյանին աշխատանքից ազատելու պատճառը: