«Դեմ
առ դեմ» Մինչ Հայաստանի պատմա-բանասիրական, երիտասարդական եւ
ազգայնական շրջանակներում զայրանում են Թուրքիայի անհանդուրժող կեցվածքի վրա եւ տարակուսում,
թե ինչպես վերջինս չի ընդունում Հայոց ցեղասպանության հետ կապված ակնհայտ ճշմարտությունները,
Անկարան մի առանձին եռանդով ձեռնամուխ է եղել իր արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդելու
գործին: Ըստ «Ռեգնում» գործակալության, Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը հաստատել
է կառավարության այն որոշումը, որի համաձայն ԱՄՆ-ին իրավունք է տրվում օգտագործել
Թուրքիայի հարավում գտնվող առանցքային ռազմաբազաները որպես հենակետեր՝ Իրաքում եւ
Աֆղանստանում իրականացվող գործողությունների սպասարկման համար: Այսպիսով, ԱՄՆ զինուժը
Հարավային Ադանայի Ինջիրլիք օդային բազայից դեպի Իրաք եւ Աֆղանստան մարտական թռիչքների
իրականացման եւ նյութերի փոխադրման հնարավորություն է ստանում: Հարկ է նշել, որ այս
փաստաթուղթն արդեն իսկ իրավազոր է եւ ենթակա չէ վավերացման՝ թուրքական խորհրդարանի
կողմից: Վերջին օրերին Թուրքիան աշխուժացրել է հարաբերությունները նաեւ Իսրայելի
հետ: Իսրայելի նախագահ Մոշե Կացավի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը խոսել
է երկկողմ հարաբերությունների կարեւորության մասին, բնականաբար, այդ բանն անելով
որոշ հակաիրանական ընդգծումների ֆոնին: «Իրանական միջուկային ծրագիրը սպառնում է
ողջ աշխարհին եւ Իսրայելը միակ երկիրը չէ, որ բախվում է Թեհրանի միջուկային հավակնությունների
սպառնալիքներին»,- ասել է Էրդողանը: Վերջինս անցած կիրակի բանակցություններ է վարել
Իսրայելի ղեկավարության հետ եւ առաջարկել Անկարայի միջնորդությունը իսրայելա-պաղեստինյան
երկխոսության հաստատման գործում: Էրդողանն ասել է, թե Անկարան ձգտում է «խաղաղության
երաշխավոր» լինել մերձավորարեւելյան տարածաշրջանում: Երեկ Թուրքիայի վարչապետը Հորդանան
գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում պետք է հանդիպեր նաեւ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ
Աբասի հետ: Չնայած վերջին օրերի իր զբաղվածությանը, Էրդողանը չի մոռացել նաեւ
հայկական թեման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, թուրքական «Զաման» թերթը կիրակի օրը հաղորդել
է, թե մայիսին կայանալիք միջազգային հավաքներից մեկում Թուրքիայի վարչապետը մտադիր
է առաջարկել «դեմ առ դեմ» հանդիպում Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Թերթն արձանագրում
է, թե Հայոց ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով
ստեղծելու առաջարկից հետո սա կլինի Էրդողանի երկրորդ նախաձեռնությունը: Նշենք, որ
Էրդողանը եւ Քոչարյանը մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Երկրորդ
աշխարհամարտում Հաղթանակի 60-ամյակի հանդիսություններին, ինչպես նաեւ մայիսի 15-16-ը
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք ԵԽ գագաթաժողովին: Ենթադրելի է, որ Էրդողանի
այս վերջին առաջարկը եւս «արժանի հակահարված» կստանա պաշտոնական Երեւանի կողմից:
Տ. Ա.