Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղափոխության մարտավարությունը կփոխվի

Մայիս 04,2005 00:00

Արամ Կարապետյանը հակադարձում է մեղադրանքներին

«Միակ անսպասելի բանը մեզ համար այն էր, որ երկրի նախագահը՝ ինչպես հոկտեմբերի 27-ից հետո, իր վրա վերցրեց դատախազի եւ ոստիկանապետի ֆունկցիաներ: Դեռեւս նախաքննության փուլում գտնվող քրեական գործն ակնհայտորեն քաղաքական ուղղորդում տալով՝ իշխանություններին հաճո ընթացքով: «Դավաճանների» քանակը եւ որակը գնալով աճում է: Չեմ կարծում, որ այդ կեցվածքը հարիր է երկրի նախագահին»,- երեկ՝ ի պատասխան Սեւանի դեպքերի առիթով Ռոբերտ Քոչարյանի գնահատականների, այսպիսի հայտարարություն արեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Պարոն Կարապետյանը, ինչպես նաեւ կուսակցության վարչությունը հերքում եւ «հերյուրանք» են համարում նախորդ օրը ոստիկանության տարածած հաղորդագրությունը, որում ասվում է Ա. Կարապետյանի մերձավորների քրեական անցյալի մասին: Ի դեպ, կուսակցությունը տարածել է Սեւանի դեպքերի առիթով Գեղարքունիքի մարզի դատախազությունում եւ ոստիկանությունում հարցաքննված 21 անձանց ցուցակը, ըստ որի, հարկային պարտավորությունների կատարման մեջ թերանալու պատճառով ֆինանսական տույժի է ենթարկվել Մինաս Մկրտչյանը եւ 27 տարի առաջ՝ վալյուտային գործառույթների կանոնների խախտման մեղադրանքով դատապարտվել է Հրայր Կարապետյանը (խոսքը ՆԺ անդամ Հրայր Կարապետյանի մասին է): Իսկ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունում առայժմ ձեռնպահ են մնում իրենց կողմից բացահայտված «քրեական տարրերի» անունները հրապարակել:

Վահան Հովհաննիսյանի դիտարկումների առիթով էլ Արամ Կարապետյանը նկատեց. «Ես Վահան Հովհաննիսյանին հրավիրում եմ դիտելու չմոնտաժված տեսաերիզները: Եթե դրանից հետո նա իր կարծիքը չփոխի, ես կարող եմ ասել, որ Վահան Հովհաննիսյանը քաղաքական պատվեր է կատարել»: Ի դեպ, ի հեճուկս Վ. Հովհաննիսյանի՝ կրակոցի առիթով արված դատողությունների, Ա. Կարապետյանը տեղեկացրեց, որ դատախազության ներկայացուցիչները եւս հաստատել են, որ «ռիկոշետ» է եղել:

Ինչպես հայտնի է, իշխող կոալիցիան սկզբում ստորագրեց բռնությունները դատապարտող հայտարարության տակ, իսկ այնուհետեւ մտքափոխվեց եւ որոշեց, որ մեղավորը միայն ՆԺ ղեկավարն է: Արամ Կարապետյանը եզրակացնում է, որ «երկփեղկումը» տեղի է ունենում Ռ. Քոչարյանի՝ Ֆրանսիայից վերադառնալուց հետո, քանի որ նախագահը կոալիցիայի առջեւ դրել է ավանդական հայկական հարցը՝ «Դուք մեզ հե՞տ եք, թե՞ մեզ հետ չեք»: Նշենք նաեւ, որ ՆԺ-ին Երեւանի քաղաքապետարանը մերժել է մայիսի 4-ին Գարեգին Նժդեհի հրապարակում հանրահավաքի անցկացումը: Հղում անելով Սեւանի դեպքերին՝ պատճառաբանվում է. «Ձեր կողմից նախատեսված միջոցառման անցկացումը վտանգ է սպառնում անձանց առողջությանը, ինչպես նաեւ կյանքին, միեւնույն ժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված իրավախախտումների համար»:

Ինչեւէ, «Նոր ժամանակներն» այս «խաչակրաց արշավանքից» վախեցած չէ: Ավելին, շուտով կհրավիրվի կուսակցության երրորդ արտահերթ համագումարը. «Վստահեցնում եմ, որ մարտավարական գործողությունների փոփոխությունները, նոր ծրագրերը վաղուց պատրաստ են, հիմա կընտրվի լավագույնը»,- հայտարարեց Արամ Կարապետյանը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել