Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ

Մայիս 04,2005 00:00

Վերջերս
հրապարակվել է ԵԱՀԿ 2004 թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ Հայաստանին
եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը: Զեկույցում մասնավորապես ասված
է, որ ԵԱՀԿ-ն ուշադրությամբ է հետեւում ՀՀ «Ընտրական օրենսգրքի» եւ սահմանադրական
բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, փողերի լվացման, այլընտրանքային զինծառայության,
ԶԼՄ-ների ազատության, թրաֆիկինգի, ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի,
ոստիկանության համակարգում բարեփոխումների, տնտեսական եւ էկոլոգիական ոլորտներում
իրականացվող գործունեությամբ՝ ընդգծելով հիշյալ ոլորտներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի
գործադրած ջանքերն ու ՀՀ իշխանություններին ցուցաբերած աջակցությունը: Փաստաթղթում,
բնականաբար, անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որի
համատեքստում նշված է, որ ԵԱՀԿ-ն՝ ի դեմս այդ կառույցի ղեկավարի անձնական ներկայացուցչի,
խրախուսել է այդ հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն
այդ ուղղությամբ: Զեկույցի համաձայն, չնայած կողմերի դիրքորոշումների միջեւ առկա
տարբերությանը, այդուհանդերձ, բանակցությունները դրական ազդակներ ստացան 2004-ին՝
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այսպես կոչված՝ պրահյան գործընթացի
շրջանակներում, իսկ երկու երկրների արտգործնախարարները պարբերական հանդիպումների
ընթացքում քննարկեցին հետագա կարգավորման սկզբունքները: Զեկույցում ընդգծված
է նաեւ, թե անցյալ տարի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը
հավաստիացումներ էին ստացել Երեւանից եւ Բաքվից՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը
կողմերի ձգտման մասին: Փաստաթղթում ասված է, թե ԵԱՀԿ ՄԽ-ն նպաստել է հայ-ադրբեջանական
սահմանի շփման գոտում լարվածության թուլացմանը, հատկապես՝ ամռան ընթացքում, երբ տեղի
էին ունենում հրադադարի խախտումներ, եւ կարեւորում այդ գոտում դիտարկման անցկացումը՝
որպես լարվածության թուլացմանը նպաստող հանգամանք: ԼՂ հակամարտության կարգավորման
համատեքստում իբրեւ արձանագրված հաջողություն ԵԱՀԿ զեկույցում մատնանշված է նաեւ
ԵԱՀԿ ՄԽ համագործակցությունը միջազգային այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք էին՝
ԵՄ-ն, ԵԽ-ն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնաժողովը, Կարմիր խաչի միջազգային
կոմիտեն եւ այլն, նաեւ այն, որ ի վերջո հնարավոր էր եղել համաձայնություն ձեռք բերել
2005թ. սկզբներին փաստահավաք առաքելություն իրականացնել «ԼՂ հարակից օկուպացված շրջաններում»:
ԵԱՀԿ տարեկան զեկույցի համաձայն, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2004-ին շարունակել
է հատուկ ուշադրություն դարձնել եւ հանդես գալ նախաձեռնություններով, որոնք վերաբերում
են հանրահավաքներ, ժողովներ եւ երթեր անցկացնելու ազատություններին եւ ապրիլին ընդունված
համապատասխան օրենքի հետագա բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ապահովել մարդու
լիակատար ազատությունները: Ինչ վերաբերում է մասնավորապես «Ընտրական օրենսգրքի»
բարեփոխումներին, ապա զեկույցում ասված է, թե ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի
հետ միասին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը խորհրդատվական ծառայություն է մատուցել օրենսգիրքը
բարեփոխելու եւ այն եվրոպական չափանիշներին եւ ԵԱՀԿ ու ԵԽ փորձագետների արած առաջարկներին
համապատասխանեցնելու համար: ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցության
պայմաններում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2004-ին եւս, ըստ զեկույցի, ուշադրության
կենտրոնում է պահել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը եւ, ստացված բողոքները
վերլուծելով, օգնել է երկրի իշխանություններին լուծել այդ հիմնախնդիրները: Զեկույցում
անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ների ազատությանն ու լրագրողների եւ նրանց իրավունքների դեմ
կատարված ոտնձգություններին: Նշված է նաեւ, թե 2004-ին ընդհանուր առմամբ քաղաքացիներից
ստացվել է 219 բողոք, որոնք վերաբերվել են իրենց՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի
ոտնահարմանը, եւ միայն 134 դեպքում է հնարավոր եղել լրատվության ազատությանն աջակցող
կենտրոնների միջամտությամբ շտկել իրավիճակը: Ի դեպ, նկատելի է, որ զեկույցում չկա
եւ չէր էլ կարող լինել որեւէ արձանագրություն, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մասնավորապես
«Ընտրական օրենսգրքի», «Հավաքներ, ժողովներ եւ երթեր անցկացնելու մասին» օրենքի,
նաեւ սահմանադրական բարեփոխումների կամ ԶԼՄ-ների ազատության ոլորտում 2004-ին հաջողությունների
է հասել, այն պարզ պատճառով, որ հիշյալ հարցադրումները տակավին լուծված չեն: Այդուհանդերձ,
փաստաթղթում ընդգծված է, որ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները
պրոբլեմներ ունեն՝ կապված Քրեական օրենսգրքերում զրպարտության համար նախատեսվող պատիժների
հետ: Եվ եթե 2004-ին Վրաստանը Քրեական օրենսգրքից հանել է համապատասխան հոդվածը,
ապա Հայաստանը միայն նվազեցրել է զրպարտության համար նախատեսվող պատժաչափը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել