Աղայանին մոռացել են Հայաստանում Սակայն իր ծննդավայրում՝ Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղում բանաստեղծին հիշում, հպարտանում եւ ամեն տարի մեծ շուքով տոնում են նրա տարելիցը: Այդ առիթով օրերս գրողի ծննդավայրում «Բոլնիս-Խաչեն» հայրենակցական միության նախաձեռնությամբ տոնվեց նրա ծննդյան 165- ամյակը: Միջոցառումն սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ: Ղ. Աղայանի տուն- թանգարանում ելույթ ունեցան Երեւանից ժամանած հայ գրողներն ու Թիֆլիսի «Վերնատուն» գրողների միության անդամները: «Վերնատան» ղեկավար Ժորա Սնխչյանը նշեց, որ Աղայանի գործերն անգնահատելի արժեք ունեն, ուսուցողական են ու նրա երկնային հովանավորությունն միշտ գրողների հետ է: Ելույթները բազմազան էին, դրանք սկսվում էին Աղայանի մեծարումից եւ ավարտվում տնտեսական, հայ-վրաց հարաբերությունների, գյուղացու ջրի հարցը լուծելու խնդիրներին վերաբերող մտահոգությամբ: Օրինակ, բանախոսներից մեկն առաջարկեց, որ գյուղում արու զավակ ծնվելու դեպքում անունը դնեն Ղազարոս, նաեւ կոչ արեց գյուղի տղամարդկանց «խթանել Ղազարոսների» ծննդին: «Բոլնիս-Խաչեն» հայրենակցական միության նախագահ Արմեն Մանուչարյանն «Առավոտին» բողոքեց, որ Հայաստանում գրողին անտեսում են: Ոչ մի միջոցառում չի կազմակերպվում նրա հիշատակին. «Աղայանին անարժանիորեն անտեսում են Հայաստանի գրողները, հայաստանյան մամուլը: Ոչ մի գրական ակնարկ չի տպագրվում եւ ոչ ոք չշնորհավորեց նրա 165- ամյակը: 163, 164-ամյակներն էլ չհիշեցին: Հասկացանք, ոչինչ, բայց կլոր տարեթի՞վն էլ չեն հիշում»: Հոբելյանի առիթով գյուղի միակ միջնակարգ դպրոցը վերջապես անվանակոչվեց Ղազարոս Աղայանի անունով. վրացական իշխանությունները միշտ դեմ են եղել հայ գրողի անունով դպրոց ունենալուն, այն պատճառաբանությամբ, որ նմանատիպ ցանկություններ կունենան նաեւ տեղաբնակ ադրբեջանցիները: Վերանորոգվել էր նաեւ նրա տուն-թանգարանը: Ի դեպ, այս տարի լրանում է թանգարանի հիմնադրման 40 տարին: Այդ շենքում Աղայանն ապրել է 13 տարի: Առաջին հարկում տեղակայված է գյուղի գրադարանը, որը վերջին 10 տարում նոր գրքերով չի համալրվել, միայն աշխատողների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է, որ եղածը պահպանվում է: Բոլնիս-Խաչենում եւս կա գրադարանների օպտիմալացման խնդիր: Գյուղի երեք գրադարաններն արդեն լուծարվել են: Տեղացի երեխաներն ավելի շատ մտահոգված են սոցիալական հարցերով, ոչ թե գիրք կարդալով: Միջոցառման ժամանակ աշակերտները անգիր արտասանում էին Աղայանի ստեղծագործություններից: Բոլնիսխաչենցիները հիշում են անգամ այն ամենը, ինչ կապված է գյուղ եկած հյուրերի հետ: Պատմում էին, որ ներկայիս ԿԳ նախարար Սերգո Երիցյանն էլ է երկու տարի առաջ գյուղ այցելել, ու ներկայացրել իրենց խնդիրները «Կարծիք» հաղորդաշարում: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ