«ՅԱՄԱՀԱ» ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Մենք էլ ունեցանք մեր դափնեկիրները, որոնք կնվագեն բարձրակարգ սաքսոֆոնով Ինչքան էլ ստորագրվեն միջպետական պայմանագրեր, գաղտնիք չէ, որ մեր երկրի մշակութային կյանքում եղանակ են ստեղծում հիմնականում անձնական նախաձեռնությամբ ու կապերով անցկացվող այս կամ այն միջոցառումները: Հերթական նման ձեռնարկը ապրիլի 29-ին մեկ փուլով անցկացված Yamaha սաքսոֆոնահարների առաջին մրցույթն էր Հայաստանում եւ այդ շրջանակում աշխարհահռչակ ճապոնական ֆիրմայի ներկայացուցչության բացումը՝ ի դեմս «Ֆորտե» երաժշտական կենտրոնի: Թե այս պարագայում ի՞նչ դեր են խաղացել անձնական կապերը՝ տեղեկացնենք սկզբից: Այս ամենի միակ «մեղավորը» Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, դասական սաքսոֆոնի դասարանի հիմնադիր (1978թ.), Ա. Սաքսի անվան սաքսոֆոնահարների ասոցիացիաի իսկական անդամ, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիս-ամերիկյան ասոցիացիաների պատվավոր անդամ, Օ. Մեսսիայենի անվան Ֆրանսիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր նախագահ Ալեքսանդր Մանուկյանն է: Սկսած 1986թ., նրա սաները բազմիցս մասնակցել են միջազգային հեղինակավոր մրցույթների՝ գրավելով մրցանակային տեղեր: Ա. Մանուկյանի շնորհիվ տարբեր առիթներով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ Պիեռ-Սիմոնը (Ֆրանսիա), Ջոն Սամպենը, Օլթեր Հարթլին (ԱՄՆ), Մարգարիտա Շապոշնիկովան (Ռուսաստան), Թեոդոր Կերկեզոսը (Հունաստան) եւ այլք: Ըստ Ա. Մանուկյանի, ելնելով արտերկրում հայ սաքսոֆոնահարների հաջող ելույթներից եւ Հայաստանում այս գործիքի նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունից, եկել էր նաեւ Հայաստանում մրցույթ կազմակերպելու ժամանակը: «Այս գաղափարն ինձ հետ կիսեց «Ֆորտե» երաժշտական կենտրոնի հիմնադիր տնօրեն Տիգրան Արշակյանը՝ առաջարկելով իր օգնությունը Yamaha ֆիրմայի մարքեթինգի գծով տնօրեն Տոշիյակի Յամաշիտային Հայաստան հրավիրելու հարցում: Երազել անգամ չէինք կարող, որ պարոն Յամաշիտան այն աստիճան կզարմանար հայ սաքսոֆոնահարների կատարումներով, որ երկու սաքսոֆոն՝ 1200-ական դոլար արժողությամբ, նվիրեր առաջին տեղերը գրավածներին՝ Էդուարդ Ներսիսյանին եւ Հայրապետ Առաքելյանին»,- պատմեց պարոն Մանուկյանը: Մրցույթն անցկացվեց երկու տարիքային խմբում՝ 9-13 եւ 13-20: 46 մասնակիցներից դափնեկիր դարձան յուրաքանչյուր խմբից 3-ական հոգի: Ժյուրին գլխավորեց Ա. Մանուկյանը, իսկ անդամներն էին՝ սաքսոֆոնահարների միջազգային մրցույթի դափնեկիրներ Ա. Եղիազարյանը, Կ. Մկրտչյանը: Ժյուրիի պատվավոր անդամներն էին ՀՀ մշակույթի փոխնախարար Կ. Խոդիկյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Ա. Դարբինյանը: Պրոֆեսորի խոսքերով, նրանք հրավիրվել են մրցույթն ավելի ներկայացուցչական դարձնելու նպատակով: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մրցույթի մասնակիցները միայն Երեւանից էին: «Մեր մարզերի դպրոցներում եւ ուսումնարաններում սաքսոֆոնի դասարան չունենք, իսկ Գյումրիի երաժշտական ակադեմիայի սաքսոֆոնի դասարանի միակ ուսանողը, ավարտելուն պես, կաշխատի այնտեղ»,- ասաց Ա. Մանուկյանը: «Ֆորտե» երաժշտական կենտրոնի տնօրենից էլ հետաքրքրվեցինք, թե Հայաստանում կվաճառվե՞ն հազարից ավելի դոլար արժեցող սաքսոֆոնները, արդյոք այս բիզնեսը կծառայի՞ նպատակին: «Իհարկե, մենք չենք կարող ոտք մեկնել նավթի, սպիրտի եւ այլ եկամտաբեր բիզնեսների հետ, այդուհանդերձ, անհրաժեշտ է, որ երաժիշտը նվագի բարձրակարգ գործիքով: Բնականաբար, գործիքների գները սահմանում է ֆիրման»,- նշեց Տ. Արշակյանը: Ըստ կազմակերպիչների՝ մրցույթը կդառնա ավանդական եւ միջազգային: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ