Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԻՐԸ

Մայիս 03,2005 00:00

ԵՐԿԻՐԸ ՍՏԱՏՈՒՍՔՎՈՅԻ ՓԱԿՈՒՂՈՒՄ Նա չէր ուզում նկատել, որ ստատուս քվոն կարող է փոխվել նաեւ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդավարացմամբ եւ միջազգային հանրության համար ընկալելի կլիներ, թե ինչու է Ղարաբաղը անկախ ուզում լինել. ուզում է լինել, քանի որ ձգտում է ժողովրդավարության, ազատության ու հարգում է մարդու իրավունքները եւ հետեւաբար չի կարող այլ տիպի երկրի (Ադրբեջանի) կազմում լինել։ Ի՞նչը պիտի ստիպի մարդկանց պաշտպանել այս կամ այն կողմին, ճանաչել Ղարաբաղի անկախությունը. միայն այն, թե ինչ տիպի պետություն է կառուցում յուրաքանչյուր հակամարտող կողմ։ Մի կողմից Տեր-Պետրոսյանին առաջնորդում էր հարմարվողականությունը միջազգային հանրության հետ, որը չի սիրում գլխացավանքներ, մյուս կողմից Արեւմուտքը նրան այնպես էր գայթակղել, որ ցանկանում էր արեւմտյան մոդելով ազգային պետություն ստեղծել, այն սահմաններում, ինչ մեզ թողել էր Խորհրդային Միությունը («Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք»)։ Նա չէր հասկանում, որ պետություն ստեղծելու ցանկությունը քիչ է, անհրաժեշտ է դրա համար հոգեւոր հիմք (կրկին հիշենք նրա հայտարարությունը՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է)։ Իսկ այդ հիմքը առանց Ղարաբաղի անկայուն է (կրկին՝ փոքր խնդիրը՝ ազգային պետություն ստեղծելու համար, մեծ խնդիրը՝ Ղարաբաղը)։ Բացի այդ, ազգային պետություն հանած ժողովրդավարություն՝ լինում է ոչ ազգային պետություն։ Եթե Ղարաբաղի խնդիր նախօրոք չլիներ, ուրիշ հարց, գուցե հնարավոր կլիներ ազգային պետություն կառուցել։ Բայց կա ու արդեն հնարավոր չի այն անտեսել։ Տեր-Պետրոսյանին ու նրա խմբին գցեցին ազգայնական-ավատատիրական (կամ խանական) ուժերը, որ երկիրը ղեկավարելու մեթոդների մեջ քիչ են տարբերվում նախորդից, սակայն արտաքին քաղաքականության մեջ, մեղմ ասած, ուժերից վեր խնդիրներ են ուզում լուծել (ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղ)։ Ավատատիրության հիմքերը արդեն Տեր-Պետրոսյանի ժամանակ դրված էին, որի ապացույցն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի Սպարապետ մականունը (սպարապետ բառը իր մեջ անփոխարինելիության իմաստ է նաեւ պարունակում, իսկ ավատատիրական հիերարխիայում իշխանությունները հավերժ են)։ Սակայն Քոչարյանի իշխանությունը ավելի խորացրեց ավատատիրական կառույցները՝ ինքը դառնալով ավատատերերի առաջնորդ, եւ երկիրը բաժանվեց իշխանիկների միջեւ։ Պատահական չէ, որ գյուղական շրջաններում ղեկավարին ու փողատերերին թագավոր են անվանում։ Օրինակ, Աբովյան քաղաքից Երեւան ընկած տարածքում թագավորը գործարար Գագիկ Ծառուկյանն է։ Ինչո՞ւ թագավոր. քանի որ թագավորը հավերժ է, նա չի ընտրվում, այլ տրվում է ի վերուստ (տնտեսության մեջ էլ նրանք մրցակից չեն ունենում, այստեղից էլ մոնոպոլիզացված տնտեսությունը, ձեւավորվում են շաքարի, բենզինի, բանանի, ծաղիկի եւ այլ իշխաններ)։ Իշխանությունը ամեն ինչ արեց, որ ժողովուրդը կորցնի հավատը, թե կարող է ընտրություններով իշխանություն ձեւավորել, ու ստիպեց նրան ապավինել «լավ» թագավորին (պատահական չի, որ Հայաստանում շատերը համարում են, թե Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղզստանի հեղափոխությունները դրսի ուժերն են արել։ Հայերը արդեն չեն հավատում, որ ժողովուրդը կարող է իր ուժերով իշխանություն փոխել)։ Ավատատիրությունը հենց հավերժ հպատակների վրա հավերժ իշխանությունն է։ Ինչպես կարող է ավատատիրական «ժողովրդավարությունը» հետարդյունաբերական ժամանակաշրջանում միջազգային ասպարեզում այնպիսի խնդիրներ լուծել, որոնք հիմնվում են ժողովրդավարական ու արեւմտյան արժեքների վրա։ Անհնար է։ Չի կարող, որը ակնհայտորեն ցույց տվեց Աթկինսոնի զեկույցը, որ տարածքները հանձնելու պարտադրանք է։ Ուրեմն պետք է փոխել ստատուս քվոն։ Ինչպե՞ս։ Ստատուս քվոյի քոչարյանական ձախողված քաղաքականությունից բացի, կա հիմնականում երկու տարբերակ։ Մի ուղղությունը ՀՀՇ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանինն է, որի մասին արդեն խոսվեց։ Մի ուրիշ ուղղությունը (երրորդը), որ առայժմ քիչ է արծարծվում, բայց քնած է եւ միշտ կարող է աշխուժանալ, այն է, որ Ղարաբաղի խնդիրը ինքնորոշման հետ կապ չունի, ղարաբաղյան շարժման նպատակն է Ադրբեջանը քանդելը եւ ռուսական կայսրությանը աջակցելը։ Ի վերջո, Ղարաբաղի հարցը իսկապե՞ս ինքնորոշման ու մարդու իրավունքների խնդիր է։ Հայ քաղաքական վերնախավը պնդում է՝ այո։ Բայց կան փաստեր, որ այլ բան են հուշում։ Օրինակ, Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը 2000 թվի ապրիլին ասել է, որ Ղարաբաղը ոչ Ադրբեջանինն է, ոչ Հայաստանինը, այն Ռուսաստանինն է. «Ղարաբաղը ո՜ր թվականի Ռուսական կայսրության մասն է» («Հայկական ժամանակ», 19.04.2000թ.)։ Փաստորեն, Ղարաբաղի ղեկավարը 19-րդ դարի սկզբի մտածողության սահմաններում է։ Սա իրականում արձագանքն է ղարաբաղյան շարժման առաջացման, որտեղ գերակշռում էր հակաթուրքիզմը ու հակաիսլամիզմը հրահրված Ռուսաստանից։ Ղարաբաղ կոմիտեի նոր կազմը շարժման ուղղությունը փոխեց, դարձրեց այն ժողովրդավարական, ինքնորոշման պայքար ու Արեւմուտքի համար ընկալելի։ Սակայն Ղարաբաղ կոմիտեի ջանքերը մինչեւ վերջ արմատախիլ չարեցին հայերի մեջ նստած հիվանդագին հակաթուրքիզմը, որի նպատակն է կամիկաձեի պես ոչնչացնել կամ վնասել թուրքերին (ադրբեջանցիներին) թեկուզ հայերի ոչնչացման կամ շահերի զիջման գնով (այսօր «Հայլուրի» ծավալած հակաթուրքական քարոզչությունը սնվում է ինքնաոչնչացման արմատներից, մի կողմից թունավորում է հեռուստադիտողին, մյուս կողմից Թուրքիան լարում Հայաստանի դեմ)։ Մյուս կողմից այն ունի նաեւ մեկ այլ շարժառիթ՝ ծառայել Ռուսական կայսրական ձգտումներին։ Դրա ապացույցն է նաեւ Երեւանում Պետրոս Մեծի արձանը տեղադրելու նախագիծը։ Հետեւաբար անհրաժեշտ է հստակեցնել ռազմավարությունը Ղարաբաղի նկատմամբ, որն բացառապես պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա։ Սակայն այդ հստակությունը ոչ թե պետք է լինի միջազգային հանրության աչքին թոզ փչելու, ֆռռացնելու համար, այլ համոզմունք։ Եթե համոզմունք չլինի, ապա կլինի այն իրավիճակը, ինչ որ կա (ինքնորոշման գաղափարը յուրացնելու համար պետք է յուրացնել նաեւ մյուս ժողովրդավարական արժեքները)։ Երկրորդ տարբերակի գաղափարախոսը իշխանության մաս կազմող դաշնակցությունն է (իշխանության մյուս ուժերը գաղափարներ չունեն)։ Ըստ այդմ, Ղարաբաղը ոչ մի գնով չի կարելի զիջել, միեւնույն ժամանակ Հայաստանը չի կարելի թողնել, որ ժողովրդավարական լինի, քանի որ կարող են այնպիսի ուժեր գալ իշխանության, որ կդավաճանեն Ղարաբաղի հարցը։ Դաշնակցությունը գտնում է, որ Քոչարյանը վտանգ է Հայաստանի համար, բայց քանի այլ «ազգային» այլընտրանք չկա, նա մնում է չարյաց փոքրագույնը։ Փաստորեն, սա ստատուս քվոյի պահպանման մի այլ տարբերակ է։ Բաքու-Ջեյհան նավթամուղի համար սահմանների անձեռնմխելիության գաղափարը օգտագործելով Արեւմուտքը ճնշումներով ի վերջո ստիպելու է գրավյալ տարածքները հանձնել։ Հետագայում աչք փակելով կաջակցի Ադրբեջանին գրավել Ղարաբաղը (պատերազմով կամ խաղաղությամբ)։ Եթե նավթի համար Ամերիկան ու Անգլիան խախտելով միջազգային իրավունքը, վերացրին Իրաքի ռեժիմը, ապա ինչո՞ւ նավթի համար Ղարաբաղը չեն հանձնի Ադրբեջանին, այս անգամ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ամերիկայում ոչ մի հայկական լոբբի այս դեպքում չի կարող խանգարել, քանի որ այն ֆինանսներով անհամեմատ զիջում է նավթային շահեր ներկայացնող ընկերություններին։ Բացի այդ ԱՄՆ-ն Ադրբեջանին կաջակցի, քանի որ այնտեղ պատրաստվում է ռազմական հենակետեր ստեղծել Իրանի վրա հարձակվելու համար։ Ի վերջո, կկատարվի Տեր-Պետրոսյանի գաղափարը, ավելի վատ տարբերակով, քանի որ Ղարաբաղը կհանձնվի առանց որեւէ երաշխիքի, երկիրն էլ առավել կմեկուսացվի աշխարհից։ Ի վերջո կա՞, արդյոք, ելք այս շրջապտույտից։ Ստատուս քվոյի ճգնաժամը հասունացնում է հերթական հեղաշրջման պահը։ Քոչարյանին գցելու են ոչ թե նրա համար, որ ժողովրդավար չէ, այլ որ նա սպառել է իր հակաժողովրդավար լինելու լիմիտը, որի հետեւանքով դիվանագիտական պարտությունները հաջորդում են իրար։ Հայաստանին արդեն ստիպում են, որ անվտանգության գոտին (գրավյալ-ազատագրված տարածքներ) հետ տա Ադրբեջանին։ Արեւմուտքը ամեն ինչ անելու է, որ նավթամուղի հարեւանությամբ կոնֆլիկտներ չլինեն։ Քոչարյանը ոչ մի ձեւ չունի չհնազանդվելու (չհնազանդվողներին տեսանք՝ ինչ արեցին Բալկաններում)։ Աթկինսոնի զեկույցի բուն էությունը ճնշումն էր, որ հանձնվեն գրավյալ տարածքները։ Փաստահավաք առաքելության բուն էությունն էլ էր այն տարածքը զննելը, որն Աթկինսոնի զեկույցի հիման վրա պիտի հետ վերադարձվի։ Բոլորն են հասկանում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի կամ անվտանգության երաշխիքի տարածք հանձնելը խոցելի է դարձնում Ղարաբաղը։ Եթե Քոչարյանը տարածք չհանձնի՝ ճնշումները կուժեղանան, կսպառնան միջազգային սանկցիաներ ու նա խոցելի կդառնա ընդդիմության համար, հանձնի՝ ապա նրան կտապալեն արդեն կամ հեղափոխությամբ, կամ հեղաշրջմամբ։ Սակայն նրա փոփոխությամբ հարցը չի լուծվելու, ինչպես չլուծվեց Տեր-Պետրոսյանի տապալմամբ, քանի որ երկու դեպքում էլ հեղաշրջումից հետո իշխանության են գալիս ուժեր, որոնք օգտագործում են նախագահի նահանջը Ղարաբաղի հարցում ավելի քիչ Ղարաբաղը փրկելու, ավելի շատ ֆինանսական աղբյուրները ձեռքից բաց չթողնելու համար (այժմ նախագահի պաշտոնին նախապատրաստվում է նստել Սերժ Սարգսյանը, որի գալով իշխանությունը ցանկանում է երկարաձգել ստատուս քվոն)։ Ո՞րն է ելքը։ Ուրեմն իշխանափոխությունը պետք է լինի ներքեւից, հեղափոխությամբ։ Պետք է ձեւավորվի մի ընդդիմություն, որ հասկանա՝ ավելի լավ է հիմա ռիսկի դիմել հեղափոխություն անել, թեկուզ ինչ-որ չափով վտանգելով Ղարաբաղը, քան թույլ տալ, որ լինի հեղաշրջում, որի հետեւանքով Ղարաբաղը հաստատ կկորսվի։ Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը որոշ ռիսկ պարունակելով ավելի մեծ երաշխիք է Ղարաբաղի անկախության համար, քան Քոչարյանի իշխանությունը կամ նրա տապալումը հեղաշրջմամբ։ Անհրաժեշտ է, որ առաջանա մի ընդդիմություն, որ առաջնորդվում է արեւմտյան արժեքներով, միեւնույն ժամանակ հստակ ունենա անդրպետական, ազգային նպատակներ՝ Ղարաբաղի անկախություն, ցեղասպանության ճանաչում (ավելի ճշգրիտ՝ սփյուռքի շահեր)։ Հայ քաղաքական դիապազոնում երեք գործիչ կարելի է առանձնացնել, որ համապատասխանում են նման հոսանքին՝ Վազգեն Մանուկյան, Շավարշ Քոչարյան, Վիկտոր Դալլաքյան։ Սակայն երեքն էլ որոշ թերի կողմեր ունեն, որ խանգարում են ավելի վճռական դեր խաղալ քաղաքական կյանքում։ Մանուկյանի էներգիան հատել է, Դալլաքյանը դեռեւս հստակ չի ներկայացնում իր գաղափարները, իսկ Շավարշ Քոչարյանը չունի առաջնորդի հավակնություններ եւ նախաձեռնություն չի ցուցաբերում։ Այնուամենայնիվ, այս երեք գործիչները էապես տարբերվում են հայ «լիբերալներից» ու «ազգայիններից», քանի որ ազատական գաղափարները չմերժելով՝ գիտակցում են ազգային շահը։ Դրա վառ օրինակն էր Իրաք զորք ուղարկելու հարցը, որին նրանք սկզբունքորեն դեմ էին։ Քաղաքական գործիչներից շատերը չեն տարբերակում, որ ներքին կյանքում ու արտաքին քաղաքականության մեջ ժողովրդավար ու ազատական բառերը տարբեր նպատակներով են կիրառվում։ Կարծում են, թե ժողովրդավար լինելը ԱՄՆ ծրագրերին մասնակցելն է, որի իրաքյան պատերազմը իբր ուղղված է ժողովրդավարական գաղափարներ տարածելուն եւ հակաահաբեկչական պայքար է։ Օրինակ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակի» 2004 թ. դեկտեմբերի 22-ի համարում ասում է, որ գավառամտություն է դեմ լինել Իրաք զորք ուղարկելուն եւ որ զորք ուղարկելով Հայաստանը մասնակցում է ժողովրդավարական արժեքների տարածմանը, իսկ այդ արժեքների շարժիչ ուժը ԱՄՆ-ն է։ Նույնը ասում է նաեւ քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Նրանք չեն ուզում նկատել, որ ԱՄՆ-ն ազատության անվան տակ պետական շահեր է հետապնդում եւ նույնիսկ պետական շահը, լինում է, որ ավելի բարձր է դասում, քան ժողովրդավարական արժեքները։ Օրինակ, Սաուդյան Արաբյան, Արաբական Էմիրաթները ու Քուվեյթը պահպանողական թագավորություններ են, որոնց համար ժողովրդավարությունը այլմոլորակային գաղափար է, բայց հանդիսանում են Ամերիկայի դաշնակիցը։ Պատճառն այն է, որ Ամերիկան այդ երկրների նավթային պաշարների վրա հսկողություն ունի։ Սլովեն փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը բացատրում է, թե Ամերիկայի համար շահավետ է, որ այդ երկրները մնան ոչ ժողովրդավարական, քանի որ ժողովրդավարական մղումները կարող են երկիրը դարձնել հակաամերիկյան։ Նա օրինակ է բերում, թե ինչպես 1953 թվին Իրանում ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Մոսսադիկին Ամերիկայի հետախուզությունը տապալեց. «Այնտեղ չկար ոչ մի ֆունդամենտալիզմ, չկար նույնիսկ «Սովետական սպառնալիք», բայց կար սովորական ժողովրդավարական արթնացում այն առումով, որ երկիրը պետք է հսկողության տակ վերցնի նավթային ռեսուրսները եւ ոչնչացնի արեւմտյան նավթային ընկերությունների մոնոպոլիան» («Բարի եկաք իրականության անապատը»)։ Ռուսաստանին նույնպես ձեռնտու չէ, որ հարեւան երկրները ժողովրդավարանան, քանի որ ժողովրդավարական համակարգը պաշտպանում է ազգային շահերը եւ չի ենթարկվի Ռուսաստանի մանիպուլյացիաներին։ Այդպես Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստանում ժողովրդավարությունը, քանի որ այդ դեպքում չէր կարողանա տիրանալ երկրի էներգահամակարգին։ Եվս մի օրինակ, Ուզբեկստանում այսօր իշխանությունները ամենադաժան հաշվեհարդարն են տեսնում իրենց հակառակորդների հետ, բանտերում կտտանքների են ենթարկում նրանց։ Սակայն Ամերիկան ոչ միայն աչք է փակում, այլեւ խրախուսում է, քանի որ Ուզբեկստանը նաեւ հակաիսլամական արշավ է ծավալում եւ իբր բացահայտում է «Ալ Քաիդայի» անդամներին։ Ուզբեկստանում նախկին բրիտանական դեսպան Կրեյգ Մյուրրեյը հայտնել է, որ այնտեղ իշխանությունները իրենց հակառակորդներից կտտանքներով խոստովանություն են կորզում, որ «խոստովանեն», թե կապ ունեն «Ալ Քաիդայի» հետ։ Նա ասում է, որ Ամերիկյան հետախուզությունը այդ մասին գիտի եւ իրեն հաղորդել են, որ «դա պրոբլեմ չեն համարում» (www.inopress.ru, «Բոստոն գլոբից»)։ Բազմաթիվ արեւմտյան մտավորականներ գրել են, որ իրաքյան պատերազմը կապ չունի ժողովրդավարության տարածման հետ։ Օրինակ, իտալացի փիլիսոփա Ջորջո Ագամբենը Իրաք ներխուժումը որակեց «Պատերազմ Եվրոպայի դեմ» (այս առումով Գեղամյանը պետք է վերանայի գավառամտության իր պատկերացումները, քանի որ նմանվում է երրորդ աշխարհի այն քաղաքական գործիչներին, որոնք անվերապահորեն կատարում են ԱՄՆ-ի պահանջները եւ դառնում գավառական ԱՄՆ կենտրոնին)։ Մյուս պատճառաբանությունը ավելի անհամոզիչ է, որ Իրաքում հայկական զորախումբը կնպաստի հայ համայնքի անվտանգությանը։ Միայն անհրաժեշտ է հիշեցնել, որ ընդհակառակը, իրենց հայրենակիցների անվտանգության համար Ուկրաինան ու Իսպանիան ուղարկած զորքը հետ բերեցին։ Նաեւ նշեմ, որ իրաքյան բախումը վերլուծաբանները գտնում են, որ շուտ չի լուծվելու եւ դեռ հայտնի չէ, թե այնտեղից ինչեր են դուրս գալու։ Հակառակ փաստարկն ավելի հիմնավոր է, որ արաբական երկրներում հայալեզու համայնքներ կան, որոնց դեմ ենք հանում արաբներին։ Ի պատասխան այս փաստարկի՝ հնչեց, որ Հայաստանը պետք է միայն իր պետության շահերով առաջնորդվի եւ հաշվի չառնի սփյուռքի շահերը («Առավոտի» դեկտեմբերի 22-ի համարում Դավիթ Շահնազարյանը ասաց, որ մեր պետության շահերից է բխում զորք ուղարկելը, անտեսելով ազգի մյուս հատվածների շահերը)։ Միայն թե պետական-ազգային շահով առաջնորդվելու ռազմավարությունը հնանում է մասնավորապես հայերի համար ու անարդյունավետ դառնում ժամանակակից գլոբալացման, ցանցային համակարգերի, անդրազգային ընկերությունների դարաշրջանում։ Ժողովուրդների մրցակցությունը չի սահմանափակվում միայն աշխարհագրական, ազգային պետության տարածքի ներուժով։ Աշխարհագրական-պետական հայրենիքը ազգային գաղափարի իրագործման համար հետզհետե դառնում է ոչ միակ տարածքը, քանի որ առաջանում են նոր տիպի տարածքներ (այլ աշխարհագրական-սուվերեն տարածք օրինակ՝ Եվրամիությունը, կիբեռտարածք կամ վիրտուալ տարածք եւ այլն)։ Ժամանակակից կոմունիկացիոն համակարգերը հնարավորություն են տալիս, որ հայերը ստեղծեն անդրազգային (տրանսնացիոնալ, կամ ավելի հասկանալի լինելու համար՝ անդրպետական) կառույցներ եւ դրսեւորել ազգային ինքնությունը։ Եթե առաջանան նման արդյունավետ գործող կառույցներ, ակտուալ կդառնա միասնական ուղղագրության, հետեւաբար՝ դասական ուղղագրությանը վերադառնալու հարցը, որից շատ են վախենում հայաստանյան մտավորականներից շատերը (մասնավորապես ակադեմիական ու համալսարանական), իսկ եթե մնում է 29 հազար քկմ-ի գաղափարը, բնականաբար՝ անհեթեթ է փոխել ուղղագրությունը։ Հայ ազգի մյուս հատվածներին անտեսողները հետ են գցում Հայաստանը 20-րդ դարի կեսեր եւ խոչընդոտում, որ երկիրը մտնի հետարդիական ժամանակաշրջան։ Մյուս կողմից 29 հազար քկմ-ի գաղափարին հակադրվում է դաշնակցական միացյալ Հայաստանի գաղափարը, որ շատ ավելի վտանգավոր է եւ երկիրը տանում է 20-րդ դարի կեսերից էլ հետ, ավելի որոշակի՝ 1915-1920 թվեր։ Ասեմ, որ իմ պատկերացրած միացյալ Հայաստանը, ի տարբերություն դաշնակցականի, պատմական-աշխարհագրական տարածք չէ։ Եթե դաշնակցությունը ուզում է արդիականանալ ու պատկերացնել ժամանակակից մարտահրավերները, ապա նրա անդամները պետք է սկսեն երդվել ոչ թե զենքի, այլ համակարգչային վիրուսի վրա։ *** Սակայն ամենադժվար հարցը Հայաստանը ժողովրդավարական ու ազատ դարձնել է, որի ճամփին անանցանելի խոչընդոտներ կան։ Նախ պետք է համոզվել, որ ժողովրդավարությունը ու ազատականացումը բխում են ազգային շահերից։ Արեւմտյան արժեքները ոչ միայն ընդունելի, այլեւ շահավետ են։ Հայաստանը դեպի Եվրոպա գնացող միակ երկիրն է, ուր չկան կենտրոնախույս, անջատողական ուժեր։ Հետեւաբար ազատությունները որեւէ կերպ չեն խանգարի Հայաստանի ամբողջականությանը։ Երկիրը կարող է Ասիայում ազատության կղզու օրինակ դառնալ։ Այդ դեպքում, բնականաբար, Ղարաբաղը ոչ ոք չի հանդգնի լուծել մի երկրի օգտին, որտեղ մարդու իրավունքները չեն հարգվում։ Ժողովրդավարությունը երկիրը ավելի կմոտեցնի Եվրամիությանը, եւ ի վերջո Եվրամիության անդամ դառնալով՝ Ղարաբաղի հարցը այսպես թե այնպես լուծվում է հայերի օգտին, Ղարաբաղը դառնում է հայկական միավոր Եվրամիության համակարգում (արդեն ստատուսը երկրորդական է)։ Այսինքն՝ Եվրամիություն մտնելը Ղարաբաղի հարցի փրկությունն է, իսկ դրա համար անհրաժեշտ է արագ եվրոպականանալ։ Քանի դեռ Հայաստանը չի միացել Եվրամիությանը, անհրաժեշտ է, որ Ղարաբաղը անկախ մնա։ Այն կորցնելու դեպքում հայերը կզրկվեն «բենզինից», որ ստիպում է հայերին եվրոպականանալ, կթուլանա հոգեւոր հիմքը, ոգին, որը մղում է ստեղծագործական գործունեության, կոչնչանա հայերի ինքնադրսեւորման պահանջը ու կթուլանա ինքնությունը։ Իսկ եթե Եվրոպա մտնեն երկու անկախ հայկական պետությունները միասին, ապա հայերի համար ծավալման նոր տարածքներ կբացվեն։ Այսպիսով, հակաազգային գործունեություն են ծավալում այն բոլոր ուժերը, որոնք խոչընդոտում են մարդու իրավունքներին ու ազատություններին (Առաքելական եկեղեցին, իշխանությունները, արիների միաբանություն եւ այլն)։ Հայաստանում իդեալական գործիչը ազգային ազատականն է՝ տնտեսության մեջ ունենալով որոշ ձախ կողմնորոշում։ Ազատական է մարդու իրավունքերի ու ազատությունների հարցում, ձախ՝ եկամուտների բաշխման հարցում, որ երկրում պետք է չլինի աղքատ մարդ եւ յուրաքանչյուրը ունենա ազատ ստեղծագործելու հնարավորություն։ Եվ ազգային՝ ազգային շահերի հետապնդման մեջ, դրսում՝ հայ ազգի ինտեգրում տարբեր կառույցներում, Ղարաբաղ, նաեւ Հայ դատ (կարող է ասեն, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ արտաքին քաղաքականության մեջ ազգային շահ են հետապնդում։ Սակայն եթե եվրոպական երկրների ազգային շահը սահմանափակվում է իր երկրի քաղաքացիների շահերով, ապա հայերինը այլ է, այն արտահայտում է երեք հատվածների շահերը, որոնք շատ դեպքերում իրար հակասում են)։ Ժամանակակից աշխարհում, երբ ազգային պետությունը իր տեղը զիջում է նոր տիպի սուվերենությանը (ինչպես, օրինակ, Եվրամիությունը), ինչպես նշեցի, պետական սահմանների մեջ գտնվող աշխարհագրական տարածքը այլեւս չի հանդիսանում ազգի ինքնադրսեւորման միակ տեղ։ Հետեւաբար սփյուռքի հետ ինտեգրվելու եւ այլ տարածքներում ծավալվելու համար Հայ դատի գաղափարը անհրաժեշտ կդառնա հայաստանցիներին։ Նույն ձեւով սփյուռքին անհրաժեշտ է օգնել Հայաստանի ժողովրդավարացմանը, որ մերձենա հայաստանցիներին եւ նրանց համար Հայ դատը ակտուալ դարձնի (Լինսի ծրագիրը իրականում ասֆալտ էր փռում ժողովրդավարության վրա, միայն ամրացնելով կոռումպացված իշխանության ռեժիմը։ Սփյուռքը Հայաստանին օգտակար կարող է լինել, եթե ստանձնի Սորեսի հիմնադրամի տիպի դեր, ֆինանսավորի ժողովրդավարացման նախագծեր եւ բոյկոտի ներկա իշխանություններին)։ Ազգի տարբեր հատվածների մերձեցումը կնպաստի, որ ստեղծվեն ժամանակակից ցանցային կառույցներ ու արդյունավետ գործել ժամանակակից մրցակցություններում։ Ընդհանրապես Հայաստանը, թե ինչ չափով պետք է մասնակցի ցեղասպանության ճանաչմանը՝ շատ նուրբ խնդիր է, քանի որ պետության շահերը պահանջում են Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ։ Բայց մի բան հստակ է. միջազգային ասպարեզում այդ հարցը բարձրացնողները պետք է Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը չլինեն։ Այն մարդկանց խոսքը, որոնք իրենց երկրում չեն հարգում մարդու իրավունքները, չի կարող արժեք ունենալ։ Ժողովրդավարացմանը զուգահեռ, Հայաստանը պետք է կարողանա լուծել նաեւ Թուրքիայի սահմանի բացման հարցը կամ, այլ կերպ ասած՝ Թուրքիային Ղարաբաղի հարցում դարձնել չեզոք։ Կա՞ն արդյոք ճանապարհներ։ Կարծում եմ, կան։ Այսօր Եվրամիության երկրները օգտագործում են ցեղասպանության հարցը, որ Թուրքիայի համար արգելքներ ստեղծեն Եվրամիության ճանապարհին։ Իրար հետեւից ճանաչում են, որ թուրքերը կոտորել են հայերին։ Հոլանդիայի պառլամենտի պատգամավորը, որ քարտեզի վրա դժվարությամբ կգտնի Հայաստանի տեղը, ճանաչում է ցեղասպանությունը, քանի որ խուսափում է հետամնաց անազատ Թուրքիան մտցնել Եվրոպա, վախենում է , որ թուրքերով կլցվեն Ամստերդամի փողոցները։ Ցեղասպանությունների ճանաչման շքերթը դեռեւս որեւէ օգուտ չի տալիս Հայաստանին, իսկ վնասն այն է, որ Թուրքիան ավելի արմատական է դառնում Ղարաբաղի հարցում եւ հիմա որպես ցեղասպանության ճանաչման այլընտրանք՝ դեմ է տալիս Խոջալուի ցեղասպանության հարցը։ Հիմա էլ «Հայլուրն» է ընկնում Թուրքիայի պաշտոնական քարոզչության օրը, ժխտելով Խոջալուի ցեղասպանությունը։ Հայաստանն էլ, «Հայլուրն» ու մյուս լրատվական գործակալությունները ոգեւորված որպես ազգային մեծագույն նվաճում են ներկայացնում ցեղասպանության ճանաչման շքերթը ու առավոտից իրիկուն հակաթուրքական քարոզչություն անում մի ժողովրդի գլխին, որը թուրքերին ատելու համար, այդ քարոզչության կարիքը չունի (իհարկե, այս քարոզչության բուն էությունը արտաքին թշնամու կերպար ստեղծելն է, որ մարդիկ ներքին պրոբլեմներից շեղվեն ու մոռանան իրենց իրական թշնամուն՝ իշխանությանը։ Հիշենք, որ սառը պատերազմի ժամանակ նույն կերպ «Վրեմյան» ամեն օր հակաամերիկյան դոզա էր սփռում)։ Իսկ Եվրոպան էլ տեսնելով խանդավառությունը, ավելի է ոգեւորում հայերին։ Ֆրանսիան այնպիսի ոգեւորությամբ է Հայաստանի ղեկավարներին հերթով Պատվո լեգեոնի շքանշան տալիս, որ հերթը շուտով կհասնի արդեն ժեկի պետերին։ Հիմա իսկական ժամանակն է, որ ցեղասպանության խնդիրը Հայաստանը օգտագործի իր շահերի համար, ցեղասպանության ճանաչման շքերթը դարձնի իրեն օգուտ բերող կապիտալ։ Ինչպես։ Երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը առաջարկեց ստեղծել երկու երկրների պատմաբաններից ու փորձագետներից հանձնաժողով, որը կուսումնասիրի պատմությունը, Քոչարյանը փաստորեն մերժեց, գրելով, որ երկրի ղեկավարը իրավասու չէ նման հանձնաժողով ստեղծել: Նամակի մնացած քարոզը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու մասին, գուցե գեղեցիկ է, բայց նման է լոզունգի։ Դա ցույց է տալիս նաեւ Էրդողանի պատասխանը, որ Հայաստանը Թուրքիայի դեմ լոբբիստական աշխատանք է տանում տարբեր երկրներում։ Թուրքիայի առաջարկը հայ գործիչները պետք է ոչ թե մերժեն, այլ ընդունեն։ Այս առաջարկով Թուրքիան ցույց է տալիս, որ ցանկանում է հակասությունները լուծել երկու երկրների միջեւ բանակցություններով, եւ ոչ թե դրանք օգտագործեն երրորդ երկրները Թուրքիայի դեմ։ Ցեղասպանության ճանաչման արշավի շնորհիվ ստեղծվել է մի կապիտալ, որն ամբողջ աշխարհն օգտագործում է Թուրքիայի դեմ սեփական շահերի համար, բացի կապիտալն առաջացնողից՝ Հայաստանից։ Էրդողանի պատասխան նամակի ենթատեքստը հետեւյալն է, դուք քնեցրեք ցեղասպանության խոչընդոտը մեր երկրի զարգացման առջեւ, մենք կբացենք սահմանը։ Հայաստանն էլ պիտի իր կապիտալով առնի սահմանի բացումը՝ մենք կանգնեցնում ենք ցեղասպանության հարցը որպես խոչընդոտ Եվրամիություն մտնելու առաջ, դուք էլ բացում եք սահմանը։ Պայմանավորվելուց հետո Հայաստանը Եվրոպային (մեխանիզմները դիվանագետ մասնագետների մշակման գործն է) կոչ է անում ցեղասպանության հարցը չդարձնել Թուրքիայի առաջ խոչընդոտ, ասելով՝ երբ դուք ցեղասպանությունը խաղաքարտ եք սարքում, օգուտ չեք տալիս եւ կարող եք վնասել, մենք եւ Թուրքիան այժմ փորձում ենք հարթեցնել հակամարտությունը։ Նաեւ հստակ խնդիր դնել՝ եթե Եվրոպան ցանկանում է օգտակար լինել, ապա թող ճանաչի Ղարաբաղի անկախությունը (թեեւ առաջին հերթին պիտի ճանաչի Հայաստանը)։ Եթե չի ճանաչում, ուրեմն հայերի ողբերգությունը թող չօգտագործի իր շահերի համար։ Փոխադարձաբար Թուրքիան բացում է սահմանը եւ դրանով Ղարաբաղի հարցում չեզոք դառնում։ Ի վերջո, մի օր Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը։ Այժմ անընդհատ սրելով ցեղասպանության հարցը, Հայաստանը կշարունակի թշնամանալ Թուրքիայի հետ ու հետեւաբար կորուստներ ունենալ։ Սակայն Էրդողանի մեկնած ձեռքը թշնամությամբ ընդունվեց հրապարակայն բոլոր մտավորականների ու քաղաքական գործիչների կողմից (միայն ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը դրական արձագանքեց)։ Այսպիսով, հայերի երեք գաղափարները ժամանակակից աշխարհի պահանջներին չբավարարելու դեպքում կենսունակ չեն, տարանջատվում են, դառնում իրար հակասող ու անլուծելի, իսկ միասին փոխկապակցված ու փոխներգործող, միեւնույն ժամանակ կենսունակ կարող են լինել միայն արդիականանալով։ ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆԽմբագրությունը չի կիսում հեղինակի որոշ գնահատականներ: Մասնավորապես՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեւէ չի առաջարկել Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել