ԵՐԿԻՐԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ՓԱԿՈՒՂՈՒՄ Հայ ժողովուրդը երեք խնդիր է դրել իր առջեւ ու երեքն էլ չի կարողանում լուծել՝ Ղարաբաղ, Հայ դատ եւ ազգային պետություն (ժողովրդավարական) Ղարաբաղի խնդիրը Հայաստանը դրել է երկկողմ փակուղու մեջ, որ ոչ թողնում է երկրին առաջ գնալ, կառուցել ժողովրդավարական պետություն, ինտեգրվել միջազգային կառույցներին, տնտեսությունը զարգացնել, ոչ էլ հետ գնալ՝ դառնալ բռնապետություն։ Ստատուս քվոն, որ մեր քաղաքական մտքի միակ նվաճումն է՝ Ղարաբաղի հարցում ինքնաբերաբար դարձավ նաեւ ստատուս քվո Հայաստանի կառուցվածքի համար։ Կամ, այլ կերպ ասած՝ այդ ստատուս քվոն է, որ ոչ երկիրը թողնում է դառնա ժողովրդավարական, ոչ էլ վերածվել մաքուր բռնապետության։ Պատճառն այն է, որ Ղարաբաղի համար երկու տարբերակն էլ սպառնալիք է դարձել։ Մի կողմից վճռական քայլերի ընդունակ, իշխանությունը միայն հարստություն դիզելու համար պահող փոքրամասնությունից ազատագրող ու ժողովրդավարության համար հեղափոխության պատրաստ ընդդիմություն չի առաջանում, քանի որ ցանկացած ընդդիմություն վախենում է իր քայլերով ապակայունացնել երկիրը, որի հետեւանքով կարող է վտանգվել Ղարաբաղը։ 1996, 2003 թվերի նախագահական ընտրություններում կեղծիքների դեմ ընդդիմության պայքարի պարտության պատճառը ոչ թե ծրագիր չունենալն էր, որ սիրում են ասել ընդդիմության քննադատները (Ղրղըզստանի ընդդիմությունն էլ հայկականից շատ չէր տարբերվում իր մտավոր ներուժով) կամ խիզախության պակասը, այլ, որ վճռական գործողություններով, հեղափոխությամբ ընդդիմությունը վախենում է Ղարաբաղը խոցելի դարձնել։ Միայն, չգիտես ինչու, ընդդիմադիր ոչ մի գործիչ չի խոստովանում, թե ինչու չի կատարվում հեղափոխություն մի երկրում, որտեղ դրա համար բոլոր բարենպաստ պայմանները կան։ Մյուս կողմից էլ Ղարաբաղի հարցի շնորհիվ է, որ իշխանությունները ստիպված պահում են երկրի ժողովրդավարական որոշ ատրիբուտներ, մինչեւ վերջ չեն վերացնում խոսքի ազատությունը (ճիշտ է, փակում են «Ա1+» հեռուստատեսությունը, բայց թողնում են, որ լույս տեսնեն փոքր տպաքանակով, հետեւաբար հասարակական կարծիքի վրա քիչ ազդեցություն ունեցող, իշխանությանը քննադատող թերթեր, ինչպիսին «Հայկական ժամանակն» է), կազմակերպում են ընտրություններ, չնայած դրանք միայն պատրանք են, քանի որ ստիպված պետք է լինեն կեղծել, քաղբանտարկյալներին վեց ամսից ավելի բանտերում չեն պահում: Եվրախորհրդի առաջ ունեցած պարտավորություններին նախագահ Քոչարյանը ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ Ղարաբաղի հարցը։ Եթե լրիվ անտեսի Արեւմուտքը, ապա նրան մինչեւ վերջ կլարի Հայաստանի ու Ղարաբաղի դեմ։ Իսկ եթե Ղարաբաղի հարց չլիներ, Արեւմուտքի լարվել-չլարվելը հեչ պետքը չէր լինի։ Քոչարյանը Հայաստանում իր բռնապետությունը մինչեւ վերջ չի հաստատում ոչ թե, որ չի ուզում, այլ՝ չի կարող։ Եթե փորձեն ընդհանրապես վերացնել ժողովրդավարական էլեմենտները, ընդդիմությունը ոչնչացնեն՝ առաջնորդներին բանտեր լցնելով ու ցույցերը գնդակահարելով, ապա այս անգամ Ղարաբաղն ու Հայաստանը խոցելի կդարձնեն միջազգային հանրության համար։ Հայաստանին կսպառնա մինչեւ վերջ մեկուսացման ու տնտեսական սանկցիաների վտանգը, որի հետեւանքով Ղարաբաղը կկորցնի իր թիկունքը ու հեշտությամբ կընկալվի Հայաստանի հսկողության տակ գտնվող ադրբեջանական մյուս շրջանների պես որպես գրավյալ տարածք։ Իսկ դրանից հետո Ադրբեջանը հեշտությամբ կնվաճի Ղարաբաղը (զենքով թե առանց զենքի)՝ ունենալով միջազգային հանրության աջակցությունը։ 2004 թ. ապրիլի 12-ի գիշերը իշխանությունը բավարարվեց ցուցարարներին միայն ծեծելով, ու մի քանի օր բանտարկելով, ոչ թե՝ որ բարի էր կամ հարգում էր մարդկանց ցույց անելու իրավունքը։ Ոչ։ Հիշենք, թե Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ինչպես սպանեցին Պողոս Պողոսյանին մի արտահայտության համար։ Այդ սպանությունը դարձավ խորհրդանիշ, որ երկրի նախագահի համար մարդու կյանքը եւ մնացած իրավունքները որեւէ արժեք չունեն։ Ռոբերտ Քոչարյանը գնդակահարել կտար ժողովրդին ու արյան գետեր կհոսեցներ, եթե նրա ձեռքերը կապված չլինեին միջազգային պարտավորություններով։ Իսկ այդ պարտավորությունները վերցրել է՝ ոչ թե որ նա ժողովրդավարական արժեքների կրող է ու մանկուց երազել է ազատ ու անկախ Հայաստանի մասին։ Ոչ։ Վերցրել է միայնումիայն Ղարաբաղի համար, որը միակ գաղափարն է, որ դուրս է գալիս նրա զուտ անձնական շահի շրջանակից։ Չէ որ Ղարաբաղի խնդիրը ներկայացվում է մարդու իրավունքների ու ազատությունների համատեքստում՝ որպես ինքնորոշման խնդիր, որի լուծմանը կարող է աջակցել միջազգային հանրությունը։ Ենթադրենք, թե Ղարաբաղի հարց չկա։ Հայաստանը Քոչարյանի տիրապետության օրոք կվերածվեր Ուզբեկստանի, որտեղ ընդդիմադիր գործիչները բանտերում խոշտանգվում են կամ էլ ուղղակի ոչնչացվում։ Մեկ այլ տարբերակի դեպքում Հայաստանը կարող էր վերածվել մշտական հեղաշրջումներով ապրող քաոսային մի երկրի։ Առայժմ բարոյական արգելակներից մեկը Ղարաբաղն է, որի շնորհիվ դեռեւս վատ, բայց գործում են պետական կառույցները՝ ոստիկանություն, դատախազություն, դատարան։ Եվս մի արգելակի կորուստը իրավապահներին ավելի սանձարձակ կդարձնի։ Ղարաբաղի գաղափարը կորցնելով՝ ոչ ոք չի ձգտի հանուն ազատության հեղափոխություն անել, որովհետեւ ազատության ձգտողները կգնան Արեւմուտք. ինչ իմաստ ունի կյանքը վտանգել մի բանի համար, որ կա այլ տարածքում։ Իսկ եթե հեղափոխություններ արվեն, միայն եկամտի աղբյուրներին տիրանալու համար, ինչպես, օրինակ, Սիեռա Լեոնեում։ Բայց այնտեղ ալմաստի հանքեր կան։ Հայաստանում, քանի որ եկամտի աղբյուրներ էլ կարգին չկան, ուրեմն հեղափոխություններն էլ քիչ հավանական են։ Այստեղ գործում է Վազգեն Մանուկյանի բանաձեւը։ Ո՞րն է դա. Մանուկյանը անցյալ տարի դեկտեմբերին «Կենտրոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց՝ եթե ընտելանանք այն մտքին, որ սովորական ազգ ենք ու չցցվենք (Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպումներն են), ապա կարելի է գնալ այլ երկրում ապրել։ Այսինքն վերանում է պետություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Հետեւաբար «մենք վերցրեցինք մի խնդիր (Ղարաբաղը), որը գրեթե անհնար է լուծել։ Ռազմական առումով լուծեցինք։ Ղարաբաղի հարցը խնդիրներ է դնելու, հենց այնպես, հեշտ չի լուծվելու»։ Այդ խնդիրներից է, թե ինչպիսի պետություն ենք մենք ստեղծում։ «Այս պետությունը ու Ղարաբաղի հարցը իրար անհարիր են»։ Ինչպես մեկ այլ քաղաքագետ ասաց «Կուլտուրա» հեռուստատեսությամբ՝ պետք է մեծ խնդիր ունենալ, որ լուծվի փոքր խնդիրը։ Այսինքն Ղարաբաղի հարցը երկրին ստիպում է մտնել համաշխարհային պրոցեսների մեջ, դառնալ ժողովրդավարական, սովորել միջազգային խաղի կանոնները, ընդունել համամարդկային արժեքներ, տնտեսությունը մրցունակ դարձնել երկրի ներսում ու դրսում, տարածաշրջանում ժողովրդավարական համակարգի օրինակ դառնալ ու աշխարհի առաջ հարցեր բարձրացնել ու հարցեր լուծել։ Եթե Ղարաբաղի խնդրի այդ «պարտադրանքը» չի կատարվում, հետեւաբար խնդիրը՝ Ղարաբաղը, չի մնում հայերին։ Իսկ եթե չկա Ղարաբաղի հարց, ուրեմն ինքնըստինքյան երկիրը դուրս է գցվում համաշխարհային գործընթացներից։ Ստատուս քվոն չի կարող պահպանվել հավերժ, այսպես թե այնպես այն շրջվելու է Հայաստանի դեմ ու արդեն սկսում է շրջվել՝ ապացույցը դիվանագիտական ասպարեզում պարտությունները, որ խոստովանում է անգամ արտգործնախարար Վարդան Օսկանյանը (ապրիլի սկզբի ղարաբաղյան լսումների ժամանակ նա ասաց, որ 98թվի համեմատ Հայաստանի դիրքերը թուլացել են միջազգային ասպարեզում)։ Այժմ Վազգեն Մանուկյանը ապրիլյան իր ասուլիսում ասում է, որ պետք է սառեցնել խնդիրը մինչեւ անդրկովկասյան հանրապետությունները Եվրամիություն մտնեն։ Սակայն սառեցնելը հնարավոր կլինի միայն մի դեպքում, եթե ջերմացվում է ներսը, փոխվում է երկրի համակարգը։ Իսկ եթե ոչ, ապա դրսում սառեցնելը Հայաստանի կամքից կախված չէ։ Պատճառն այն է, որ աշխարհն էլ չի գտնվում ստատուս քվոյի մեջ, արագ փոփոխվում է, դառնում ավելի կառավարելի, մանավանդ Եվրոպային հարող հատվածները։ Կառավարելիությունից դուրս մնացած տարածքներ, այսպես թե այնպես՝ չեն հանդուրժվելու։ Դրա արտահայտությունն էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հունվարին արած հայտարարությունը, որ անհրաժեշտ է հեռացնել Ղարաբաղի (նաեւ ԱՊՀ տարածքի մյուս չճանաչված պետությունների) քրեական անջատողականներին։ Քաղաքական գործիչներն ու մտավորականները մի ալիք բարձրացրին դրա դեմ, փոխանակ սթափվեն ու մտածեն, թե ոնց հեռացնեն Հայաստանից ու Ղարաբաղից քրեականներին (քրեականներ եթե չեն լինում, անջատողական արտահայտությունը թուլանում է)։ Նույնիսկ մի ակադեմիկոս Ջոնսի կանացի արժանապատվությանը դիպավ, որ իրեն գցի ինքնախաբեության մեջ ու չխոստովանի, որ կինը ընդամենը Ամերիկայի կարծիքն է հայտնում։ Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ Ջոնսը ամենեւին էլ սխալ չէր։ Հիշենք, որ 99 թվին Ղարաբաղի վարչապետ նշանակված Անուշավան Դանիելյանի դեմ լուրջ մեղադրանքներ էին ներկայացնում Մոսկվայում հրատարակված «Բանդիտական Ղրիմ» գրքում, մասնավորապես, որ նա Ղրիմի Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալ եղած ժամանակ յուրացրել է 12 միլիարդ 800 կարբովինեց («Առավոտ», 98թ)։ Եվ, ի վերջո, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը ինչով քրեական չէ, միայն երկու ընտրությունների կեղծիքներով նրա վրա մի քանի քրեական հոդված կարելի է դնել, գումարած, որ կեղծիքները արվել են, որպեսզի նա պահպանի երկրի քրեականացվածությունը եւ մնա կոռուպցիայի հայր։ Նաեւ պետք է կողմնորոշվել, թե քրեական իշխանությունից ազատվելը Ամերիկայի՞ն է ավելի ձեռնտու, թե՞ Հայաստանին։ Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ընդունեց», որ իրենց ստեղծած երկիրը ու Ղարաբաղի հարցը անհարիր են, բայց նա մեղքը գցում էր Ղարաբաղի խնդրի վրա եւ ոչ թե երկրի։ 97 թվին նա ասում է. «Առաջին թյուրիմացությունը, եթե կուզեք` վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել: Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք փաստորեն ձեռնոց ենք նետել: Չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների» («Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը»): Իրականում երկիրը միջազգային հանրությանը ձեռնոց էր նետել ոչ թե Ղարաբաղով, այլ Ղարաբաղի ինքնորոշմանը գումարելով հակաժողովրդավարական իշխանություն (կամ ավտորիտարիզմ) ու կոռուպցիա։ Առանձին-առանձին կոռուպցիան, հակաժողովրդավար լինելը ու Ղարաբաղը չեն կարող ձեռնոց նետել դիտվել։ Ձեռնոց ես նետում, երբ մի կողմից մարդու իրավունքների հարց ես բարձրացնում միջազգային ասպարեզ (Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը), մյուս կողմից ոչնչացնում ժողովրդավարության գլխավոր մեխանիզմը (ոտնահարում մարդու իրավունքները), ազատ ընտրությունները։ Այժմ էլ ոչինչ չի փոխվել, միայն միջազգային հանրությունը վերցրել է նետված ձեռնոցը ու ծնկի է բերում Հայաստանը։ Տեր-Պետրոսյանի ձեւակերպման մեջ մի էական սխալ կա. մեր թշնամին ոչ թե միջազգային հանրությունն էր, այլ հայ մտքի անկարողությունը, որ չի կարողանում ստեղծել այնպիսի պետություն, որը ոչ թե թշնամանա, այլ համագործակցի միջազգային հանրության հետ եւ հասնի Ղարաբաղի անկախությանը։ Եվ Տեր-Պետրոսյանը առաջարկեց հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին, ձեւակերպելով, որ հակառակը պատերազմն է։ Ո՞րն էր նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահն է» հոդվածի բուն ենթատեքստը. նա ճիշտ էր ասում, որ ստատուս քվոն պահել մշտապես հնարավոր չէ, բայց ստատուս քվոն ուզում էր փոխել ոչ թե Հայաստանում բարենորոգում անելով, այլ՝ «դրսում» զիջումներով (երկրի եւ նախկին, եւ ներկա ղեկավարները միշտ պատրաստ են դրսում զիջում անել, բայց երբեք ներսում երկրի քաղաքացիներին զիջումներ չանել)։