Որոշ խորհուրդներ ու հիմնարկներ անգործ են Նրանցից հասարակությունը օգուտ չի տեսել Դատելով մի շարք հանձնաժողովների ու խորհուրդների գործունեությունից, նրանք հասարակության հաշվին գոյատեւող, բայց անգործ հիմնարկներ են եւ խժռում են այս աղքատ պետության աղքատ բյուջեն։ Օրինակ, Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Իրականում այս հանձնաժողովը ոչ թե կարգավորում է հանրային ծառայությունները, այլ տարին տարվա վրա բարձրացնում է ջրի, գազի գները։ Տարվա մեջ 4-5 նիստ անելուց հետո, այս հանձնաժողովը մնացած 360 օրը անգործ է ըստ էության, թեեւ ծախսում է հարկատուների փողերը։ Իսկ ով չգիտի, որ այդ գները բարձրացվում են ամենաբարձր իշխանավորների թույլտվությամբ։ Միտք ունի՞, արդյոք, մի ահռելի հանձնաժողով պահել՝ միայն նրա համար, որ նախագահը եւ վարչապետը բարձրացնեն ուսերը եւ արդարանան. «Մենք թանկացումների հետ գործ չունենք, դա հանձնաժողովն է որոշել»: Կամ ո՞վ չգիտի, թե ում քմահաճույքով փակվեց «Ա1+»֊ը։ Միտք ունի՞ մի ահռելի հանձնաժողով նույնքան ահռելի աշխատավարձով պահել՝ մի «անհնազանդ» հեռուստաընկերություն փակելու համար: Այսինքն՝ այդքան ծախս անել մի քավության նոխազ պահելու համար։ Կասեք՝ սա էլ կարգավորում է ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատանքները։ Այդ ինչպես է կարգավորում, որ հեռուստատեսային եթերը լցված են բթամիտ հաղորդումներով: Այս հանձնաժողովի գործը տարին 2-3 անգամ կապուղի տրամադրելն է, որը ավելի հաջող կարող է կատարել կապի նախարարությունը, իսկ հաղորդումների որակի հսկողությունը կարելի է հանձնարարել մշակույթի նախարարությանը, կոնկրետ՝ տիկին Կարինեին, եւ հանգիստ խղճով կարելի է ազատվել այս անգործ հանձնաժողովից եւս։ Իսկ թե ինչով է զբաղված Մանվել Բադալյանի ղեկավարած քաղծառայության խորհուրդը, բերեմ ընդամենը մամուլից 1 օրինակ։ Այս ծառայության հանձնաժողովի բազմօրյա սեմինարները «բարեհաջող» անցած, քննությունները հանձնած եւ «մրցույթով շահած» Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության տեսչական խմբի պետ է նշանակվել նույն քաղաքապետարանի գրասենյակային աշխատող ոմն Ա. Վարդանյան, որը ամբողջ կյանքում դպրոցում երբեք չի աշխատել, բայց պետք է հսկի մայրաքաղաքի 210 դպրոցների աշխատանքը, գնահատի, թե որ տնօրենին է պետք պարգեւատրել, որին՝ աշխատանքից հեռացնել։ Ուղղություն եւ ցուցմունքներ տա վարչության երկարամյա տեսուչներին, որոնք տեսուչ դառնալու համար մանկավարժական երկար ճանապարհ են անցել՝ սկսած ավագ ջոկատավարից, վերջացրած դպրոցի տնօրենով։ Ի՞նչ պետք է տա նա դպրոցին: Քիչ չեն նաեւ այսպիսի մարմիններ Ազգային ժողովում, նախագահի աշխատակազմում: Կ. ՔԱԼԱՇՅԱՆԸնդհանուր առմամբ համաձայն լինելով հեղինակի գնահատականների հետ՝ չենք կարող ընդունել նրա առաջարկած որոշ չափանիշներ: