ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՎԵՐԱՀՍԿԵԼ Բաց նամակ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Համաձայն ՀՀ կառավարության 30.04.1997թ. թիվ 110, 02.08.2000թ. թիվ 432, 12.03.02թ. թիվ 229 որոշումների, բնակշինարարական կոոպերատիվների փայատերերին տրվող դրամական փոխհատուցման համար սահմանվել է կարգ եւ հաստատվել ժամանակացույցը: Այս որոշումներով 2004-2005թթ. պետբյուջեներում նախատեսվել է 400-ական մլն դրամ՝ կոոպերատիվ հիմունքներով կառուցվելիք տասներկու շենքերի փայատերերին փոխհատուցման նպատակով։ Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության անգործության պատճառով եւ անհարկի պատճառաբանություններով, մինչեւ այժմ փոխհատուցումը չի իրականացվել։ Իրենց պատճառաբանությամբ՝ բացակայում են գործընթացը իրականացնելու մեխանիզմները։ Կարծում ենք, հարցի կարգավորման համար նախարարությունը չի օգտագործել իր հնարավորությունները, որոնց անհրաժեշտությամբ է պայմանավորում փոխհատուցումը, ընդ որում՝ քանի տարի անընդմեջ գործը վարող պատասխանատուներին փոփոխելով, մեղքը գցելով մերթ Երեւանի քաղաքապետարանի շինբաժնի, մերթ կառավարության որոշման ոչ լիարժեքության վրա: Արդյունքում՝ մինչեւ այժմ փոխհատուցումը կատարված չէ։ Ի դեպ, այս գործով Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուների հավաստիացումով, երեք անգամ, երեք քաղաքապետերի օրոք ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվել պահանջվող փաստաթղթերը։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ կառավարությունը չի կարողանում վերահսկել իր իսկ կողմից ընդունած պետական որոշումների կատարումը։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ նշված հանգամանքը առաջ է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում, այն է՝ «Ուրիշի դրամական միջոցների ապօրինի պահելը, դրանք վերադարձնել՝ խուսափելը»։ Մենք՝ «Երեւանշին-4» բնակշին կոոպերատիվի անդամներս, պահանջում ենք անհապաղ լուծել նշված խնդիրը, փոխհատուցել մեր գումարները եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասով, տոկոսներով, ամբողջությամբ կամ ժամանակին մուծած գումարների չափով ապահովել մեզ համարժեք բնակարաններով Երեւան քաղաքում։ Խնդրում ենք պատասխանել, թե խնդիրը երբ լուծում կստանա։ «Երեւանշին-4» բնակշինարարական կոոպերատիվի անդամներ33 ստորագրություն Նշված խնդիրը գերշահույթների կամ մեծ եկամուտների հետ կապ չունի: Ըստ երեւույթին ա՛յդ պատճառով որեւէ օլիգարխ կամ մեծահարուստ խառնված չէ այս գործին: Սա մի կողմից լավ է, որովհետեւ հանուն փոքր խմբի շահերի՝ մարդկանց չեն զրկի իրենց իրավունքներից, ինչպես Գլխավոր պողոտայի ծրագրով են անում, մյուս կողմից վատ է, որովհետեւ պետական մարմիններին ոչինչ չի ստիպում գործն արագ կազմակերպել, ինչպես դարձյալ Գլխավոր պողոտայի դեպքում է: Իսկ, ընդհանրապես, ոչ մի պատճառաբանություն չի կարող հիմնավոր լինել, թե ինչու յոթ տարի շարունակ չեն կարողանում մի կառավարության տարբեր գերատեսչություններ համագործակցել՝ իրենց իսկ կողմից ընդունած որոշումները կատարելու համար: