Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏՈՒՄ ԸՆԿԵՐԱԿԱՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԵՆ

Մայիս 03,2005 00:00

Շուրջ
կես տարի է, ինչ ՀԱՕԿ-ը գլխավորում է ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար, արմռեսթլինգից
աշխարհի չեմպիոն Գագիկ Ծառուկյանը: Որպես ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, նա
երեկ առաջին հարցազրույցը տվեց «Առավոտի» մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանին՝ խոսելով
օլիմպիական կոմիտեում կատարվող աշխատանքների ու հետագա ծրագրերի շուրջ: –
Պարոն Ծառուկյան, ի՞նչ ժառանգություն ստացաք ձեր նախորդից: – Իմ շնորհակալությունն
եմ ուզում հայտնել Իշխան Զաքարյանին, որ կարողացավ իր պաշտոնավարման ընթացքում հսկայական
գործ կատարել ոլորտը համախմբելու, օրենսդրական դաշտը կարգավորելու, պետության վերաբերմունքը
մարզաշխարհի ու այդ ոլորտի մարդկանց հանդեպ արմատապես փոխելու, նրանց մարզումային,
սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու եւ բազմաթիվ այլ հարցեր պետականորեն կարգավորելու
ուղղությամբ: Հիմա վիճակը մի փոքր այլ է: Պետության բյուջեն թույլ է տալիս որոշ ծրագրեր
ֆինանսավորել, նպատակաուղղված աշխատանքներ սկսել: – Անցած ժամանակաընթացքում
ձեր պատկերացրածի եւ իրականության միջեւ տարբերություն զգացե՞լ եք: – Այլ
կերպ լինել չէր էլ կարող: Բայց ես եկել եմ համոզմունքով, որ ամեն մարդ ուշադրության,
վստահության, հավատի կարիք ունի: Նույնը վերաբերում է նաեւ սպորտի բնագավառին: ՀԱՕԿ-ի
նախագահի պաշտոնն ստանձնելիս էլ դրանով եմ առաջնորդվել: Իմ առաջնային նպատակներից
է մարզադպրոցները անմխիթար վիճակից դուրս բերելը, որպեսզի մեր բարձրակարգ մարզիկները,
երեխաները կլոր տարի մարզվելու հնարավորություն ունենան, մի բան, որ մինչեւ այսօր
չենք ունեցել: Երբ հարցը ժամանակին բարձրացվել է, հանրապետության նախագահն ու վարչապետը
անմիջապես արձագանքել են, տրամադրել $5 մլն՝ մայրաքաղաքում 5 եւ մարզերում՝ 11 մարզահամալիր
հիմնովին, արդի պահանջներին համապատասխան վերանորոգելուն: Հիմա այդ աշխատանքները
լրիվ թափի մեջ են ու գտնվում են մեր, Սպորտպետկոմի, ՄԴ-ների տնօրենների ու, ինչու
չէ, նաեւ հենց մարզիկների ամենօրյա հսկողության ներքո: Մարզիկներն ու մարզիչները
դրանից ոգեւորված են: Ու արդյունքներն էլ առկա են. այս տարի Եվրոպայի առաջնություններում
արդեն մեդալներ ունենք հրաձգությունից, հունահռոմեական ըմբշամարտից եւ ծանրամարտից:
– Նյութատեխնիկական բազայի առկայությունն, անկասկած, շատ մեծ նշանակություն
ունի: Սակայն պակաս չէ նաեւ մասնագետների որակական պատրաստվածության աստիճանը: Մեր
մարզիչների մասնագիտական գիտելիքները բավարարո՞ւմ են մեծ նպատակների համար: –
Իհարկե, չեն բավարարում: Նրանք դեռ սովորելու տեղ ունեն: Դրա համար էլ որոշ քայլեր
արդեն ձեռնարկել ենք: Հատկապես բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի համաշխարհային
ճանաչում ունեցող մասնագետներ ենք հրավիրել: Նրանք մինչեւ մայիսի կեսերը Հայաստան
կգան մոտ 20 օրով եւ իրենց հարուստ փորձը կփոխանցեն մեր մասնագետներին: Բոլոր հարցերը
օլիմպիական կոմիտեն վերցրել է իր վրա: Բացի դա, պայմանագիր ենք ստորագրել ըմբշամարտից
աշխարհում մեծ ճանաչում ունեցող Վրաստանի հետ, որպեսզի փոխայցելություններով մեր
եւ նրանց մասնագետները փորձի փոխանակում կատարեն: Սպորտի ոլորտում համագործակցություն
ենք հաստատել նաեւ Մոսկվայի հետ: Այ, հենց հիմա մեր ՕՀՀՈԻ-ի 80 երեխաներ այնտեղ են
մեկնել՝ համատեղ մարզումների: – Դուք բազմիցս հայտարարել եք, որ նրանք, ովքեր
իրենց չեն արդարացնի, տեղը կզիջեն ուրիշին… – Այո, դա իմ գլխավոր սկզբունքն
ու պահանջն է: Ասել եմ՝ մենք կարող ենք կյանքում միմյանց հետ լավ կամ վատ հարաբերություններ
ունենալ, սակայն դրանից գործը չպիտի տուժի: Աշխատանքում ընկերություն ասածը պետք
է մոռանալ: Մեր նպատակը մեկը պետք է լինի՝ օլիմպիական խաղերում բարձրացնել Հայաստանի
դրոշը: Ով գործը տապալեց, հրաժեշտ է տալու, նա մեր կոլեկտիվում տեղ չունի: Իսկ ով
իրեն արդարացրեց, աննախադեպ խրախուսանքների, պատվի կարժանանա: Ես այդպես գործելու
իրավունք ունեմ, քանի որ ինքներդ եք տեսնում, որ նրանց համար ամեն բան անում եմ,
ըստ արժանվույն գնահատում նրանց թափած քրտինքը: Ով բոլոր պահանջները բավարարում է,
պահանջներ դնելու իրավունք ունի: – Աստված մի արասցե, եթե մարզիչ հանելու
անհրաժեշտություն առաջանա, ունե՞նք արժանի փոխարինողներ կամ ավելի լավ մասնագետներ:
– Անփոխարինելի մարդ չկա: Իսկ լավից լավը միշտ էլ կգտնվի: – Դուք նաեւ
ասել եք. «Եթե տեսնեմ, որ Հայաստանում ապագա օլիմպիական խաղերի չեմպիոն կամ մրցանակակիր
չի աճում, դրսից մարզիչներ ու մարզիկներ կգնեմ: Պեկինում Հայաստանի դրոշը անպայման
պետք է բարձրացվի եւ օրհներգը հնչի»: Առաջին դեպքում դա երբ էլ ասես՝ հնարավոր է:
Մարզիկ բերելը եւ Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալ տալը հեշտ չէ: Նախ, գոյություն
ունեն միջազգային օրենքներ, որոնք սահմանափակում են մարզիկների՝ երկրից երկիր տեղափոխվելը:
Բացի դա, կարծում եմ, ոչ ոք իր առաջին համարին ուրիշին չի նվիրի: – Ամեն բան
արվում է հայաստանցիներից օլիմպիական չեմպիոններ ու մրցանակակիրներ պատրաստելու համար:
Սակայն նաեւ օգտագործում ենք հնարավոր բոլոր միջոցները դրսի մեր անվանի մարզիկներին
ետ բերելու համար: Օրինակ, հիմա Գյումրիում է ժամանակին այստեղից հեռացած մի հայ
ըմբիշ, որն անցած տարի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել: Պայմանավորվել ենք,
որ նրան Գյումրիում երկու կամ երեք սենյականոց բնակարանով ապահովենք, լուծելու ենք
մյուս հարցերը: Շուտով կգան երկու հրաձիգներ, մեկը՝ Մոսկվայից, մյուսը՝ Հոլանդիայից:
Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած միջազգային օրենքներին, դրանց քաջատեղյակ ենք: Մինչեւ
2006 թվականի վերջը այդ օրենքների սահմաններում մարզիկ բերել կարող ենք: Դրանից հետո
էլ օրինական հնարավորությունները չեն սպառվում: Այնպես որ, ամեն բան նորմալ կլինի,
ու մենք կապացուցենք, որ մեր խոստումը կատարել կարող ենք: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել