Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԵՐԻՑՅԱՆԻՆ 1 ԱՄԻՍ Է ՏՎԵԼ

Մայիս 03,2005 00:00

Մասնավոր բուհերի հավատարմագրման հարցում դատարաններն ամբողջությամբ փոխարինել են ԿԳՆ-ին:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ավարտեց իր ուսումնասիրությունները ոչ պետական ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման ոլորտում թույլ տրված խախտումների կապակցությամբ: ՀՀ գլխավոր դատախազը ապրիլի 25-ին միջնորդագիր է ուղարկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար պարոն Երիցյանին՝ առաջարկելով քննարկել միջնորդագիրը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նշված իրավախախտումների պատճառները վերացնելու ուղղությամբ: Ընդսմին, նա մեկամսյա ժամկետ էր տվել նախարարին միջնորդագրի քննարկման արդյունքների մասին հաղորդում ներկայացնել իրեն՝ գլխավոր դատախազությանը: Ի՞նչ էին պարզել պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունները: Մի շարք ոչ պետական բուհեր (թվով 21) դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների հավատարմագրման համար. նախարարությունը մերժել է այդ բուհերին: Մերժումների, պատասխան չստանալու պատճառով դիմել են դատարաններ, որոնց վճիռների հիման վրա ստացել են պետական հավատարմագրեր եւ ծավալել իրենց գործունեությունը: Ըստ գլխավոր դատախազության, այդ բուհերի թվում էին Երեւանի «Մարտիգը», «Արտաքին տնտեսական կապերի համալսարանը», Էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտը (որոնք «բնապահպանություն», «լրագրություն» մասնագիտությունները հավատարմագրել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2002թ. օգոստոսի 19-ի վճռով): Դատարանների վճիռներից օգտվել են նաեւ Երեւանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանը, «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը», Արմավիրի «Արարատ» համալսարանը:

Երեւանի Սուրբ Թերեզայի անվան գթության քույրերի բժշկական ինստիտուտը «ստոմատոլոգիա» մասնագիտությունը հավատարմագրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003թ. մայիսի 29-ի վճռով: Դատարանի այդ վճռով ճանաչվել է ԿԳՆ «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկի անգործությունը: Նույնատիպ վճիռ չի բողոքարկվել նաեւ ԿԳ նախարարության կողմից, երբ հավատարմագրվում էին «Մովսես Խորենացի» համալսարանի իրավագիտություն եւ համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությունները: Դարձյալ նախարարության ներկայացուցիչները վճիռը չեն բողոքարկել, իսկ վճռով 2004-ի հուլիսի 29-ին հավատարմագրվել էին չորս մասնագիտությունները:

Ըստ ուսումնասիրությունների, «Հայբուսակ» համալսարանը 2003 թ. մայիս եւ 2004թ. ապրիլ ամիսներին դիմել էր կրթության եւ գիտության նախարարություն՝ «դեղագործություն», «օտար լեզու», «տարրական կրթության մանկավարժություն» եւ «մեթոդիկա» մասնագիտությունների գծով պետական հավատարմագրման գործընթացին մասնակցելու, սակայն նախարարությունը դա չի թույլատրել: Փոխարենը, 2004-ի սեպտեմբերի 22-ի վճռով երեք մասնագիտությունները հավատարմագրվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի վճռով (դատավոր՝ Ռ. Ներսիսյան): «Դիմահարդարում» մասնագիտության լիցենզիան էլ տվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Վանաձորի կենտրոնական բժշկական ուսումնարանին: Նախարարության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել դատական նիստին, վճիռն էլ չի բողոքարկել: Որոշ դատական ատյաններում ճանաչվում էր լիցենզավորման եւ հավատարմագրման հիմնարկի անգործությունը, իսկ նախարարության անգործությունն է ճանաչվել՝ կապված Սուրբ Թերեզայի անվան գթության քույրերի բժշկական քոլեջի գործով: Նշված քոլեջի մասնագիտական-կրթական ծրագրի լիցենզավորման համար ծառայության կողմից ժամանակին նախարարին է ներկայացվել դրական եզրակացություն, ինչը մնացել է անպատասխան: Առհասարակ, ծանոթանալով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրություններին, նկատում ենք նաեւ, որ ԿԳՆ-ի հետ կապված դատաքննություններին նախարարության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում (իսկ ուսանողների՝ վճարովի կամ անվճար համակարգի հետ կապված գործերով ԿԳՆ-ն առաջինն է դատարանի դռները բացում): Հոկտեմբերյանի բժշկական քոլեջի երկու մասնագիտությունների լիցենզիայի գործով դատարանը ստիպված է եղել ճանաչել նախարարության անգործությունը: Տվյալ գործում եւս լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը տվել է դրական եզրակացություն, ինչը նախարարության կողմից բանի տեղ չի դրվել: Ըստ էության, դատարանների վճիռները չեն բողոքարկվել, բուհերը ստացել են պետական հավատարմագրեր: Այս դեպքում հարց է ծագում՝ ինչի՞ համար է նախարարությունը, եթե դատավորը անգործունակ է ճանաչում դրա գործունեությունը եւ իր վճռով տրամադրում այն, ինչ նախարարությունը պիտի աներ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել