Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետազոտություններով՝ մեր հասարակության 60-70%-ն աղքատ է, իսկ 7-8%-ը՝ ծայրահեղ աղքատ։
Մեզանից շատերը մտածում են, որ աղքատությունը նյութական որոշակի միջոցների բացակայությունն է եւ ժամանակավոր բնույթ է կրում։ Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի աղքատության մշակույթ, այն է՝ մարդիկ հարմարվում ու սկսում են ապրել աղքատի պես։ Դժվար է ասել, արդյոք աղքատության մեջ ապրած եւ աղքատության ենթամշակույթ ձեւավորած մարդու մոտ նորից կստացվի՞ վերականգնել նախկին ապրելակերպը։ «Մեր հասարակության մեջ մուրացկանները, մարմնավաճառները, անօթեւաններն են ձեւավորում այս մշակույթը»,- ասաց մշակութաբան, «Հազարաշեն» կազմակերպության անդամ Համլետ Պետրոսյանը։
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը 1994՟ից հետազոտություններ է կատարում ՀՀ մարզերում, հատկապես առավել աղքատ համարվող Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում։ Ուսումնասիրությունները իրականացվում են Համաշխարհային բանկի միջազգային կազմակերպությունների պատվերով։
«Սոցիալական բնույթի ցանկացած բացառություն ենթակա է մեկուսացման։ Դրա պատճառր հասարակության վերաբերմունքն է։ Մեզ մոտ աղքատները, մուրացկաններն ու մարմնավաճառները լքված ու արհամարհված մարդիկ են, ինչը չես ասի արեւմտյան երկրների մասին։ Այդ լքվածության պատճառով էլ նրանք հարում են տարբեր աղանդների։ Գոնե այդտեղ նրանց վիշտը, ցավը լսում են»,՟ ասաց Հ. Պետրոսյանը։ «Հազարաշեն» կազմակերպության անդամների եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի նախաձեռնությամբ հրատարակվել է «Պատմություններ աղքատների մասին» գիրքը, որտեղ մարդիկ պատմում են իրենց կյանքը։ Այս տարվա ապրիլ- մայիս ամիսներին կազմակերպությունը նորից է ուսումնասիրություններ իրականացնում։ Այս անգամ մասնագետները կհանդիպեն այն մարդկանց, ում արդեն փորձել են օգնել։ Նպատակն է պարզել, արդյո՞ք նրանց կյանքում կամ մտածելակերպում ինչ-որ բան փոխվել է։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիմնականում աղքատ են բազմազավակ կամ տանը հարբեցող ունեցող ընտանիքները։ Աղքատության մակարդակն ավելի բարձր է քաղաքներում, քան գյուղերում, թեպետ ավելի շատ հնչում է հակառակ կարծիքը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՊՀ ուսանողուհի