Ապրիլ ամսին «Առավոտի» ստացած բողոք-նամակներն անհամեմատ քիչ էին
Այնուամենայնիվ, դրանք կան: Երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ գտնվեցին միջազգային դոնոր կազմակերպություններ, իսկ էլ ավելի շուտ՝ Եվրախորհրդին անդամակցությունը ստիպեց Երեւանի քաղաքապետարանին՝ վերջ տալ անտուն շների սպանությանը եւ ստեղծել անապաստան կենդանիների կացարան: Սակայն հիմա էլ խնդիրն այն է, որ կացարանը կառուցվել է մարդաշատ վայրում՝ Խաղաղ Դոնի 23 շենքի հարեւանությամբ: Շենքի բնակիչները «Առավոտին» դժգոհություն են հայտնել, որ ողջ գիշեր շների հաչոցն ու ոռնոցը խանգարում են ոչ միայն իրենց, այլեւ հարեւան շենքերի բնակիչներին: «Մի՞թե Երեւանի քաղաքապետարանը հաշվի չի առել, որ բնակելի շենքերին այդքան մոտ շների ճամբար կառուցելով, վտանգի տակ է դնում մեր սանիտարական վիճակը: Կացարանում հավաքում են վարակակիր կենդանիների, սանիտարական պայմանները չեն պահպանվում, հայտնի չէ, թե ուր են գնում կեղտաջրերը ու արդեն պարզ է, թե օրերը տաքանալուն պես ինչ գարշահոտություն է տարածվելու շրջակայքում եւ մեր բնակարաններում, ինչպիսի հիվանդություններ են սպառնում մեզ եւ մեր երեխաներին»,- գրված է 16 բնակիչների ստորագրությամբ նամակում:
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի վաստակաշատ մանկավարժ Զավեն Վարդանյանը դժգոհում է, որ իրենց «երկհարկանի քանդակազարդ, հոյակապ կառույց» կուլտուրայի տունը անգործության է մատնված, 6-7 խաղասենյակներից օգտագործվում է միայն մեկը, որի պատուհաններին ապակի չկա, նաեւ հոսանքազրկված է: «Գյուղը անկում է ապրել, կորցրել իր նախկին փայլն ու հմայքը, շատ օբյեկտներ սեփականաշնորհվել են, թալանվել ու ոչնչացվել, այժմ դրանց կմախքներն են մնացել»,- գրում է նամակագիրը: Դա դեռ քիչ է, «Ռոզա քույրիկի աճեցրած 25-30 շներն ու քոթոթները շրջապատի համար ստեղծում են հակասանիտարական վիճակ»: Իսկ այս ամենի մասին «գյուղապետն ու պետական այրերը չեն մտածում»:
Խմբագրությանը «վերջին բաց նամակ կամ վերջնագիր» է հղել Արծվաբույն Զեյթունի հայր միության հիմնադիր եւ պատվավոր նախագահ, երկրորդ խմբի ցմահ հաշմանդամ Անդրանիկ Զեյթունցյանը: Պատմական Զեյթունում 1931-ին ծնված քաղաքացին 1946-ից ապրում է Հայաստանում: «Երկրաշարժից հետո զավակներս արտահանվեցին Ռուսաստան եւ ԱՄՆ, իսկ ես տեղափոխվեցի Երեւանի «Էրեբունի» հյուրանոց, որտեղ առայսօր ապրում եմ: 1946-ից մեր ճակատին թրծեցին «աղբար» է ածականը, որը խտրականության հիմք հանդիսացավ եւ ոտնահարվեց մեր անձեռնմխելի իրավունքները: 1990-ին դիմեցի Հայաստանի գերագույն խորհրդի նախագահին եւ նա առերես խոստացավ Երեւանի արվարձաններում հողամաս եւ գումար հատկացնել, որ կառուցենք մեր տները: Բայց մեզ խաբեցին»,- տեղեկացնում է զեյթունցի նամակագիրը: Ինչպես պարզվում է, դրանից հետո եւ մինչ այսօր խաբում են բոլորը՝ «ֆուտբոլի գնդակի պես հարցի լուծումը խփելով դարպասից դարպաս, դռնեդուռ»: Բազմաթիվ դիմումներ է ուղարկել նաեւ նախագահական նստավայր, բայց նույն «ֆուտբոլային» ոճով գանգատը պտտվել-եկել է նրա մոտ, ում դեմ ուղղված էր: Նամակագիրը խոստանում է, որ եթե այս վերջին բաց նամակն էլ անօգուտ լինի եւ իրեն թույլ չտան հանդիպել նախագահ Քոչարյանին, ապա «կնախընտրեմ դիմել թուրք իշխանություններին, անուն-ազգանունս էլ կփոխեմ՝ Սուլեյման Զեյթուն Քալելի կոչումով»:
Նախկինի պես սոցիալական քարտ չունենալու պատճառով կենսաթոշակից զրկվելու մասին նամակները գերակշռող են: Այս անգամ «հազարավոր կենսաթոշակառուների անունից» ստորագրված մի նամակում կենսաթոշակառուները խոստանում են բողոքներ ուղարկել եվրոպական երկրներ: Խնդիրն այն է, որ նույնիսկ սոցիալական քարտը ուշացումով ձեռքբերածներին չեն վճարել հունվար ամսվա թոշակը, եւ դա այն դեպքում, երբ խոստացան, որ քարտ ստանալուն պես այն կվճարվի:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ