«Ավելի լավ է՝ կոնկրետ օրակարգային խնդիրներ
դնենք, գնանք առաջ, քան թե վիճակն ավելի վատացնենք»,- Հայաստանի ԱԺ նախագահը Թբիլիսիում
իր հանդիպումների ժամանակ բազմիցս կրկնեց այդ միտքը՝ նաեւ հաստատելով հայ-վրացական
հարաբերություններում չլուծված խնդիրների առկայությունը: Թերեւս
նրա համար հուսադրող էր նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ հանդիպումը,
որի ընթացքում խոստումները թափվում էին` ինչպես առատության եղջյուրից, մասնավորապես,
թե Ջավախքից դուրս բերվող ռուսական ռազմակայանների փոխարեն՝ կարտոֆիլի եւ սննդամթերքի
ձեռնարկություններ կբացեն, մարդկանց կապահովեն աշխատատեղերով եւ այլն: Ի դեպ, այս
հանդիպումը նախատեսվածից մեկ օր շուտ կայացավ, քանի որ, ինչպես նշեց պրն Սահակաշվիլին՝
ինքը մեկնելու էր Նինոծմինդա, որտեղ սկսելու էին հայկական դպրոցի կառուցումը: Ապրիլի
29-ին նա իրոք ժամանել էր Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղ: Սակայն ինչպես հաղորդեց
«Ա-ինֆոն»՝ այստեղ նա մնացել էր ընդամենը կես ժամ: Եվ դարձյալ խոստացել էր գյուղի
Վահան Տերյանի անվան թիվ 1 դպրոցի համար նոր շենք կառուցել եւ այդ կապակցությամբ
տեղադրել առաջին քարը:Ապրիլի
28-30-ը Վրաստան` Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցի մասին տեղեկատվությունները
զբաղեցնում էին վրացական բոլոր առաջատար թերթերի առաջին էջերը: Այցը կարեւորվում
էր թերեւս էլի նույն պատճառով՝ հայ-վրացական հարաբերությունների կնճռոտ ծալքերով,
որոնց արծարծումից բնավ դիվանագիտորեն չէին հրաժարվում մեր պատվիրակության անդամները:Որ
կան չլուծված խնդիրներ՝ մի ապացույցն էլ հայ համայնքի հետ հանդիպումն էր, որի ընթացքում
վիրահայ գրողների «Վերնատուն» միության նախագահը հայտարարեց, թե վրացական հեղափոխության
ստեղծած «ֆոնն» այնքան էլ բարենպաստ չէ հայերի համար՝ փաստարկելով պետական լեզվի
չիմացության պատճառով միջին օղակի պաշտոնյաների աշխատանքից ազատումը եւ ավելացած
արտագաղթը: Սակայն Արթուր Բաղդասարյանը առարկեց, թե իր շփումների ընթացքում նման
սրությամբ չեն արծարծվել հարցերը:Վրաստանի
պատրիարք Իլիա Երկրորդը հորդորեց հայկական մամուլի ներկայացուցիչներին, թե զգույշ
եղեք՝ մի՛ փորձեք սենսացիաներով փչացնել երկու ժողովուրդների հարաբերությունները:
Լրատվամիջոցներին յուրօրինակ պաշտպանության տակ առավ Հայաստանի խորհրդարանի նախագահը՝
նշելով, թե «Լրագրողները չեն կարող առանց սենսացիաների»:Ջրի
մակարդակը Քուռ գետում, որ Թբիլիսին բաժանում է երկու մասի՝ այցի նախորդ օրը բարձրացել
էր ճգնաժամային նշագծի՝ սպառնալով հեղեղել Վրաստանի մայրաքաղաքը: Թբիլիսիի վարչապետ
Թեմուր Կուրխուլին հայտարարել էր. «Այս գիշեր ոչ ոք չի պատրաստվում քնել, եւ եթե
ջրհեղեղ լինի, ապա թբիլիսցիները պետք է իմանան, որ մենք բոլորս կլինենք նրանց հետ
միասին»:
Իսկ թե ինչ էր խոսել իր հյուրընկալի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի
հետ առանձնազրույցի ընթացքում պրն Բաղդասարյանը՝ միայն մասամբ հայտնի դարձավ, քանի
որ հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, շարադրելով
քննարկված թեմաները, նաեւ ասաց, թե արծարծել են «այստեղ ոչ պատմելու հարցեր»:Իսկ
այս լուսանկարի հեղինակն Արթուր Բաղդասարյանն է: Հիշեցնենք, որ նա մի ժամանակ զբաղվում
էր լրագրությամբ: Այսուհանդերձ՝ այն փաստը, որ խորհրդարանի ղեկավարը լուսանկարում
է ընդդիմադիր թերթի լրագրողին (հայ խորհրդարանականներն «Առավոտը» այդպես ներկայացրին
Նինո Բուրջանաձեին), վերջինիս տեղիք տվեց հարցադրման. «Դեռ այսքանից հետո ընդդիմությունը
բողոքելու է, որ իրեն ճնշո՞ւմ են…»: