Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵԼ ԵԽ-ԻՑ»

Մայիս 03,2005 00:00

Կասկածում է Շավարշ Քոչարյանը

ԱԺ մայիսի 2-5-ի քառօրյայում ընդգրկված է սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկման հարցը: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչ որոշում է կայացրել «Արդարություն» դաշինքը՝ մասնակցելո՞ւ է քննարկումներին: Խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանն ասաց, որ իրենք բազմիցս հրապարակավ արտահայտել են իրենց մոտեցումները սահմանադրական հիմնական սկզբունքների հետ կապված. «Դրանք առայսօր չեն ընդունվել, եւ եթե մենք դատենք ընթացքից, մեր առաջարկները չեն էլ ընդունվելու»: Հետեւաբար, քննարկումներին չեն մասնակցելու:

ԵԽԽՎ-ում առաջին անգամ հնչեց Հայաստանի Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետի մասին (հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ): Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում իշխանությունները առայժմ ձեռնպահ են մնում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հավանական ժամկետի մասին խոսել: ԵԽԽՎ պատգամավոր Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը այս կապակցությամբ հետեւյալն է. «Նախ, դա մեկ նպատակ ուներ՝ հիմնավորել, որ հարցը հրատապ չէ եւ դեռ ժամանակ կա: Եվ ասվեց, որ հարցը կարող են նաեւ հունիսին քննարկել, քանի որ հանրաքվեն լինելու է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Բնական է, որ սա հուշել էին մեր իշխանական ճամբարից: Սակայն ժամկետներն այնքան էլ կարեւոր չեն մեկ այլ պատճառով: Եվ ԵԽ-ում, եւ այստեղ շատ լավ հասկանում են, որ մեկ ամիս շուտ կամ ուշն այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը փոփոխվող Սահմանադրության բովանդակությունն է, սակայն բովանդակության տեսանկյունից էլ արդեն տեղ չկա, որովհետեւ այնքան է նույնը պահանջվում ԵԽ-ի կողմից եւ չի կատարվում իշխանական թեւի կողմից, որ այլեւս նահանջելու տեղ չկա: Եվրոպացիք անընդհատ նույնը կրկնում են, եւ մերոնք համառորեն դա չեն անում: Օրինակ, պահանջվում է, որ Երեւանի քաղաքապետը ոչ թե պետք է նշանակվի, այլ ընտրվի: Անընդհատ պահանջը կա, բայց չի արվում: Հաջորդը իշխանության թեւերի հավասարակշռվածության մասին պահանջն է: Սա էլ չի արվում: Մենք հայտնվել ենք եվրոպական կառույցների, նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Բոլորի համար էլ պարզ է, որ խնդիրը փորձագետները չեն, որ խնդիրը ձեւակերպումները չեն, խնդիրը սկզբունքներն են, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները հակվա՞ծ են, թե՞ հակված չեն երկրի գլխավոր օրենքը դարձնել ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Եթե այո, դա կողջունվի, իսկ եթե ոչ՝ այդ դեպքում Հայաստանի նկատմամբ կսկսվեն ուղղակի պատժամիջոցներ: Որովհետեւ ինչքա՞ն կարելի է ամեն ինչ հետաձգել»:

Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ, Հայաստանն իր պարտավորությունների հիմնարար մասը մինչ այսօր չի կատարել: Իբրեւ օրինակ բերվեց 2003-ին ընտրակեղծիքներ կատարածներին չպատժելը, ընտրությունների եւ երթերի ժամանակ բռնություններ կատարածներին ի հայտ չբերելն ու չպատժելը: Բացի Սահմանադրությունից, առայժմ շարունակում են չկատարված մնալ նաեւ «Երթերի, ցույցերի եւ ժողովների անցկացման մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները, շարունակում է եվրոպական չափանիշներին անհամապատասխան մնալ նաեւ ԶԼՄ-ների դաշտը. «Մի ժամանակ ԵԽ-ին համոզում էին, որ իբր փոփոխություններ են կատարել անկախ հանձնաժողովների ձեւավորման հարցում, եւ հիմա հարցը կլուծվի: Սակայն պարզ է, որ այդ փոփոխությունը հարցերը չի լուծում: Եվ վերջապես՝ մարդիկ տեսնում են, չէ՞, որ «Ա1+»-ը տասը մրցույթի մասնակցել է, եւ ամեն անգամ իբր պարզվել է, որ նա, կներեք, «ամենաթույլիկն» է, նույնիսկ՝ ռադիոհաճախականության համար: Էլ չեմ ասում, որ այնքան անհեռատես են, որ «Ա1+»-ին փորձում են վտարել իր զբաղեցրած տարածքից»: Այս ամբողջ իրավիճակը վերլուծելով՝ մեր զրուցակիցը կարծիք է հայտնում, որ Հայաստանի գլխին արդեն կուտակվում են ամպեր, եւ արդեն համբերության բաժակը լցված է: Ըստ պարոն Քոչարյանի, իշխանությունների վերջին հնարավորությունն այն է, որ սահմանադրական փոփոխությունները իրականացնեն՝ ելնելով այն երեք հիմնարար սկզբունքներից, որոնք հրապարակային ներկայացրել են եւ «Ազգային միաբանությունը», եւ «Արդարությունը», իսկ Վենետիկի հանձնաժողովը դրանք բազմիցս ներկայացրել է իր հերթին:

Ըստ պրն Քոչարյանի՝ «այսօր Հայաստանում կա երեք ուղի. մեկը այս իրավիճակի հետ հաշտվելն է, իսկ դա նույնն է, որ մեզ ԵԽ-ից դուրս շպրտեն, եւ գնանք միջինասիական երկրների ճանապարհով: Կարծում եմ, Հայաստանի համար այս ուղին բացառվում է, որովհետեւ ինչ էլ խոսեն մեր մենթալիտետի մասին, մեր ժողովուրդն, այնուամենայնիվ, աֆրիկյան, ասիական ժողովուրդ չէ: Հաջորդ լուծումը համաժողովրդական պոռթկումն է, իշխանության փոփոխումը, որից հետո ազնիվ եւ արդար ընտրությունների իրականացումը: Կարծում եմ, հասարակությունը հիմնականում այս ուղուն է հակված: Երրորդը ոչ թե ուժեղ առճակատումների եւ ցնցումների ճանապարհն է, այլ ելնելով իրենց սեփական շահերից՝ իշխանությունները փորձում են փափկացնել այս զայրույթը եւ գնալ բարեփոխումների ճանապարհով»: Մնում է ընտրել ճանապարհը, եւ դա ըստ մեր զրուցակցի՝ հետեւյալն է. «Այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ երկիրն այս վիճակում է ոչ միայն անձերի պատճառով, այլեւ համակարգային այս վիճակի, այդ մարդիկ պետք է գնան այն ճանապարհով, որը Հայաստանը կհասցնի օրինական իշխանության»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել