Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համագործակցության

Ապրիլ 30,2005 00:00

Համագործակցության սկիզբը դրված է 21-րդ դարում Հայաստանում առաջին անգամ հնչեց վին, որը մեր ուդի եվրոպական տարբերակն է «Առավոտը» տեղեկացրել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում ապրիլի 27-ին մեկնարկած հայ եւ շվեդ երաժիշտների մասնակցությամբ համերգաշարի մասին: Եզրափակիչ համերգը կկայանա Գյումրիում, մայիսի 3-ին: Հանդիպեցինք շվեդ արվեստագետներ, ամ ուսիններ՝ երգչուհի Անետ Տարանտոյին եւ վինահար Սվեն Աբերգիին: Զրույցի սկզբում ամուսինները տեղեկացրին, որ հայաստանյան համերգաշարի գաղափարը իրենց ընտանիքի մտերիմ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի երեւանյան գրասենյակի աշխատակցուհի Քրիստինա Հենչընինն է: Իսկ իրենց առաջին շփումը հայ մշակույթի հետ կայացել է երկու տարի առաջ, Շվեդիայի Ուպսալա քաղաքում, որտեղ իրենք հրավիրված էին Եղեռնի զոհերի հիշատակին տրվող պատարագին: «Առաջին անգամ Հայ առաքելական եկեղեցում կատարեցի Կոմիտաս»,- նշեց Ա. Տարանտոն: Ընդմիջելով կնոջը, Ս. Աբերգին հայտնեց, որ Հայաստան համերգային շրջագայության գալու պատճառներից մեկն էլ, եթե ոչ առաջնայինը, հայ հոգեւոր երաժշտության մեջ խորանալն է. «Ունենալով բազմադարյա մշակույթ, ես վստահ եմ, որ ուսումնասիրելով ու պեղելով այն, պահոցներում հաստատ կգտնվի ձեռագիր նոտագրություն վին նվագարանի համար»: Կոնսերվատորիայում նա արդեն կարդացել է դասախոսություն «Բարոկկո եւ Վերածննդի շրջանի եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները» թեմայով: «Այդ դարաշրջանների երաժշտությունը երկար ժամանակ չի կատարվել նույնիսկ Եվրոպայում: Ինչպես 19-րդ դարից, երբ համարյա բոլոր զարգացած ընտանիքներում կար դաշնամուր եւ ծնողները երեխաներին տալիս էին ուսման՝ այդ գործիքին տիրապետելու համար, այնպես էլ վինը նման հեղինակություն ուներ 16-17-րդ դարերում»,- պատմեց վինահարը: Կեսկատակ-կեսլուրջ Ս. Աբերգին կարծիք հայտնեց այն մասին, թե հնարավոր է ուսումնասիրություններից հետո գա այն եզրահանգման, որ վինը ուդ նվագարանի նախատիպն է. «Կամ միգուցե հակառակը»: Արվեստագետները ափսոսանք հայտնեցին, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ ծանոթանալ հայ միջնադարյան մշակութային գանձարանին, ավելի մտերմանալ կոմիտասյան մեղեդիներին. «Ակնկալում ենք, որ սա մեր եւ Երեւանի կոնսերվատորիայի համագործակցության սկիզբն է: Հուսով ենք, որ կկազմակերպվեն փոխայցելություններ, բնականաբար՝ անցկացնելով վարպետության դասեր, դասախոսություններ, համերգաշարեր»: Մեր «հետազոտությունների» արդյունքում պարզվեց, որ հայ կոմպոզիտորներից եւ ոչ մեկը չի ստեղծագործել վինի համար: Ժամանակին էլիտար այս նվագարանի համար երկեր ունի գրած ամերիկահայ կոմպոզիտոր Վազգեն Մուրադյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել