Վթարներ «Լինսիի» նորակառույցներում Պատճառը հնամաշ ջրագծերի տեղադրումն է Վերջին շրջանում հաճախակի են դարձել «Լինսի» հիմնադրամի միջոցներով Գյումրիում կառուցված շենքերից հնչող բողոքներն ու «փնթի» շինարարների հասցեին քննադատությունները: Որոշ բնակիչների ասելով, դեռ նոր տները ոտք չդրած, ստիպված են խոնավությունից «մեռնել»: Մասնավորապես այս կարծիքը Կոշտոյան փողոցից ու Շառլ Ազնավուրի հրապարակից «տեղափոխվել» է Տերյան փողոցի 1-ին շենք, որի բնակիչները սեփական բնակարաններում պարբերաբար «անուշ բաղնիք» են ընդունում: Մի քանի օր առաջ այստեղ գրանցվել էր ամենամեծ «ջրհեղեղը». նկուղներից ջուրը համարյա թե տներն էր հասել: «Մենք էլ գիտեինք, թե նոր տուն քաշվանք-փրկվանք, էլ ինչ իմանայինք, թե պատրաստի լողավազան են հրամցնում»,- իրենց բախտն անիծում էին առաջին հարկի ապրողները: Նրանց ասելով, ջրի մարդիկ հայտնաբերել են, որ նոր ջրագծի փոխարեն շինարարը հինն ու փտածն է օգտագործել, ավելին՝ ջուրը նախագծի համաձայն ոչ թե մայրուղուց է անցկացվել, այլ հեշտ ու հանգիստ ճանապարհով բերել իրենց փողոցին կիպ-կպած սեփական տներից: Թեեւ մյուս կողմից էլ բնակիչներն օբյեկտիվորեն էին մոտենում թերություններին. ըստ նրանց, բանվորներն այս հարցում այնքան էլ մեղավոր չեն. «խեղճերին մեռան խաբելով ու կոպեկ չվճարելով»: Ականատեսները վկայում են, որ մինչեւ վերջերս շեֆերն ու բանվորները դատ-դատաստաններում էին իրենց հաշիվները մաքրում: Բնականաբար, բնակիչները չեն բացառում մի քանի օր հետո եւս «տհաճ անակնկալների» կրկնությունը: «Ջրմուղը հազիվ դզեց, բայց հո հիմնովին չփոխե՞ց»,- ասում են բնակիչները: Ըստ նրանց, «խարդախ» շինարարն արդեն իսկ իրենց «հերն անիծել է», կառույցն արդեն «բանի պետք չէ»: Ի դեպ, սա հիշյալ հասցեում միակ խնդիրը չէ: Բնակիչների ասելով, իրենք դեռ չէին հասցրել տները տեղափոխվել՝ Ջրմուղը մի կլորիկ պարտք «նվիրեց». դեռ մի բան էլ ջրաչափերը չի կապարակնքում մինչեւ պարտքերը չմուծեն: Իսկ թե ինչու է Ջրմուղը այդպես վարվում, փորձեցինք ճշտել «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Մարտիրոսյանից: Նա պարզաբանեց, որ բնակիչները պարտքերը ժառանգել են տնակներից եւ նոր բնակարան տեղափոխվելը նրանց չի ազատում Ջրմուղի հանդեպ ունեցած պարտավորություններից: Ջրմուղի պետի ասելով, որպեսզի կրկնակի պարտքեր չգոյանան եւ նույն բնակչից կրկնակի գանձումներ չկատարվեն, բնակիչը հասցեի փոփոխության համար պետք է հիմնավորող փաստաթուղթ ներկայացնի իրենց կառույց՝ տնակի հանձնման եւ այլնի մասին: Ջրմուղի պետն էլ իր հերթին դժգոհեց, թե բնակիչները հին պարտքերը մոռացած՝ Ջրմուղ են ներկայանում նոր բաժանորդ դառնալու ակնկալիքով: Իսկ ջրաչափերը, ըստ Ջրմուղի պաշտոնյայի, կապարակնքվում են առանց նախապայմանների, այլ հարց է, որ նրանք Ջրմուղի հետ դեռեւս չեն պարզաբանել իրենց պարտքի չափը: «Ջրաչափերի տեղադրումը մենք ենք պրոպագանդում, հիմա մենք մեր ձեռքով պիտի ձախողե՞նք»,- արդարանում են Ջրմուղի պաշտոնյաները, որոնց, սակայն, բնակիչներն այդպես էլ չեն հավատում: Սեփ. լր.