Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ

Ապրիլ 30,2005 00:00

ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԶՈՐ ԵՆ, ՏՆՕՐԵՆՆԵՐԸ՝ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ Իսկ ուսուցիչները՝ օպտիմալացման պատանդ «Առավոտի» «Հայոց պետականության ապագան՝ վտանգի տակ» (25.12.2004) հոդվածից հետո, օպտիմալացման իսկական զոհ դարձած թիվ 139 դպրոցի մի խումբ ուսուցչուհիների բողոք-նամակների ու քաղաքապետարանի կրթության վարչության, ԿԳ նախարարության ու դպրոցի շուրջը ծավալված իրադարձությունները, կարծես թե ճշտեցին գերատեսչությունների, առանձին մարմինների միջեւ հարաբերությունները, ազդեցության ոլորտները, սեփական տեսչության պատկանելությունը: Այսպես, թիվ 139 դպրոցի տնօրենի դեմ ու, ընդհանրապես, կրթությունում տիրող ծանր իրավիճակի համար բողոքող, օպտիմալացման զոհ դարձած ուսուցիչների խումբը օրերս տեղեկացավ, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ի զորու չէ աշխատանքից ազատելու ցանկացած դպրոցի տնօրենի: Իսկ նախարարը կարող է միայն մի շարք նախնական հանդիպումների միջոցով փորձել համոզել տվյալ դպրոցն իր տարածքում ընդգրկող քաղաքապետին կամ մարզպետին հեռացնել հանցանքի, լուրջ խախտումների մեջ բռնված այս կամ այն տնօրենին: Սակայն եթե տնօրենը գտնվում է, ասենք, փոխքաղաքապետի կամ կրթության վարչության պետի հովանու ներքո, ապա նախարարի ճիգերը ապարդյուն են անցնում: Ահա, օրինակ, մի քանի ամիս առաջ նախարարը հայտարարել էր չարաբաստիկ օպտիմալացման ավարտի մասին, սակայն թիվ 139 դպրոցի տնօրեն Ե. Սարգսյանը մանկավարժական խորհրդում հայտնել էր, թե նախարարի հրամանը իրենց դպրոցին չի վերաբերում, քանի որ ինքն է դպրոցի տեր ու տիրականը եւ շարունակելու է օպտիմալացումը՝ որքան ցանկանա: Տնօրենը կրճատել էր 22 ուսուցիչների, մանկավարժական խորհրդում հայտարարելով՝ «Գնացեք, մտածեք, եթե ուզում եք աշխատել, ապա ձեր հարցերը միմիայն ինձ հետ կարող եք լուծել…»: Իրոք, կրճատված ուսուցիչներից մի մասին (հիմնականում՝ թոշակառուներ) ինչ-ինչ առիթներով ու պատճառներով տնօրենը ետ է ընդունում, չնայած դրա անհրաժեշտությունը իրականում չկար: Օպտիմալացման, այսինքն՝ կրճատման սպառնալիքի տակ ամբողջ մի տարի է, ինչ նա պատանդի վիճակում է պահում կոլեկտիվին, առաջին իսկ առիթով ազատվում իր համար անցանկալի ուսուցչից: Հենց ուսուցիչներին պատանդ պահելու արդյունքն է, որ դպրոցի տնօրենը «Առավոտին» ու գերատեսչություններին պատասխաններ ուղարկելու նպատակով նախապես մաքուր թղթի վրա ուսուցիչներին ստորագրել է տալիս, դրանք բազմացնում քսերոքսով ու կցում տարբեր գրություններին, որոնց մասին տեղյակ չեն ստորագրողները: Իսկ թե քաղաքապետարանն ինչպիսի արագությամբ է լուծում դպրոցում անսպասելիորեն ծառացած խնդիրները, ցույց է տալիս հետեւյալ դեպքը: Մարտի 31-ին փոխնախարար Կամո Արեյանն ընդունել էր թիվ 139 դպրոցի բողոք գրած ուսուցչուհիներին, փորձելով ճնշման միջոցով սաստել ու լռեցնել նրանց ձայնը: Ուսուցիչներն իրենց նամակում գրել էին նաեւ հղիության եւ ծննդաբերության պատճառով 2004 թ. հոկտեմբեր ամսից դասերից բացակայող աշակերտուհու անվան դիմաց տնօրենի հրահանգով ներկաներ ու գնահատականներ նշանակելու փաստը: Տեղեկանալով այս մասին, իսկույն տնօրեն Ե.Սարգսյանին քաղաքապետարան են կանչում: Ուսուցիչները դեռ չէին հասցրել դուրս գալ քաղաքապետարանից, երբ տնօրենը մուտքից ներս է մտնում: Այստեղ նրան տեղյակ պահեցին նամակում նշված փաստի մասին: Երբ մի քանի օր հետո ԿԳ նախարարությունից բացատրություն են պահանջում այս փաստի առիթով, տնօրենն իսկույն ներկայացնում է մարտի 1-ի թվով տված աշակերտուհու հեռացման հրամանը, որը, փաստորեն, ապրիլին էր ետին թվով կազմել ու մատյանում համապատասխան փոփոխություններ մտցրել: Մեզ մնում է ենթադրել, որ քաղաքապետարանը բավականին «օպերատիվ» կազմակերպություն է: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օ. Վաթյանն իր հերթին ուսուցիչների ու դպրոցի տնօրենին իր մոտ է կանչում, փորձում ոչ թե ինչ-որ բան պարզել, այլ հաշտեցնել կողմերին: Այս հանդիպմանը ներկա գտնվող տեսուչ Նարա Հարությունյանը, որն առաջին իսկ պահից թշնամաբար էր տրամադրված ուսուցչուհիների նկատմամբ, տեսնելով, որ «հաշտեցումը» չի ստացվում, հայտարարում է. «Դուք վիրավորվել եք, որ ձեզ չի հաջողվել տեղ գտնել Ե. Սարգսյանի սիրուհիների ցուցակում, դրա համար էլ էս խեղճ մարդու դեմ բողոքում եք»: Եթե վարչության պետը հանդուրժում է իր ներկայությամբ ուսուցչուհիների նկատմամբ նման վիրավորանքը…: Իսկ ուսուցչուհիների պահանջներից մեկը հայ ժողովրդի պատմության առարկան դասավանդող տնօրեն Ե. Սարգսյանի գիտելիքների համապատասխանությունը ստուգելն է, քանի որ նա վաղուց դաս չի պարապում եւ կեղծ թվանշաններ է նշանակում մատյաններում: Ուսուցչուհիները տասնյակ խախտումների հետ պնդում են նաեւ 2000 թվականին դպրոցի (եւ ոչ թե տնօրենի) շահած 12 000 դոլարի մասին, որը այդպես էլ անհայտացավ: Անարդարացիորեն օպտիմալացման զոհ դարձած 40-ամյա ուսուցչուհի Իրինա Հակոբյանը հենց տնօրենի ներկայությամբ վկայեց, որ իրեն աշխատանքի ընդունելու համար Ե. Սարգսյանը իրենից 150 դոլար է պահանջել ու ստացել: Սակայն պրն Վաթյանը կրճատված, անգործության մատնված ու իրենց ողջ եռանդը բողոքների վրա ծախսող ուսուցչուհիներին հայտնեց, որ ոչնչով նրանց չի կարող օգնել, քանի որ իրավասու չէ: Ինքս պարտավոր էի ուշի ուշով հետեւել իմ իսկ նյութի հետքերով ստուգումներին, որոնք անցկացվում էին մեկ՝ նախարարության, ապա՝ քաղաքապետարանի վարչության կողմից: Եթե նախարարության հանձնաժողովի (նախագահ՝ Ս. Պեպանյան) փետրվարի 7-11-ը թիվ 139 դպրոցում ստուգումները համեմատաբար անշահախնդիր էին ու հիմնականում հաստատում էին հոդվածում բարձրացված հարցերի համապատասխանությունը իրականությանը, ապա դրան հաջորդած քաղաքապետարանի հանձնաժողովի (նախագահ՝ նորաստեղծ տեսչության պետ Ա. Վարդանյան) ստուգումները միանգամայն այլ նպատակ ունեին, որոնց մասին ճիշտ պատկերացում է տալիս «Հայկական ժամանակի» «Դպրոցի տնօրեններն ահաբեկված են» հոդվածը (25.03.2005): Առաջին երկու օրերին հանձնաժողովը բավականին թերություններ հայտնաբերեց: Սկզբից հանձնախմբի գրավոր ստուգման արդյունքում 10-րդ դասարաններից մեկում աշակերտների 90%-ը «անբավարար» է ստանում: Սակայն Ա.Վարդանյանի ու տնօրեն Ե. Սարգսյանի «առանձնազրույցից» հետո հանձնաժողովը կտրուկ փոխում է ստուգումների «ոճն» ու արագորեն մատյանները շտկում կամ փոփոխում, նկատված թերությունները քողարկում: Այս մասին ինձ պատմում էին ուսուցիչները, սակայն խնդրում հասկանալի պատճառով չտալ իրենց անունները: Գերատեսչությունների վերաբերմունքը, ավելի շուտ՝ անտարբերությունը կրթության հիմնախնդիրների նկատմամբ, ցայտունորեն է բնութագրում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչ Ք. Նուրիջանյանի պատասխանը բողոքի հեղինակ ուսուցչուհիներին (01.04.2005, թիվ 4-0383). «Ստուգման արդյունքները քննարկվել է նաեւ դպրոցի մանկավարժական խորհրդում եւ տեղ գտած թերությունների համար տնօրինությանը տրվել են հանձնարարականներ՝ դրանք վերացնելու համար: Հանձնարարականների կատարմանը կրթության վարչությունը կանդրադառնա ուսումնական տարվա վերջում»: Մնում է ստանդարտացնել այս «պատասխանը» եւ ուղարկել բոլոր դպրոցներին, որի արդյունքում կրթությունը այլեւս «անթերի» կլինի: Անշուշտ, նախագահի ապարատում էլ են բույն դրել «խորհրդային» ձեւերով գործող ֆունկցիոներները, որոնք հմտացել են ոչինչ չասող գրություններ կերտելու մեջ: Հենց նման անլուրջ պատասխանների հետեւանքով է, որ ահա իրենց ոտնահարված իրավունքների համար շուրջ կես տարվա անդադար պայքարից հետո էլ ուսուցչուհիները լի են վճռականությամբ՝ հասնելու արդարության հաղթանակին: Կհաջողվի՞ դա նրանց: Դժվար է ասել: «Առավոտի» դեկտեմբերյան հոդվածում ուսուցիչների բարձրացրած հիմնական հարցը վերաբերում էր երկրում կրթության խնդիրներին: Սակայն ահա քաղաքապետարանը, նախարարությունը, ԱԺ կրթության հանձնաժողովը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, մի կողմ թողնելով ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիրները, ուշադրությունը սեւեռում են մասնավոր հարցերին՝ արդարացնելով ուսուցիչների կրճատումը եւ ուսուցիչների կարծիքով՝ դպրոցի տնօրենի քրեորեն դատապարտելի գործունեությունը: Իսկ չարաբաստիկ օպտիմալացման փոխարեն ոլորտի լիարժեք բարենորոգումները կբացառեին Ե. Սարգսյանի նման տնօրենների մուտքը կրթական համակարգ: Եթե ՀՀ նախագահը, կառավարությունը կամ Ազգային ժողովը մտահոգված են երկրի ապագայի, նրա կայունության, անվտանգության մասին, ապա պարտավոր են մեր մտածելակերպից ու յուրահատուկ պայմաններից ելնելով՝ կտրուկ միջոցներ ձեռնարկել կրթության ոլորտում լուրջ բարեփոխություններ անցկացնելու համար, եթե, իհարկե, ի զորու կամ շահագրգիռ են: ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել