Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԷՑ-Ի ԿՐՈՒԳԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ

Ապրիլ 30,2005 00:00

ՏԷՑ-Ի ԿՐՈՒԳԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ Կրկնահանցագործ «Բանգլադեշցի Համոն» նորից խուսափեց պատասխանատվությունից Երեկ երրորդ դատական նիստով ավարտվեց փետրվարի 4-ին ՏԷՑ-ի կրուգ կոչված հատվածում՝ Արցախ-Արին-բերդ խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ հարուցված քրեական գործը: Փոխհրաձգության ժամանակ հրազենից տեղում սպանվել էր 31-ամյա Մհեր Տեր-Հարությունյանը, որի իրավահաջորդներին այդպես էլ չտեսանք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուր ընթացել էին վերոնշյալ դատական նիստերը: Մեկուսարանից երեկ ազատվեց տասը ամբաստանյալից երկուսը՝ Կարեն Գալստյանը՝ Ջոմբ մականունով եւ Աշոտ Ավետիսյանը՝ «Բանգլադեշցի Համոն», որը մի անգամ արդեն «դատապարտվել էր»՝ լրագրողների վրա հարձակվելու համար: Մեղադրող Մանուչար Մարտիրոսյանը երկուսի համար էլ առաջարկել էր 1 տարի 6 ամիս ազատազրկում, սակայն այն չկիրառելու եւ 1 տարի փորձաշրջան անցկացնելու միջնորդությամբ: Դատարանը հարգեց այդ միջնորդությունը՝ այդպիսով եւս մի անգամ ազատության մեջ թողնելով բարձր հովանավորություն ունեցող կրկնահանցագործին: Ի դեպ, ամենաուրախը դահլիճում այդ պահին լրագրողների եւս մի «բարեկամ» «Արտաշատցի Հրոն» էր՝ Հրայր Հարությունյանը: Դատավճռին սպասելիս նա զրուցեց նաեւ լրագրողներիս հետ եւ երանի էր տալիս, թե երբ պիտի մի վատ բան կատարվի լրագրողների հետ, ինքը փրկի նրանց՝ ապացուցելու, որ ինքը «էս քաղաքի ամենալավ տղեն ա»: «Հուզմունքից» լուսանկարեցինք նրան, հիշեցնելով, որ դա կատարում ենք «իրենից տուժած» լուսանկարչական ապարատի միջոցով: Հետաքրքիր է, որ «Բանգլադեշցի Համոյի» պաշտպան Կարո Աղաջանյանը ընդհանրապես պաշտպանական ճառ չասաց, այլ ներկայացրեց իր պաշտպանյալի համար Մալաթիա-Սեբաստիա «թաղամասի» կողմից տրված տեղեկանքը, որը հաստատում է, թե Ա. Ավետիսյանը ունի իր խնամքին 8 անձ եւ երկու անչափահաս երեխա, ինչպես նաեւ նրա քրոջ եւ մոր առողջական վիճակն արտացոլող փաստաթուղթ: ՏԷՑ-ի «ճակատամարտին» մասնակցած Արմեն Նովիկովը դատապարտվեց 5 տարի ազատազրկման եւ հաստատվեց, որ նա է իր ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով «դրսեւորել հանցավոր անտարբերություն»՝ հարվածելով Մհերի ոտքերին նրան վախեցնելու նպատակով, սակայն սպանել է նրան: Սամսոն Վարդանյանը դատապարտվեց 4 տարի 6 ամիս, Լեւոն Ղազարյանը՝ 2 տարի, Կարեն Ղալթախչյանը՝ 1 տարի, Արմեն Աղաջանյանը՝ 1 տարի, Նորայր Ղուշչյանը՝ 1 տարի, Վրեժ Օսիպյանը՝ 1 տարի, Էդգար Սողոմոնյանը՝ 9 ամիս ազատազրկման: Տպավորությունն այնպիսին էր, թե մեղադրողը պաշտպանական ճառ էր ասում: Չնայած դատավորը դատավճռի նկարագրական մասում նշել էր, թե բերված փաստերը «ամբողջությամբ հիմնավորված» էին, սակայն ի՞նչ հիմնավորվածության մասին է խոսքը, երբ դատարանը հրավիրել է երեք դատական նիստ, մեկ օրում լսել 7 վկայի, հրապարակել ամբաստանյալների նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջիններս հրաժարվել են դատարանում ծպտուն հանել: Երեկ դատարանում նրանք հրաժարվեցին ոչ միայն պաշտպանական ճառ արտասանելուց, այլեւ վերջին խոսքից: Էլ չենք խոսում այն մասին, որ տասնյակ վկաներ ընդհանրապես վկայություն չեն տվել: Փաստորեն, առաջին անգամ նախաքննությունը որակվում է իբրեւ դատաքննություն ու նախաքննության արդյունքներով կայացրեց դատավճիռ: Շարժառիթ է դիտվել Բագրատունյաց 22 շենքի մոտ Գոռ Մխիթարյանի եւ Ռոբերտ Ավանեսյանի միջեւ ծագած թեթեւ վեճը, որի ժամանակ կողմերը հրավիրել են հեղինակություններին, մի կողմից Մհեր Տեր-Հարությունյանին, մյուս կողմից՝ Աշոտ Ավետիսյանին: Սակայն ի՞նչ վեճ էր, երբ արդեն երկու օր անց մեր ձեռքի տակ կային 31 կասկածյալների անուններ, 17 կալանավորվածների, 3 հետախուզվողի, 5 նախնական կալանքի մեջ գտնվողների եւ մականունավորների: Միայն Ջիփ-օփելների եւ Ջիփ-Միցուբիշիների քանակը երկու տասնյակից ավելի էր: Իսկ իրեղեն ապացույց է դիտվել միայն Արմեն Նովիկովի ԱԿՍ-74 ինքնաձիգը եւ Սամսոն Վարդանյանի ԱԿՄ ինքնաձիգը՝ 30 փամփուշտով: Դատավարությունից հետո երկու տասնյակից ավելի մեքենաներ սպասում էին՝ հերոսներին տուն ուղեկցելու: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել