Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում

Ապրիլ 30,2005 00:00

Առաջարկում եմ մրցույթի ամբողջ ընթացքը ներկայացնել հանրությանը Արդեն որերորդ ամիսն է՝ շարունակվում է 150 հազար անապահով ընտանիքների համար բազմասակագնային էլեկտրահաշվիչների արտադրության նպատակով հայտարարված մրցույթը եւ վերջն էլ դեռ չի երեւում: Հարց է ծագում, թե գործող օրենսդրությամբ նման մրցույթների իրականացման համար ժամկետներ սահմանված չե՞ն եւ եթե այո, կոնկրետ դեպքում ժամկետային խախտումներ տեղի չե՞ն ունեցել: Հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեցինք մրցույթին մասնակից կողմերից մեկի՝ «Էներգիա կոնցեռն» ընկերության տնօրեն Էդուարդ Գրիգորյանին: – Ինչպես հայտնի է, բազմասակագնային էլեկտրահաշվիչների ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության կողմից միջազգային համագործակցության ճապոնական պետական բանկի (IBIC) միջոցով տրամադրվող մոտ 8,5 մլն դոլար վարկային միջոցների հաշվին: Ճապոնական բանկը ողջ աշխարհում վարկային ծրագրեր իրականացնելիս առաջնորդվում է հաստատված կարգով: Այդ կերպ հստակեցվում է, թե նման միջոցներով իրականացվող մրցույթներն ինչ մեխանիզմներով կարող են ընթանալ, մասնակից ընկերություններին ինչ պայմաններում կարող են դուրս թողնել, հստակեցված են ժամկետները եւ այլն: Ըստ այդ կանոնակարգի, առաջնային է համարվում տեխնիկական ապահովումը: Այսինքն՝ բոլոր մասնակիցները կարող են դուրս մնալ մրցույթից, եթե նրանց առաջարկը տեխնիկական որեւէ կետով չի համապատասխանում մրցույթի պահանջին: Մինչդեռ գնային պարամետրերը այդ կանոնակարգում ամենեւին էլ առաջնային դիրքերում չեն: Ավելին, եթե մասնակցի կողմից առաջարկվող գինը կտրուկ կերպով տարբերվում է (բարձր կամ ցածր) մրցութային համապատասխան ցուցանիշից (որը կոնկրետ դեպքում հաստատված է ՀՀ կառավարության, համապատասխան նախարարության եւ վերջապես բանկի կողմից), ապա դա, ըստ բանկի կանոնակարգի, համարվում է խիստ կասկածելի եւ ենթակա է մանրամասն ուսումնասիրման: Ի դեպ, դա հաճախ պատճառ է դառնում, որ տվյալ ընկերությունը դուրս մնա մրցույթից: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դա նախատեսված է եւ ճապոնական բանկի կանոնակարգով, եւ Հայաստանի համապատասխան օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով: Ըստ այդմ, մրցույթը պետք է ավարտվի փաթեթները բացելուց հետո 90 օրվա ընթացքում: Բազմասակագնային հաշվիչների մրցույթի պարագայում այդ ժամկետը վաղուց է լրացել, փաթեթները բացվել են դեկտեմբերի 7-ին, ինչը նշանակում է, որ տեղի են ունեցել բացահայտ խախտումներ: Թե որն է պատճառը, դժվարանում եմ ասել: Սակայն կարող եմ ասել, որ մրցույթի մասնակցության համար մասնակիցները գրավ են դրել մոտ 200 հազարական դոլար գումար, ինչը համապատասխան ժամկետի ավարտից հետո էլ մնում է սառեցված վիճակում: Ստացվում է, որ մրցույթը ժամանակին չավարտելու պատճառով կրում ենք զգալի ֆինանսական վնասներ, եւ հետաքրքիր է, մրցութային հանձնաժողովը կամ համապատասխան ԾԻԳ-ը, որոնց մեղքով է տեղի ունենում ձգձգումը, պատրա՞ստ է այն փոխհատուցել: – Ինչպես հայտնի է, Ձեր ղեկավարած ընկերությունը մրցույթին մասնակցում է ճապոնական հայտնի «Կուրհառա կոցաո» ընկերության հետ համատեղ: Տեղեկություններ եղան, որ ձեր գործընկերը պատրաստվում է դիմել միջազգային դատարան: Դա ճի՞շտ է: – Այո, մեր գործընկերը, որը շատ հզոր ընկերություն է, չափազանց զարմացած է մրցույթի ընթացքով: Ընկերության ներկայացուցիչները իրոք հայտարարել են, որ մոտ ժամանակներս պատրաստվում են նախ դիմել ՀՀ կառավարությանը, եւ եթե չլինի համապատասխան միջամտություն, ապա մեր գործընկերը անպայման կդիմի միջազգային դատարան: – Ճապոնական բանկի ներկայացուցիչը վերջերս զարմանքով տեղեկացավ, որ առ- այսօր մրցույթը տեղի չի ունեցել: Ձեր կարծիքով, ժամանակը չէ՞, որ բանկն էլ միջամտի: – Բնականաբար, բանկը տեղյակ է ընթացքից: Սակայն, կարծում եմ, բանկին իրական վիճակը չի ներկայացվում: Միաժամանակ բանկն այնքան կոռեկտ է, որ իրեն թույլ չի տալիս խառնվել Հայաստանի ներքին խնդիրներին եւ դեռ սպասում է, թե այս ամենը ինչ ավարտ կունենա: Սակայն դա էլ իր ժամանակն ունի, եւ որպեսզի Հայաստանը խայտառակ չլինի միջազգային շուկաներում, հարկավոր է նման խնդիրները ժամանակին լուծել: – Մրցույթի հետ կապված պարբերաբար ամենատարբեր լուրերն են շրջանառվում: Նախ խոսվում էր, թե ճապոնական կողմը չի տրամադրի Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման համար խոստացված 150 մլն դոլար վարկը, եթե հաշվիչների մրցույթում չհաղթի չինական կողմը: Այնուհետեւ շրջանառության մեջ մտան խոսակցություններ, թե չինացիներին հովանավորում են հանրապետության նախագահը եւ վարչապետը: Ի՞նչ կարծիք ունեք նման լուրերի հետ կապված: – Երեւանի ՋԷԿ-ի 150 մլն վարկը արդեն իսկ տրամադրվել է, եւ դա արդեն չի կարող շահարկվել: Նախագահի եւ վարչապետի մասին խոսակցությունները եւս հազիվ թե մոտ լինեն իրականությանը, քանի որ այդ դեպքում, կարծում եմ, մրցույթն արդեն իսկ ավարտված կլիներ չինական ընկերության օգտին: Այդ բոլոր լուրերին ես էլ եմ ծանոթացել լրատվամիջոցներից եւ կարծում եմ, որ նման շահարկումները շրջանառության մեջ են դրվում հանձնաժողովի անդամների վրա ազդեցություն գործելու կամ տպավորություն ստեղծելու նպատակով: – Այս վարկային ծրագիրը ուսումնասիրում է նաեւ ԱԺ-ի օտարերկրյա վարկային միջոցներն ուսումնասիրող հանձնաժողովը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: – Ես շատ ուրախ եմ, որ պառլամենտի որոշ անդամներ սկսել են ակտիվորեն զբաղվել այդ հարցով, քանի որ ծրագիրը, վերջին հաշվով, միտված է 150 հազար անապահով ընտանիքներին, այսինքն՝ ունի լուրջ սոցիալական բնույթ: Հանձնաժողովը, հուսով եմ, ի հայտ կբերի մրցույթի բոլոր թերությունները: – Լուրեր կան նաեւ, որ ԾԻԳ-ը հրաժարվում է հանձնաժողովին տեղեկատվություն տալ՝ այն համարելով մրցույթի գաղտնիք: Ինչ խոսք, որոշ պարամետրեր, ասենք՝ գնային առաջարկները, տեխնիկական չափանիշները, պետք է գաղտնիք համարել՝ ելնելով մասնակից ընկերությունների շահերից: Սակայն երբ լրագրողներին ԾԻԳ-ը տվյալներ չի տալիս անգամ հանձնաժողովի նիստերի օրվա մասին, ապա դա ավելի շատ աբսուրդի չի՞ նմանվում: – Ցավում եմ, բայց ԾԻԳ-ի սխալները շատ են: Այո, գնային առաջարկները, տեխնիկական պարամետրերը պետք է գաղտնիք լինեն, բայց չէ՞ որ էներգետիկայի նախարարը պաշտոնապես խոսեց գներից: Տեխնիկական հարցերը եւս այսօր իրենցից որեւէ գաղտնիք չեն ներկայացնում: Այս տեսանկյունից, իհարկե, աբսուրդ է նիստերի օրը գաղտնի պահելը: Համոզված եմ նաեւ, որ Չինաստանի իշխանությունների ներկայացուցիչները ծանոթ չեն ներկայացված փաստաթղթերի թերություններին, քանի որ ամեն դեպքում նման, մեղմ ասած, թերություններով մամուլում արդեն ներկայացված փաստաթղթերը չեն նպաստում որեւէ երկրի իմիջի բարձրացմանը: Ամեն դեպքում, կրկնում եմ, ծրագիրն ունի լուրջ սոցիալական ուղղվածություն եւ կարծում եմ, մրցույթը պետք է առավելագույնս թափանցիկ լինի: Ես, որպես մասնակից կողմ, ե՛ւ մյուս մասնակիցներին, ե՛ւ հանձնաժողովին, ե՛ւ ԾԻԳ-ին առաջարկում եմ մրցույթի ամբողջ ընթացքը ներկայացնել հանրությանը: Զ. ՍԱՐԳՍՅԱՆR

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել