Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՃԻ՞Ռ

Ապրիլ 30,2005 00:00

ՎՃԻ՞Ռ Է, ԹԵ՞ ՔՍԵՐՈՔՍ Բուզանդի 25 հասցեի բնակիչ Արթուր Մինասյանին տրված դատական վճիռն ապացույցն է այն բանի, որ վտարման վճիռները «բլանկի» պես լրացվում են յուրաքանչյուր վտարվողի համար: Մարտի 28-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Հ. Հովհաննիսյանի անցկացրած դատական նիստին պատասխանող կողմը ներկա չի եղել, ըստ իրենց՝ ծանուցագիրը ստացել են դատի օրվա ավարտին: Սակայն գործը քննվել եւ վտարման վճիռը կայացվել է: Հետաքրքիրն այստեղ նիստի արձանագրության բովանդակությունն է. սկզբում նշվում է, որ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը Բուզանդի 25 հասցեի բնակիչ Արթուր Մինասյանին, նրա եւ նրա եղբոր ընտանիքին վտարելու հայց է ներկայացրել, քանի որ նշված հասցեն գտնվում է Գլխավոր պողոտայի օտարման գոտում: Իսկ արդեն որոշման հիմնավորման հատվածում, մոռանալով վերը ասվածը, դատարանն արձանագրում է. «Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի ծրագրի եւ դրա իրականացման միջոցառումների մասին կառավարության որոշումներով հաստատվում է, որ պատասխանող Ա. Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող Բուզանդի թիվ 25 տունը գտնվում է Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում եւ ճանաչվել է պետության կարիքների համար վերցվող հողամաս»: Վճռի այս ձեւը մնացել է դեռեւս Հյուսիսային պողոտայի դատերից: Այսինքն, իրենց վտարման համար նախատեսված դատերին մասնակցելը ժամանակի զուր կորուստ է նաեւ Գլխավոր պողոտայի բնակիչների համար, թեպետ յուրաքանչյուրի խնդիրն առանձին պատմություն ունի, լսո՞ղն ով է: Ինչ վերաբերում է Բուզանդի 25 հասցեի բնակիչ Արթուր Մինասյանին, ապա նա մարտի 16-ին ԾԻԳ-ից ստացել է առաջարկ՝ գալ-կնքել պայմանագիր, որի համաձայն՝ պետք է իր 52 քմ տան դիմաց ստանար 20110 դոլար՝ գումարած 14032 դոլար, որպես խրախուսանք: Քաղաքացին մեզ ներկայացրեց պայմանագիր կնքելու իր համաձայնության դիմումը, որը ԾԻԳ-ի ընդհանուր բաժնի աշխատակիցը ստորագրել ու ստացել է առաջարկից տառացիորեն երկու օր անց՝ 18-ին: Սակայն, չգիտես ինչու, ԾԻԳ-ը որոշել է նրան վտարել դատարանի միջոցով: Հայտնի է, որ դատարան «մտնելուց» հետո քաղաքացիները զրկվում են խրախուսական գումարից: Փաստորեն, սա էլ իրացնող կազմակերպության նոր գաղափարն է՝ խրախուսանքի հաշվին գումար խնայել իր եւ նոր սեփականատիրոջ համար: ԾԻԳ-ն այս քաղաքացու դեպքում մի խնայողություն էլ է արել՝ նրա երեք երեխաներին ճանաչելով գույքի համասեփականատերեր, ինչի դեպքում վերջիններս զրկվում են 3,5 հազարական դոլար գումարից: «Տունը ես կտակով ժառանգել եմ իմ ծնողներից, միայն իմ անունով, ինչպե՞ս կարող են անչափահաս երեխաներին համարել համասեփականատեր»,- գրել է ԾԻԳ-ին Ա. Մինասյանը եւ խնդրել իր նախկին կնոջ հետ միասին ապրող, բայց գրանցման մեջ մնացած երեխաներին վճարել իրենց հասանելիքը: ԾԻԳ-ը համաձայնել է վճարել միայն կնոջը: Այն, որ օտարման ծամանակ թույլ են տրվում բազմաթիվ կամայականություններ՝ փաստում է նաեւ այս հանգամանքը. Ա. Մինասյանի տունը ԾԻԳ-ը չափագրել է ու գնահատել որպես 52 քմ տարածք: Իսկ կադաստրից սեփականության նոր վկայական ձեռք բերելու նպատակով կատարած չափագրումներով տարածքը 64 քմ էր: Սակայն կադաստրի ներկայացուցիչները, քաղաքացուն ստորագրել տալով այդ թվի տակ, տարել ու սեփականության վկայականում 52 քմ տարածքով հատակագիծ են գծել: «Ես նամակով հարցում արեցի, ասացին՝ ԾԻԳ-ի որոշումն են կատարել: Ճիշտ նույն պատճառով էլ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվեց օրինականացնել բնակարանիս 10,5 քմ ինքնակամ կառուցված հատվածը, թեպետ ես դրա համար դիմել էի ժամանակին: Մեր եռահարկ շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերը կառուցվել են 1939-ին՝ կոոպերատիվ հիմունքներով: Երկրորդում մեր բնակարանն է: Ծնողներս վճարել են նաեւ ընդհանուր օգտագործման տարածքի համար: Բայց ԾԻԳ-ը այդ հանգամանքը հաշվի չառնելով, գնահատել է միայն բնակարանի տարածքը»,- ասաց Ա. Մինասյանը: Նա վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան, հույսով, որ գոնե այս անգամ հնարավորություն կստանա դատարանին ներկայացնելու իր խնդիրները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել