Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրիլ 30,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներեքերորդ

ԷԴ ԱՆՀԱՄ ԲԱՌԸ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ինչքան զգում եմ, իմ էս էջերը, լցվելով ու ընդարձակվելով, հավակնում են իրենց մեջ ներառել այն ամենը, որ տեսել ու ապրել եմ, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ինձ օգնել ու միջնորդել են, որպեսզի ապրեմ:

Շկարուպետայի ու Կարավանի վիլիսներն, ի հեճուկս մեզ, շատ արագ ու անսպասելի տեղ հասան, եւ դա կյանքի էն պահերից էր, երբ սարսափում ես կյանքիդ մոտալուտ վայրկյանից եւ, սարսափելով ու երկնչելով, փորձում ես արհեստականորեն ձգել դրան նախորդող վայրկյանը, բայց, թարսի պես, Կարավանի ու Շկարուպետայի հմուտ վարորդները մեզ շատ արագ տեղ հասցրին՝ կանգնեցնելով իրականության առաջ, ու ինչքան էլ ասեմ, որ բանակային կյանքը զուտ հորինովի ու արհեստական է, դա բնավ չի նշանակում, թե էդ արհեստականը պակաս ազդեցիկ է, քան ինքը՝ բնականը, մանավանդ որ՝ Կարավանի վիլիսում կիսադանթած՝ ես, Ստյոպն ու Ազատանցին դեռեւս միանգամայն անտեղյակ էինք, որ իրենց փայ վիլիսի մեջ Պարգեւն ու հատկապես Կիրովաբադցին արդեն իսկ հասցրել էին Շկարուպետային մասնագիտորեն համոզել, որ կարանտին չանցնենք, ու, մեր բախտից, Շկարուպետան անմիջապես համոզվել ու համաձայնվել էր, քանի որ ընդամենը չորս օրից Սահմանադրության օրն էր, ու բնությունից հպարտությամբ ու փառասիրությամբ լիուլի ու անմնացորդ օժտված գնդապետ Շկարուպետան, համաձայնվելով հանդերձ, տղերքի առաջ նաեւ պայման էր դրել, որ դեկտեմբերի հինգի առավոտյան արդեն պլատցում որեւէ մարշ պիտի նվագենք:

Երբ մեր վիլիսից իջանք եւ ոգեւորված Կիրովաբադցուց ու առավել ոգեւորված Պարգեւից տեղեկացանք, որ կարանտին չենք անցնելու, Ազատանցին, Ստյոպն ու ես առանձնապես չցնծացինք, քանի որ չգիտեինք ու երբեւէ չիմացանք՝ ինչ ասել է կարանտին: Մեր ցնծությունն ու հիացմունքը չտեսնելով՝ Պարգեւն անսպասելի գոռաց. «Արա՛, ընենց հանգիստ ու արխային եք էրեսիս նայում, ոնց որ՝ ամեն ինչ ըսենց հեշտ ու հանգիստ էլ պտի ըլներ»: «Քե՞զ ինչ էղավ, ա՛յ Պաքո, ինչի՞ հանկարծ կատաղեցիր»,- հարցրեց Վալերը: «Ախր չեք հասկանում՝ ինչից եք պրծել»,- գոռաց Պարգեւը: «Ինչի՞ց ենք պրծել, ա՛յ Պաքո»,- հարցրեց Վալերը: «Կարանտինի՛ց,- գոռաց Պարգեւը,- գոնե պատկերացնո՞ւմ եք՝ կարանտինն ինչ ա»: «Չենք պատկերացնում»,- ասաց Վալերը: «Չեք պատկերացնում, դրա համար էլ ապուշի պես էրեսիս եք նայում, մարդավարի չեք ուրախանում»,- շարունակեց գոռգոռալ Պարգեւը: «Որ չենք պատկերացնում՝ ո՞նց ուրախանանք»,- բոլորիս փոխարեն ասաց Վալերը:

Էս մեր խոսքուկռիվը զորամասի մուտքի՝ Խկկ-ի սենյակում էր, եւ Կարավանն ու Շկարուպետան արդեն զորամաս էին մտել ու մեր խոսքուկռվին ներկա չէին, եւ երբ Խկկ–ի շեղաչ հերթապահը մեզ դիտողություն արեց ու ասաց՝ «ծիշե, րիբյա՛տա», Պարգեւը ձայնը ցածրացնելով՝ ասաց. «Հըլը խաբար չեք՝ ինչից եք պրծել. որ հասկանայիք, ոչ թե կուրախանայիք, այլ՝ ուրախությունից կպարեիք»: «Հանգստացի՛, Պաքո՛ ջան»,- ասաց Վալերը: «Հանգիստ եմ,- ասաց Պարգեւը.- ես որ ձեր պես մենակ իմ մասին մտածեմ, միշտ էլ հանգիստ կըլնեմ»: «Ես հեչ էլ հանգիստ չեմ»,- խոսակցությանը խառնվեց Կիրովաբադցին: «Քե՞զ ինչ ա էղել, ա՛յ Վալոդ»,- հարցրեց Վալերը: «Ինչ որ էղել ա, հենց ի՛նձ ա էղել»,- ասաց Վալոդը: «Պարզ խոսա՝ բան հասկանանք»,- ասաց Վալերը: «Պալկովնիկին խոսք տվի, որ ամսի հինգի առավոտ մարշը պատրաստ կըլնի, բայց թե՝ ոնց պիտի հասցնենք, հեչ գլուխս չի մտնում»,- մտահոգ ասաց Վալոդը: «Ասում ես՝ չենք հասցնի՞»,- հարցրեց Վալերը: «Ախր ընդամենը չորս օր ունենք, Վալե՛ր ջան»,- հոգոց հանեց Կիրովաբադցին: «Բայց մենք ուրիշ վարիանտ չունեինք. որ կամանդիրն ասեց՝ ամսի հինգին պիտի հասցնեք, հո իրան չէի՞նք ասի, որ վաբշե նվագել չգիտենք»,- ասաց Պարգեւը: «Բան չունեմ ասելու, Պարգեւ ջան,- ասաց Կիրովաբադցին.- համ էլ՝ էդ կարանտինից պրծնելն արդեն շատ մեծ բան էր»: «Էդ իրա՛նց բացատրի»,- մեզ մատնացույց անելով՝ ասաց Պարգեւը: «Հասկացանք, Պաքո՛ ջան,- ասաց Վալերը,- դու մտածի՝ ո՞նց ենք ամսի հինգին էդ մարշի տակից դուս գալու»:

Երբ Կարավանն ու Շկարուպետան վերադարձան, արդեն ութն անց էր: Մենք մեր զինգրքույկները հանձնեցինք Խկկ-ի հերթապահին, եւ Շկարուպետան ու Կարավանը մեզ ուղեկցեցին ակումբ, որ Խկկ–ից ընդամենը երկու քայլի վրա էր:

Կիրովաբադցին փայլուն ռուսերեն էր խոսում եւ, մինչ մենք կուսումնասիրեինք ակումբի ներսը, ինքը Շկարուպետային ու Կարավանին մանրակրկիտ բացատրեց, որ եթե ուզում են ամսի հինգին մարշը պատրաստ լինի, հենց էդ պահից սկսած՝ պիտի առանց հանգստանալու օր ու գիշեր պարապենք, եւ Շկարուպետան ոչ միայն համաձայնվեց, այլեւ, ինչքան հասկացանք, իրեն շատ էլ դուր եկավ մեր պատրաստակամությունը եւ, մինչ կիրովաբադցի Վալոդը կուսումնասիրեր ակումբում եղած փողային մի քանի գործիքները, Շկարուպետան Սաքոյին ուղարկեց ճաշարան, որ մեզ համար ընթրիքի սեղան պատրաստեն:

Մենք ակումբի բեմում էինք՝ վարագույրից այն կողմ, եւ, մինչ Կիրովաբադցին ու Պարգեւը Շկարուպետային կբացատրեին, որ առաջիկա երեք օրերին մենք պիտի անքուն պարապենք, այսինքն՝ չպիտի՛ կազարմա գնանք, այդ ընթացքում Կարավանն ինձ տարավ բեմի աջ կողմի դռնից ներս, եւ մենք հայտնվեցինք կոշկակարի բուդկա հիշեցնող մի խցում, որը, ինչպես պարզվեց, զորամասի նկարչի՝ այսինքն իմ աշխատասենյակն էր, որի պատերը ծայրեծայր ծածկված էին Նիկուլինի, Գագարինի, Ուլյանովի, Սմոկտունովսկու եւ «Օգոնյոկի» շապիկներից պոկած այլ հանրահայտ մարդկանց գունավոր լուսանկարներով, իսկ Լենինի ու Բրեժնեւի դիմանկարներն, ի տարբերություն մյուսների, պասպարտուով ու շրջանակների մեջ էին, եւ սեղանիս ողջ երկայնքով ապակու տակ փռած էին «Իվան Ահեղը սպանում է որդուն» եւ «Կազակները նամակ են գրում թուրքական սուլթանին» գործերի վերատպությունները, եւ միանգամայն ակնառու էր, որ իմ իրավանախորդը Ռեպինին ակնհայտորեն գերադասել է մնացած բոլորից, իսկ դա նշանակում էր, որ ինձնից առաջ էդ խցում աշխատած ու ծառայած անձնավորությունը որոշակի գաղափար է ունեցել նկարչությունից ու գեղանկարչությունից, ու էդ հանգամանքն ինձ ոչ միայն պարտավորեցնում, այլեւ զգալիորեն խեղճացնում էր, քանի որ ես արդեն չէի հիշում, թե վերջին անգամ երբ եմ մատիտ ու վրձին բռնել, այսինքն՝ իմ նկարչական ողջ պրակտիկան Կոջոյանի դպրոցի երկու տարիներն ու Թերլեմեզյանի ուսումնարանի մի քանի ամիսներն էին, դրանց գումարած՝ հորս կենդանագրական արհեստանոցում մսխված գրեթե ողջ մանկությունս, որն էս դեպքում, ինչքան զգում էի, շատ ավելի մեծ նշանակություն էր ունենալու, քանի որ տվյալ խցում եղած տրաֆարետներն ու գրենական պիտույքներն ինձ հուշում էին, որ ես էստեղ ավելի շատ տառեր եմ գրելու, քան նկարելու եմ, եւ երբ Կարավանն ասաց՝ «վաղվանից գործի ենք կպնելու, ահագին լոզունգներ ու տաբլիչկեք կան», ես սրտապնդվեցի, բայց, սրտապնդվելով հանդերձ, Կարավանին հիշեցրի, որ տղերքի հետ նաեւ նվագելու եմ, որպեսզի դեկտեմբերի հինգին մարշը հասցնենք, եւ այդ ժամանակ փոխգնդապետ Կարավանն ինձ բավական չոր տոնով հասկացրեց, որ իմ անմիջական ղեկավարը ի՛նքն է, եւ ոչ թե՝ մեկ ուրիշը, եւ երբ ես իրեն հարցրի՝ «այսինքն՝ դեկտեմբերի հինգին տղերքի հետ չե՞մ նվագելու», Կարավանն ասաց. «Դեկտեմբերի հինգին տղերքի հետ անպայման կնվագես, բայց մինչեւ էդ էս կարմիր կտորի վրա կգրես՝ «ԺՈ ջՊՐՈՉրՑՉցպՑ ՊպվՖ ՍՏվրՑՌՑցՓՌՌ!»: Ես մտահոգ տեսք ընդունեցի, բայց ներքուստ ցնծում էի, որովհետեւ տառեր գրելն իմ տարերքն էր, ու ես ողջ կյանքում հորս պես միայն նկարելուց էի վախենում, մանավանդ որ՝ նկարելը վաղուց ու վերջնականապես էի թարգել, իսկ ես եթե որեւէ բան թարգում եմ, միանգամայն վերջնականապես եմ թարգում ու այլեւս չեմ զբաղվում էդ, ուրեմն, թարգածս գործով, ու էդպես վերջնականապես ոչ միայն նկարելն էի թարգել, այլեւ՝ թենիսը, ու Թամազի հետ իմ սկզբունքային մենամարտն ընդամենը բացառություն էր, ու այսօր էլ, չնայած կյանքն ինձ մի գլուխ թասիբի է գցում, ոչ մի դեպքում պոեզիային չեմ վերադառնում ու չեմ էլ վերադառնալու, ու թեպետ արձակս էսպես անկանոն ու ցաքուցրիվ է ընթանում, միեւնույն է, դա չի կարող ինձ ստիպել իմ էս առաջացած ու առաջացող տարիքում վերադառնալ ու ձեզ հետ վերստին հանգերով խոսել, եւ եթե կյանքն ինձ երբեմն փորձում է համոզել, որ վերադառնամ ու վերստին սկսեմ ձեզ հետ հանգերով խոսել, ու ես էլ չեմ գայթակղվում ու վերադառնում, կնշանակի՝ ես իմ էս առաջացած տարիքում դեռեւս որոշակիորեն ազատ, անկախ ու ինքնիշխան եմ, ընդ որում՝ անկախ եմ ոչ միայն ձեզանից ու ձեր պատճառով ստեղծված հանգամանքներից, այլեւ՝ իմ ու ձեր էս մինուճար ու միածին կյանքից, եւ երբեմն կյանքն անգամ անկարող է ինձ ստիպել անել այն, ինչից այլեւս բավականություն չեմ ստանում:

Բայց սա հիմա է, իսկ յոթանասունչորսի դեկտեմբերի մեկի երեկոյան ես, փոխգնդապետ Կարավանից լոզունգի տեքստը ստանալով, ճչացի՝ «ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ»,- ու էնպես ճչացի, որ Կարավանը նստած տեղից վեր թռավ, որովհետեւ երեւի իր կյանքում երբեւէ քաղաքացիական հագուստով «ճիշտ այդպես» ճչացող չէր տեսել, ու երբ ճչացի, Կարավանը, կարծելով կատակ եմ անում, լիաթոք ծիծաղեց ու բարեկամաբար ուսիս թփթփացրեց, մինչդեռ ես ոչ թե կատակում էի, այլ մեկին մեկ կատարում էի իմ քեռի Ֆրեդի՝ կայարանում ինձ տված ամենավերջին խորհուրդը. «Հանկարծ աֆիցերներին չհակաճառես. ինչ որ հրամայեն, կասես՝ տակ տոչնը, տավարիշչ էսինչ»:

Էդպես, ուրեմն, իմ ծաղկուն քսանմեկ տարեկանում ես, փաստորեն, անհամեմատ անազատ էի, քան հիմա, երբ ուսերիս կին, երեխեք ու էլի հազար ու մի բեռներ կան բարձած, բայց, այսուհանդերձ, ինձ հաճախ հաջողվում է ազատագրվել ընդամենը հանգամանքներից, բեռներից ու նույնիսկ կյանքից, բայց ո՛չ երբեք՝ ինքս ինձանից ու իմ իսկ հավակնություններից, ու էս պահին ինձ հենց իմ հավակնություններն են դրդում էս ամեն ինչը հիշելով գրի առնել, ընդ որում՝ գրի առնել հնարավորինս արագ, շատ ու, հնարավորության դեպքում, նաեւ որակով, ու երեկվանից սկսած՝ իմ էս հիշողությունների դանդաղ ընթացքն այլեւս չի գոհացնում ինձ, քանի որ «Առավոտի» Արամ Աբրահամյանն Աննա Իսրայելյանից տեղեկանալով, որ ինչ-որ վեպ եմ սկսել, երեկ ինձ հրավիրեց իր տուն եւ առաջարկեց համագործակցել, եւ դա իմ ու Արամի լեզվով նշանակում էր, որ իմ էս վեպը շարունակաբար կտպագրվի «Առավոտի» շաբաթօրյա համարներում, եւ, ամեն ինչից բացի, դա նաեւ նշանակում էր, որ իմ էս շարունակվող ու չդադարող էջերի դիմաց նաեւ որոշակի հոնորար է լինելու, եւ ես, ինչպես տեսնում եք, համաձայնվեցի, չնայած էս գրածս նաեւ Շողերին ու էլի մի քանիսին էի կեսբերան խոստացել, եւ աջուձախ բոլոր խմբագիրներին խոստացել ու խոստանում էի, որովհետեւ Նիկոլը կտրականապես դեմ էր իր թերթում շարունակական վեպ տպելու գաղափարին ընդհանրապես եւ իմ էս «Հայկական ժամանակն» իր «Հայկական ժամանակում» տպելուն մասնավորապես, ու ես, թասիբի ընկնելով, աջուձախ խմբագիրներին առաջարկում էի դեռեւս անկատար ու դեռեւս նոր սկսվող էս գրելիքս, որը պայմանականորեն ու հարաբերականորեն եմ վեպ անվանում, քանի որ մեր էս խառն ու անհեթեթ ժամանակներում շատերն են իրենց անհեթեթությունների անունը վեպ դնում, ու ես հիմա հենց «Առավոտի» էջերն եմ էսպես անխնա լցնում, որովհետեւ Արամի ու իմ խոսակցությունը նախ հոնորարից սկսվեց եւ հետո նոր միայն շղարշվեց «համագործակցություն» բառով, եւ իմ ու «Առավոտի» էս համագործակցությունն ավելի քան բնական է, որովհետեւ թե՛ ես եւ թե՛ Արամը հավասարապես համոզված ենք, որ իննսունյոթի չքնաղ մայիսից սկսած՝ իմ որեւէ գրվածք «Առավոտի» տպաքանակի վրա առանձնապես բացասաբար չի անդրադարձել:

Ինչպես տեսնում եք, կյանքն ինձ չի կարողանում թասիբի գցել, բայց Նիկոլին դա հաջողվեց, եւ սա նշանակում է, որ ես այնքան էլ ազատ ու անկախ չեմ, որքան ինձ ու երբեմն նաեւ ոմանց է թվում, եւ, եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ ազատությունն ու անկախությունն էլ բացարձակ արժեքներ չեն հատկապես ինձ համար ու հատկապես էս պահին, եւ եթե դրանք (ազատությունն ու անկախությունը) ներկա ու հատկապես նախկին քաղբանտարկյալներին իբրեւ բացարձակ արժեքներ են ներկայացել ու ներկայանում, ապա ուրիշների համար բացարձակ արժեքներ են սերը, երեխաները կամ, ասենք, գրականությունը, էլ չեմ խոսում այն մասին, որ որոշ մարդկանց համար էլ փողն է բացարձակ արժեք, եւ եթե քիչ առաջ ասացի, որ ոմանց համար գրականությունը բացարձակ արժեք է, դա բնավ չի նշանակում, որ գրականությունն ինձ համար էլ է բացարձակ արժեք՝ մանավանդ հիմա ու մանավանդ էս պահին, երբ մանրից ու հետզհետե ինձ համար բացարձակ արժեք է սկսում դառնալ Ժամանակը, ու ես մանրից, հետզհետե ու միանգամայն հետին թվով սկսում եմ հասկանալ բոլոր նրանց, ում համար «ժամանակ չունեմ» բառակապակցությունը մշտապես օգտագործելի ու մշտապես հասկանալի է եղել, քանի որ ես մի էնպիսի գործ եմ բռնել, որ էս գլխից պարզ է՝ ժամանակը քչություն է անելու, մանավանդ որ՝ էս գրելիքիս վերջը ոչ մի կերպ չի նշմարվում, ու ժամանակի հանգամանքն իմ ձախողման միակ արդարացումն է լինելու, որովհետեւ, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, իմ ու բոլորիս փայ կյանքերը չափազանց ժամանակավոր են, եւ իմ դեպքում հատկապես ժամանակը հերիք չի անելու, որովհետեւ ես գլխիցս մեծ գործեր եմ բռնում՝ փորձելով գրել ոչ միայն բոլորի մասին, այլեւ՝ բոլորի համար, նույնիսկ էն մարդկանց համար, ովքեր, կարդալով իմ էս վերջին էջերը, վրաս շառ են անելու, ասելով, թե ազատությանն ու անկախությանը դեմ եմ:

Այդուհանդերձ, իմ էն մոլորությունը, թե ես հիմա ավելի ազատ եմ, քան յոթանասունչորսի դեկտեմբերի մեկի երեկոյան, երբ շիվարել էի Ռեպինի վերատպությունների ու փոխգնդապետ Կարավանի անսասան հայացքի առաջ, իսկապես մոլորություն է ու միանգամայն թյուր պատկերացում ազատության եւ ամեն ինչի մասին, ու եթե ես հիմա մանրից ու հետզհետե սկսում եմ մտնել «ժամանակ չունեմը» շուրջօրյա ծամոնի պես ծամծմող մարդկանց վիճակների մեջ, սա երեւի վերստին չափազանց հարաբերական ու չափազանց ժամանակավոր է հատկապես իմ դեպքում, որովհետեւ ես նա եմ, ով միանգամայն վերջերս դեռեւս ամեն կերպ փորձում էր ի չիք դարձնել պարապ ժամանակի ավելցուկի անմարդկային չափերի հասնող իր բեռը, ու ես դեռեւս նա եմ, ում ըստ երեւույթին չեն մոռացել պետական ու մասնավոր ձեռնարկությունների այն տնօրեններն ու աշխատակիցները, որոնց կաբինետներում ու աշխատասենյակներում ամեն օր ուղիղ հինգից հետո սկսում են եռալ «Սեկան» ու «Poker»-ը, ու ես դեռեւս այն հավակնոտն եմ, ում շարունակաբար թվում է, թե իրեն դեռեւս հիշում են «Եվրոֆուտբոլի» երեւանյան բաժանմունքներում եւ նույնիսկ «Տոտո» միջազգային բուքմեյքերում:

Սրանով, իհարկե, իմ հավակնությունները չեն ավարտվում ու նույնիսկ չեն էլ սկսվում, որովհետեւ ինձ երբեմն նույնիսկ թվում է, թե իմ բացակայության պատճառով բոլոր էդ խաղերն արդեն ավարտվել են եւ չկան, ու վերոնշյալ էդ կաբինետներում ու բաժանմունքներում կյանքը միանգամայն ու վերջնականապես կանգ է առել:

Ասածներս բնավ չեն նշանակում, որ իմ էս հավակնությունները նախկինում չկային եւ սկիզբ առան ընդամենը Արամի առաջարկած համագործակցության տեսլականից, ու «տեսլական» եմ ասում, քանի որ որեւէ նորմալ մարդու մտքով երբեւէ չի անցնի հանձն առնել «Առավոտի» էս ամենշաբաթյա երկու ամենակուլ էջերը լցոնելու գործը, եւ, ճիշտն ասած, Արամն էլ առանձնապես չէր հավատում մեր էս համագործակցության հեռանկարին, բայց Նիկոլի ու հոնորարի հանգամանքներն ինձ լրացուցիչ էին ի գործ մղում, ու ես անմարդկայնորեն հանձն առա, ու պատճառն էլ էնքան փողամոլությունս չէր, որքան հավակնությունս՝ բոլորին ու առաջին հերթին ինքս ինձ հասկացնել, որ գրականություն կոչվածն անվճար չի կարելի ստեղծել եւ ունենալ:

Մի խոսքով, ես իմ կյանքում այս էլ որերորդ անգամ փորձում եմ խաղամոլությանս դեմն առնել ոչ պակաս սարսափելի մեկ այլ մոլուցքով, որը ես եւ դուք պայմանականորեն գրականություն ենք անվանում, ու էս երկու հավասարապես վտանգավոր մոլուցքներն իրար նման են նաեւ նրանով, որ երկուսն էլ միեւնույն հաջողությամբ են լցնում պարապությունդ, որն առավել վտանգավոր է, քան՝ խաղամոլությունն ու գրականությունը միասին վերցրած, ու եթե երբեմն-երբեմն «ազատություն» բառից ու ընդհանրապես ազատությունից սարսափում եմ, դա նրանից է, որ ժամանակ առ ժամանակ սեփական օրինակովս միանգամայն ընկալել ու հասկացել եմ, որ ազատության գրավականներից բնավ ոչ երկրորդականը պարապությունն է, եւ եթե ես դեռեւս վերջնականապես ազատ չեմ, դա նրանից է, որ դեռեւս վերջնականապես բոմժ չեմ դառել:

Ինչ վերաբերում է հավակնությունն երիս, դրանք միշտ էլ եղել էին ու կային եւ կային հատկապես յոթանասունչորսի դեկտեմբերի մեկի երեկոյան, երբ փոխգնդապետ Կարավանին ասացի, որ նկարիչ եմ:

Ինչ վերաբերում է «Հայկական ժամանակին» ու անձամբ Նիկոլին, ապա միանգամայն հարաբերական է, թե որ թերթն է համաձայնվում տպագրել վարպետորեն քողարկված հավակնություններիս էս անվերջանալի տարեգրությունը, եւ «Առավոտի» ու «Հայկական ժամանակի» դեպքում էդ ամենն առավել հարաբերական է, որովհետեւ կյանքն արդեն միանգամայն համոզիչ կերպով ինձ ցույց է տվել, որ «Առավոտի» ժողովուրդն իմ գրվածքները կարդում է հատկապես էն դեպքում, երբ դրանք տպագրվում են «Հայկական ժամանակում», եւ հուսով եմ, որ հիմա էլ ճիշտ հակառակը կլինի, եւ դրա պատճառը ոչ թե գրվածքներս են, այլ այն, որ հայաստանյան լրագրողներն ու երեւի լրագրողներն ընդհանրապես չեն սիրում կարդալ հատկապես իրենց թերթը, չնայած աջուձախ հենց իրե՛նց թերթն են մի գլուխ գովում ու պրոպագանդում, եւ երբ Նիկոլն ասաց, որ օրաթերթում շարունակական վեպ չի կարդացվի, եւ երբ ես իրեն ասացի, որ ինքը վաղուց էս վեպիս զանազան հատվածները տպագրել ու տպագրում է պատմվածքների տեսքով, ինքն ասաց, որ էլի է պատրաստ այդ անել, բայց ես արդեն հոգնել էի վեպիս հատվածները պատմվածքների տեսքով ցաքուցրիվ ու անկապ շաղ տալուց ու նմանապես հոգնել էի Արկադի տառապանքներից, որովհետեւ Արկադի տառապանքներն իմ էդ պատմվածքները մուտքագրելու առումով էնքան խորն ու բնական էին, որ անմիջապես ու անմնացորդ փոխանցվում էին ինձ, ու ես, որ սովոր չեմ իմ գրվածքներով որեւէ մեկին ցավ ու տառապանք պատճառել, շատ էի նեղսրտում, որ կոնկրետ Արկադին ցավ ու տառապանք եմ պատճառում, եւ Արկադը, որ Նիկոլի մոտ համատեղության կարգով մուտքագրող ու վարորդ էր, հատկապես իմ էդ պատմվածքները մուտքագրելու ընթացքում զգաց ու գլխի ընկավ, որ վարորդության համեմատ՝ մուտքագրելն առանձնապես տղամարդու զբաղմունք չի, եւ, էդ պարզ բանն զգալով ու գլխի ընկնելով, սկսել էր արդեն նեղսրտել, ու իր նեղսրտության բուն պատճառը հաստատ ես էի, որովհետեւ Նիկոլի բոլոր լրագրողներն արդեն անձամբ իրենք էին մուտքագրում իրենց իսկ գրածները, եւ բացառությունները Բաբաջանյան Ավոն ու իմ էդ պատմվածք կոչվող հատվածներն էին, բայց եթե Ավոյի մեծ տառերով պստիկ նյութերն Արկադից առանձնապես ջանք չէին խլում, իմ էդ երկարավուն հատվածներն ուղղակի ջանք ու տառապանք էին պարտադրում, եւ ես միանգամայն մտնում էի Արկադի դրության մեջ ու նաեւ Նիկոլին էի միանգամայն ու որոշակիորեն հասկանում. այսինքն՝ հասկանում էի, որ Նիկոլը չի կարող իմ էդ գրությունների խաթեր հատուկ մուտքագրող պահել, բայց իմ վիճակն էլ առանձնապես նախանձելի չէր, որովհետեւ «Եվրոֆուտբոլի» երեւանյան բաժանմունքներում արդեն չափազանց էի խրվել, եւ չնախատեսված յուրաքանչյուր գոլից հետո շաքարս ավելի ու ավելի էր բարձրանում, ու սիրտս էլ ավելի ու ավելի էր տեղի տալիս, եւ «Եվրոֆուտբոլից» ու իմ էդ առողջական վիճակից պլստալու միակ տարբերակը որեւէ շարունակական զբաղմունքի մեջ խրվելն էր, որովհետեւ, էլի եմ ասում, յուրաքանչյուր գոլից հետո սիրտս կտրուկ հետ-հետ էր նահանջում, ու էդ առթիվ ես արդեն վերահաստատել ու վերաիմաստավորել էի ընկերությունս իմ համադասարանցի սրտաբան Կարոյի հետ, ու իմ վերջին այցելության ժամանակ Կարոն ինձ հարցրեց. «Արմո՛, շատ ե՞ս ներս քցում. հեչ չես ճվճվո՞ւմ կամ լաչառություն անում»: «Չէ,- ասացի ես,- ինչի՞ պիտի ճվճվամ»: «Ուրեմն՝ ներս քցող ես,- ասաց Կարոն.- որ ճվճվացող ըլնեիր, պատճառ միշտ էլ կգտնվեր»: «Վերջին անգամ չեմ էլ հիշում՝ երբ եմ ճվճվացել կամ գոռացել»,- ասացի ես: «Էն գլխից էլ էդ էիր»,- ասաց Կարոն: «Հա,- ասացի ես,- երեւի խասյաթի հարց ա»: «Քֆուր էլ չես տալի, չէ՞»,- հարցրեց Կարոն: «Տալիս եմ, բայց հիմնականում մտքիս մեջ»,- ասացի ես: «Մտքի մեջը հաշիվ չի. ոչ քֆուր ես տալի, ոչ լաչառություն ես անում, դրա համար էլ սիրտդ էս վիճակին ես հասցրել,- սիրտս լսելով՝ ասաց Կարոն, հետո հարցրեց.- լսի, Արմո՛, բամբասելո՞ւց ոնց ես»: «Բամբասելուց վատ չեմ»,- ասացի ես: «Շատ ե՞ս բամբասում»,- նորից հարցրեց Կարոն: «Ոչ շատ, ոչ էլ քիչ»,- պատասխանեցի ես: «Շատ բամբասի,- ասաց Կարոն,- արտասահմանցի մի հատ սրտաբանի հոդված եմ կարդացել. էդ հեղինակը գրում ա, որ բամբասանքը սրտին շատ օգուտ ա»: «Արտասահմանցիք էլ ե՞ն բամբասում»,- հարցրի ես: «Չհասկացա,- զարմացավ Կարոն,- կարող ա՞ իրանք մարդ չեն»: «Մարդ են»,- համաձայնվեցի ես: «Ընենց որ՝ ավելի շատ բամբասի, առավոտից իրիկուն բամբասի»,- ասաց Կարոն: «Ումի՞ց բամբասեմ»,- հարցրի ես: «Առանց բացառության՝ սաղից բամբասի, ումից ուզում ես բամբասի, մենակ թե՝ շատ ու ամեն օր բամբասի. էնքան բամբասի, մինչեւ սիրտդ թեթեւանա. ախր շատ ես ծանրացրել»:

Ինչեւէ. ես ու Նիկոլը վկաների ներկայությամբ խոստացանք իրարից չնեղանալ ու առ էսօր մեր խոստումը սրբորեն կատարում ենք: Ես Նիկոլին երկար-բարակ չբացատրեցի վեպիս նշանակությունը, որովհետեւ ինքն առանց այդ էլ գրածներս հավանում է, ընդ որում՝ ավելցուկով: Այսինքն, իմաստ չուներ էդ բաները բացատրել մի մարդու, որն ամեն ինչ հասկանում է ու գիտի:

Միայն մի բան չգիտի Նիկոլը. նա չգիտի, որ էս ամենը նեղսրտությունից չեմ հիշում ու պատմում եւ ոչ էլ էն պատճառով, որ սրտաբան Կարոն ինձ խորհուրդ է տվել առանց բացառության բոլորից բամբասել, այլ ընդամենն էն պարզ պատճառով, որ ես հանձն եմ առել ամեն շաբաթ բերնեբերան լցնել «Առավոտի» էս երկու ամենակուլ էջերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել