Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանների օպտիմալացում Գյումրիում

Ապրիլ 30,2005 00:00

Մոտ 38 փլուզվող վթարայիններում վերնահարկի բնակիչները հետզհետե ներքեւի հարեւանների տներում են հայտնվում:

Իսկ քաղաքի գրեթե բոլոր անկյուններում կոմունիստների թունդ ժամանակների պես ծածանվում են կարմիր դրոշները, որոնք, սակայն, ոչ թե Կոմկուսին գյումրեցիների հավատարմության մասին են վկայում (ինչպես արդեն ասել ենք՝ այս մարզում միայն դաշնակցական լինելն է «փրկում»), այլ շենքերի վթարավտանգ լինելու խորհրդանիշ են: Իսկ տվյալ շենքերին «ավանդական» կարմիր ժապավենը կապվում է փլուզումներից անմիջապես հետո: Կարմիր ժապավենների թվից պետք է ենթադրել, որ Գյումրիում չփլուզվող շենք գրեթե չի մնացել: Միակ «անլենտը» թերեւս Սայաթ-Նովայի 5 ա-ն է, որտեղ կամ չեն հասցրել «արտակարգ միջոցառումն իրականացնել», կամ էլ տեսնելով, որ անօգուտ է՝ բնակիչները մի կողմ են շպրտել: Սակայն մի քանի օր առաջ 5-րդ հարկից հսկա քարերը ներքեւ էին գլորվել: Բնակիչները նաեւ «հոգնել են հայրենի նախարարների ստերը լսելուց» կամ էլ մարզային ու քաղաքային իշխանությունների՝ մարզպետարանից քաղաքապետարան ու հակառակ երթով կազմակերպված «վազքի մրցույթին» մասնակցելուց: Ավելին, Սայաթ-Նովայի 5ա շենքի բնակիչների ասելով, տեղի որոշ պաշտոնյաներ իրենց «անճար լինելը կոծկելու» նպատակով «ցինիկորեն» խորհուրդ են տալիս. «Գնացեք տեղներդ նստեք, երբ մարդ մեռավ, մի բան կանենք»: Ի դեպ, բնակիչները չեն բացառում, որ առաջին զոհը հենց խորհուրդ տվողը կարող է լինել, քանի որ «էն օրն էր՝ ամբողջ քաղաքի աչքի առաջ հազար տոննանոց քարերը մարդ պիտի սպանեին»: Եթե նկատի ունենանք, որ Սայաթ-Նովայի փողոցը քաղաքի ամենակենտրոնական հատվածում է՝ որոշ մասնավոր բուհերի հարեւանությամբ, գլխավոր մայրուղիներից մեկին էլ կիպ-կպած, ուրեմն բնակիչների կանխատեսումների մեջ որոշակի ճշմարտություն կա: Հիշյալ շենքում անենասարսափելին 5-րդ հարկի երեք անչափահաս երեխա ունեցող Դավիթ Ադամյանի ընտանիքի վիճակն է, որոնք ապրում են բառի իսկական իմաստով «Աստծո տված լույսից զրկված», ամբողջ օրվա ընթացքում չկողմնորոշվելով՝ գիշեր է, թե ցերեկ: Նրանք ստիպված դռների փոխարեն հաստ վերմակներ են կախել: Քիչ թե շատ պիտանի մնացել է միայն նեղ ու մութ միջանցքը, որը մարդկանց թե հյուրասենյակն է, թե ննջարանը: Ծնողների ներկայացմամբ, երեխաների խաղի միակ թեման «փլուզում-փլուզումն է»: Այս ընտանիքին անգամ անօթեւանի կարգավիճակ չեն շնորհել: Ընտանիքի անդամները կատակում են, որ այստեղ չի բացառվում նաեւ բնակարանների օպտիմալացումը. իրենց 4-րդ հարկի հարեւաններից բաժանում է մի խարխուլ հատակ, որը, ըստ նրանց, «փչես՝ կփլուզվի»: Շենքի բնակիչները բողոք-նամակների մի հսկա փաթեթ են նախատեսել ներկայացնել կառավարության «մեծ ու փոքր ջոջերին»: Գյումրիի բոլոր վթարայիններում ամառ-ձմեռ «սկվազնյակ» է՝ չկա մի շենք, որտեղ պատերը իրարից հեռացած չլինեն, անձրեւներին՝ ցեխախառն լոգանք, հանգիստ օրերին էլ՝ փլուզում: Իսկ Շիրակի մարզում «Լինսի» հիմնադրամի բնակարանաշինական ծրագրից հետո ոչ մի այլ ծրագիր չի իրագործվում: Կառավարության միակ հույսը դարձյալ բնակարանների գնման վկայագրերի բաժանումն է, շուտով կմեկնարկի երկրորդ փուլը, սակայն, մեր տեղեկություններով, այն ընդամենը 300- 400 ընտանիքի հարց կլուծի: Մինչդեռ քաղաքապետարանի հաշվարկներով, նրանց իրական թիվը 4300-ն է: Արձանագրվել են մասնավոր դեպքեր, երբ գյումրեցիները բնակարանների գնման վկայագրով հենց վթարային շենքերից են բնակարաններ գնել ու «ձեռքը կրակն ընկել»: Փաստացի նրանք դարձյալ մնում են անօթեւան՝ միայն դուրս գրվելով անօթեւանների ցանկից ու իրականում կառավարության գործը հեշտացնելով: Իսկ վերջիններիս ցանկը դեռեւս փակցված չէ քաղաքապետարանում. ինչպես ենթադրում են քաղաքի որոշ պաշտոնյաներ, կառավարությունում դեռ «զտումներ» են անում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել