Թե՞ քննում են Սեւանի դեպքերը
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը եւ օրվա ընթացքում առանց ծանուցագրի հարցաքննության է տարվել 13 մարդ, իսկ տուգանային հրապարակ՝ կուսակցության անդամներին եւ կուսակցությանը պատկանող 9 մեքենա, խուզարկվել են բնակարաններ: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության քաղաքական քարտուղար Էդուարդ Գրիգորյանը: Ամսի 28-ին, ժամը 17-00-ի սահմաններում, կուսակցության գրասենյակի բակում, առանց պատճառաբանությունների, Երեւան քաղաքի ոստիկանության կենտրոնի բաժանմունքի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից կալանավորվել են Արամ Կարապետյանի վարորդը եւ կուսակցության աշխատակազմին սպասարկող մեքենայի վարորդը: Քրեականի պետը պատճառաբանել է, որ պարզապես ցանկանում են զրուցել վարորդների՝ Արշակ Մեհրաբյանի եւ Արայիկ Կիրակոսյանի հետ: Քանի որ վարորդները կուսակցության անդամներ չեն եւ կուսակցության հետ շփվում են աշխատանքի բերումով, Էդուարդ Գրիգորյանն առաջարկել է, որ ինքը ուղեկցի վարորդներին, նրանց է միացել նաեւ կուսակցության նախագահի օգնական, ՍԻՄ կուսակցության անդամ Վարդան Աստվածատրյանը: Սակայն նրանց տարել են ոչ թե Կենտրոնի բաժանմունք, այլ ՀՀ ոստիկանություն՝ քրեական հետախուզության բաժանմունք: Երեք ժամ այնտեղ անցկացնելուց եւ որեւէ բացատրություն չտալուց հետո նրանց ոստիկանության տարբեր մեքենաներով տեղափոխել են Սեւանի բաժանմունք: Տեղեկացնենք, որ կուսակցության նախագահը եւ քաղաքական քարտուղարը ծանուցագիր էին ստացել այդ գործով քննության ենթարկվելու համար ապրիլի 29-ին, ժամը 12:30-ին: Այլ մարդ այս գործով քննվելու համար չի ծանուցվել: Ի պատասխան քաղաքական քարտուղարի այս դիտարկման, ոստիկանության աշխատակիցները հեգնել են՝ «նեղություն ես քաշել էս ժամին եկել ես, ոչինչ, հիմա կքննենք»: «Քննությունը» տեւել է մինչեւ գիշերվա ժամը 3-ն անց 40: Սեւանի ոստիկանատուն տարվածների մեջ է եղել նաեւ կուսակցության փոխնախագահ Ալեքսան Մինասյանի որդին՝ 18-ամյա Գրիգոր Մինասյանը: Այդ ընթացքում, մոտ երկու ժամ, խուզարկության են ենթարկվել հարցաքննվողների բնակարանները: Վարորդ Արայիկ Կիրակոսյանին ձերբակալել են երկրորդ անգամ՝ երեկ, առավոտյան 8:30-ի սահմաններում: Նրան ազատ են արձակել ժամը 13-ի սահմաններում:
Երեկ այս դեպքերը դատապարտել են «Հայրենիք» ժողովրդական ճակատի քաղխորհուրդը եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը:
Դեպքերի առիթով ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից չհաջողվեց պարզաբանումներ ստանալ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ